18 Հուլիս 2014, 13:39
2578 |

Ծիրանապատում. մաս չորրորդ

Փարաջանովի՝ վրացական ընկալումների, դափ-դատարկ մնացած դահլիճի, ու Golden Upricot փարթիի ծիրանի հյութով շոթերի մասին։

Հուլիսի 17-ի օրվա դեմքը վրացի կինոռեժիսոր Օթար Իոսելիանին էր՝ փառատոնի ևս մեկ պատվավոր հյուր: Առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ նա համբերատար սպասեց, մինչև լուսանկարիչները մի կուշտ նկարեն իրեն։ Այնուհետև 80-ամյա Իոսելիանին սիրով պատասխանեց նաև բոլոր լրագրողների հարցերին և հարկ եղած դեպքում անկեղծորեն հայտնեց իր, մեղմ ասած, ոչ դրական կարծիքը:

Քանի դեռ «Նաիրի» կինոթատրոնում Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն Ռիչարդ Պենյան բացահայտում էր աֆրոամերիկյան անկախ կինոյի սկզբնավորման պատմությունը, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում բացվեց Իոսելիանիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ծրագիրը: Բայց նախքան ռեժիսորի վերջին՝ Կաննի արտամրցութային ծրագրում ներառված «Խաժամուժ» ֆիլմի ցուցադրությունը, պատվավոր հյուրին «Փարաջանովյան թալեր» շնորհվեց: Մրցանակը ստանալուց առաջ Իոսելիանին իմիջիայլոց նշեց, որ Փարաջանովը սկզբում «խալտուրա» էր անում: «Բայց հենց աչքերը բացվեցին ու սկսեց հանճարեղ գործեր ստեղծել, հենց այդ ժամանակ էլ մենք ընկերացանք»,- վերհիշեց վրացի կինոռեժիսորը՝ միայն վրացիներին բնորոշ մեծամտությամբ:

«Դրախտային երկիր» արգենտինական ֆիլմի դիտումից առաջ հանդիպեցինք փառատոնը լուսաբանող միջազգային մամուլի լրագրող Ալեքս Դելեոնին: Հանդիպեցինք ու էլ պրծում չունեցանք. Լոս Անջելեսից եկած Ալեքսն անխնա պատմում էր բոլոր արկածները Երևանում, ցույց տալիս, թե ում հետ է հասցրել լուսանկարվել:

Չափից ավելի հաղորդակցվող Ալեքսից «մազապուրծ» լինելով շտապեցինք «Դրախտային երկիրը» նայելու, որի մասին կարծիքները հակասական էին, իսկ ավելի ճիշտ՝ բացասական: Առավոտյան արդեն ցուցադրված ֆիլմի կեսից դահլիճը սկսել էր դատարկվել: Կարծում էի՝ երեկոյան սեանսին ավելի քիչ կլինեն պատահական մարդիկ, որոնք մեյնսթրիմի որոնումներում հեղինակային կինո էին գտել ու հիասթափվել: Բայց բանից պարզվեց, որ անգամ կինոսերների համար այդ ֆիլմը «մարսելը» հեշտ բան չէր: Ֆիլմի 2/3-ի մոնոտոնությունը հանդուրժելուց հետո դահլիճը արագ տեմպերով սկսեց դատարկվել, իսկ ովքեր մնացին մինչև վերջ, պարտիզանի հպարտությամբ էին դուրս գալիս դահլիճից:

Օրվա լիցքաթափումն այս անգամ վերապահված էր UPtown քլաբ-հաուսին, որտեղ Golden Upricot միջոցառումն էր, ու ծիրանի հյութով թեթև շոթեր էին պատրաստում 100 դրամ խորհրդանշական գումարով։ Չնայած երեկույթը փառատոնի բոլոր մասնակիցների համար էր, այն առավել շատ գնահատել ու եկել էին լրագրողներն ու կամավորները:

 

Հուլիսի 18-ը, որը նախորդելու է փառատոնի փակմանը, ֆիլմառատ է: 14:30 Կապույտ դահլիճում Ռիչարդ Լինքլեյթերի «Պատանեկություն» ֆիլմի վերջին ցուցադրություն է: Ֆիլմը մրցանակ է ստացել Բեռլինի կինոփառատոնում, այն նկարահանվել է ուղիղ 12 տարի, որպեսզի ֆիլմի հերոսն իսկապես մեծանա տարիքով: Բայց եթե ֆիլմերի հավես արդեն չի մնացել և գրող դառնալու հավակնություններ ունեք, ուրեմն 15:00-ին շտապեք «Նաիրի» կինոթատրոն հույն վիպասան, սցենարիստ, թարգմանիչ Պետրոս Մարկարիսի վարպետության դասին: Նա հաստատ կսովորեցնի՝ ինչպես գրել:

Սերժ Գենսբուրի երաժշտության երկրպագուներ՝ կհանդիպենք 17:30 Կարմիր դահլիճում՝ Ժոան Սֆարի «Գենսբուր. հերոսական կյանք» կինոնկարի ցուցադրության ժամանակ։ Ֆիլմը կբացի ֆրանսիական կինոծրագիրը, որը կշարունակվի 22:00-ին Կապույտ դահլիճում՝ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդենների «Երկու օր, մի գիշեր» ֆիլմով: Մի երևանյան պրեմիերա էլ ունենք 20:00-ին Կարմիր դահլիճում՝ Քշիշտոֆ Զանուսիի «Հաստատուն գործոն» ֆիլմը: Կեսգիշերային հանդիպում-ամփոփումը՝ ինչպես միշտ «Ակումբում»:

Այս թեմայով