Կիմ Կի-դուկի ֆիլմի ընթացքում հնչած ախուվախերի, Փարաջանովի էպատաժների, Պողոսյան պարտեզների քամու և փոշու մասին:
Փառատոնային երկրորդ օրը բացող ֆիլմերից մեկը Աննա Մելիքյանի «Աստղն» էր: Ռեժիսորի՝ կուրսայիններից հետո առաջին լիամետրաժ ֆիլմի՝ «Մարսի» պրեմիերան 2004-ին էր՝ Բեռլինի կինոփառատոնում, իսկ երկրորդը՝ «Ջրահարսը» 2008-ին Օսկարի էր հավակնում Ռուսաստանից: «Աստղն» արդեն հասցրել է երկու մրցանակ տանել «Կինոտավր» ռուսաստանյան բաց կինոփառատոնում, այժմ էլ ընդգրկված է «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» մրցույթում:
Փառատոնի առաջին իսկ օրից ուշադրության կենտրոնում հայտնված փառատոնի պատվավոր հյուր Կիմ Կի-դուկը երկրորդ օրն արդեն խոստացավ, որ իր հաջորդ ֆիլմը կներկայացնի Հայաստանում: Փաստորեն՝ եկավ, տեսավ, սիրեց: Երեկոյան արդեն՝ իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների բացմանը, ռեժիսորին շնորհեցին Մինաս Ավետիսյանի գրաֆիկաներից մեկը: Կի-դուկը երախտիքի խոսքից բացի հույս հայտնեց, որ հանդիսատեսը մինչև վերջ կնայի 2012-ին Վենետիկի կինոփառատոնում «Ոսկե առյուծ» շահած «Պիետան»: Մեծ հաշվով՝ հարավկորեացի ռեժիսորի հույսերը արդարացան, թեև դաժան տեսարաններին ուղեկցող ախուվախերը քիչ չէին:
«Նաիրի» կինոթատրոնում օպերատորական արվեստի վերաբերյալ վարպետության դաս անցկացրեց ավստրիացի կինեմատոգրաֆ, վաստակաշատ օպերատոր Քրիստիան Բերգերը: Ավստրիացի կինոօպերատորը 1992-ից ի վեր պարբերաբար համագործակցում է իր հայրենակից, կինոռեժիսոր Միխաել Հանեկեի հետ: Քիչ անց ԹՈՒՄՈ-ում դասախոսությամբ հանդես եկավ Նյու Յորքի կինոփառատոնի նախկին ծրագրային տնօրեն Ռիչարդ Պենյան: Կինոգործիչը պատմեց, որ Նյու Յորքում գտնվելու ժամանակ Փարաջանովը հյուրանոցի իր համարում մի քանի ժամ մենակ էր մնացել, ձանձրացել, որից հետո լեյկոպլաստ ու զանազան թերթեր, ամսագրեր էր գնել, հավաքել Նյու Յորքի կինոփառատոնի տպագրած թռուցիկներն ու կատալոգները, կտրատել դրանք ու փակցրել բոլոր պատերին՝ «սեփականացնելով» համարը:
Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս ոսկեծիրանյան ուրախություններից մեկը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում կազմակերպվող ցուցադրություններն են: Դրանք մեկնարկեցին հուլիսի 14-ից և տեղի կունենան մինչև հուլիսի 18-ը ներառյալ: Բացօթյա ցուցադրության հաճույքը մերթընդմերթ խափանվում է քամու հետ աչքերը լցվող փոշով, թեև տարին մեկ անգամ կարելի է դրան դիմանալ:
Հուլիսի 15-ին ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում փառատոնի մեկ այլ պատվավոր հյուրի՝ Ամոս Գիտայի հետահայաց ցուցադրությունների ծրագիրը կբացվի «Անա Արաբիա» ֆիլմով: Ի դեպ՝ եթե երեկ չեք կարողացել «խցկվել» Կիմ Կի-դուկի «Պիետայի» երևանյան պրեմիերային, ապա նույն ժամին շտապեք «Սինեմասթար» կինոթատրոն, որն այս տարի ևս միացել է կինոփառատոնի ցուցադրություններին: Իսկ եթե նախքան փառատոնը մեծ էկրաններին չեք դիտել Ջիվան Ավետիսյանի՝ Արցախյան պատերազմի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմը՝ դարձյալ «Հայկական համայնապատկերի» մրցույթից, ապա Պողոսյան պարտեզները ձեզ են սպասում 22:00-ին: Օրվա ավարտն արդեն գիտեք՝ հանդիպում-ամփոփում «Ակումբում»: