Մարգարյանի անվան ծննդատանն եմ ծնվել: Բոլորիս պապաների նման հայրս էլ այդ օրը ուրախությունից գինովցած էր: Նրա հինգերորդ երեխան եմ, մեծ ուրախություն էր իր համար, դերասաններով հավաքվել էին: Լավ երևանցի, մեր վարպետ Սոս Սարգսյանը ուրախացել էր, որ ինձ իր պատվին էին անվանել:
Վաղ առավոտյան եմ ծնվել, ու երբ մայրս ինձ տեսել է, ասել է՝ «բարի լույս»: Մինչև հիմա այդ խոսքերը ինձ համար մոգական են:
Շատ եմ սիրում մանկությունս, որ անցել է այնտեղ, որտեղ հիմա Հյուսիսային պողոտան է: Իսկ այն ժամանակ դա կինո «Պիոների» հայաթն էր՝ Տերյան 19 հասցեում: Մանկությունս կյանքիս լավագույն երազներից է, որովհետև մեծացել եմ դեմոկրատական ընտանիքում՝ իսկական տղամարդու և իմաստուն կնոջ հովանու ներքո, ովքեր տվել են ինձ ազատություն, ինքնուրույնություն, դրդել են ինձ դեպի բնություն, հայաթ, ֆուտբոլ, քար, ծառեր, վերքեր, արյուն, տնից փախնել... Ու այդ ամենը ես ապրել եմ:
Օպերայի շրջակայքում է անցել կյանքիս լավագույն շրջաններից մեկը՝ հենց այդ տարածքում էինք ֆուտբոլ խաղում, արձաններն էլ մեր գոլերն էին, հեծանիվ ու ռոլիկ էինք քշում, նվագում էինք, ռոք էինք լսում:
Բակում խնդիր ունեի՝ իմ տարիքի միայն երկու տղա կար ու բակային կռիվների ժամանակ մյուս բակի տղաները միշտ մեզնից շատ էին, դրա համար էլ հիմնականում ծեծ էինք ուտում: Կռիվները բակային կյանքիս անբաժանելի մասն են: Հետո էլ հենց նրանց հետ ընկերացանք: Մեր ձեղնահարկում տուն էի սարքել՝ դա մեր շտաբն էր: Վերևի հարևանը կողպում էր այդ դուռը, բայց մենք գտել էինք մետաղալարով դուռ բացելու տարբերակը: Ընկերներով հավաքվում էինք միասին՝ խուլիգանություններ էինք անում՝ առաջին անգամ միասին ենք փորձել ծխել ու խմել:
Մանկապարտեզում միշտ պաշտպանում էի ինձնից թույլերին, որովհետև մեծ եղբայր ունեի, մեջքիս կանգնած էր, ու ես ոչ մեկից չէի վախենում: Մի անգամ մեկին ծեծեցի, մայրս իմացավ, որ մեկ այլ տղայի եմ պաշտպանել ու ասաց՝ «լավ ես արել»: Այդ օրվանից հասկացա, որ բարությունը նույնպես պիտի բռունցք ունենա:
Սարյանի վրա գտնվող Չկալովի դպրոցում եմ սովորել, հետո էլ՝ Ամիրյանի վրա գտնվող թատերական ինստիտուտում: Այդ ժամանակ արդեն վաճառել էինք մեր բնակարանն ու Երրորդ մասում էինք ապրում: Ինստիտուտ էի գալիս մետրոյով: Ամեն օրվա համար սահմանված գումար ունեի՝ խնայում էի, երթուղային չէի նստում, որ սիգարետ առնեմ: Երրորդ մասի փողոցային կյանքը լավ դպրոց եղավ ինձ համար, ցանկացած տղամարդ պետք է անցնի կյանքի ու փողոցի «դպրոցը», որ ամենաիմաստուն ուսուցիչն է: Անկախ տարիքից ու նվաճումներից, էն փողոցի տղա Սոսը միշտ արթուն կմնա իմ մեջ:
Աշխատել սկսել եմ որպես բարմեն The Club-ում՝ 16 տարեկան էի: Հետո սկսեցի ֆիլմերում նկարահանվել ու գումար աշխատել: Մի խոսքով՝ ամբողջությամբ ներխուժեցի դերասանական կարյերայի մեջ:
Երևանը ոգեշնչում էր ինձ, որովհետև դեռ մի քանի տարի առաջ չէի նկատում բազմաթիվ բացասական բաներ: Փոքր ժամանակ Երևանն ինձ համար ավելի գունավոր, ուրախ ու բարի էր: Բայց ուր էլ լինեմ ու ինչ էլ լինի, երբ լսեմ «Երևան» բառը, կհիշեմ տունս, ու երբ խոսեմ Երևանի մասին, կխոսեմ տանս մասին՝ իր լավ ու վատ կողմերով:
20 տարեկանից հետո սկսեցի նկատել մեր քաղաքի թերությունները, երբ Եվրոպայով մեծ շրջագայություն ունեցա: Պարզապես հասկացա, թե ինչքան ավելի լավը կարող էին լինել մեր Երևանն ու երևանցիները: Եթե օտարացնեմ այս զգացողությունը, այն կդառնա հիասթափություն, բայց այն ինձ հարազատ է, դրա համար էլ ցավ եմ զգում:
Երևանում շատ քիչ են գույները, մարդիկ էլ անգույն են: Ագրեսիվ է դարձել ամեն ինչը՝ մեքենան, կոշիկը, պահվածքը, հայացքը, կորել է երևանյան տաք, բարի ու արևային շունչը: Կենտրոնի մտավորականությունը վաղուց ցրվել է, ինտելիգենցիան շատ քիչ է մնացել, նրանց փոխարինել են գեղացիները: Խնդրում եմ չխառնել գյուղացու հետ, որովհետև Լոռվա դսեղ գյուղում ծնված Հովհաննես Թումանյանը՝ պաշտելի է: Գեղացին՝ ցուցամոլ է, տպավորություն թողնելու և ինքնահաստատվելու խնդիր ունի, անգրագետ է ու չի քարոզում բարություն, դժգոհ է սեփական կյանքից: Նրանք բերեցին իրենց կա-
նոններն ու մթնոլորտ ստեղծեցին քաղաքում՝ սա միակ պատճառն է, որ կարող է ստիպել ինձ ձեռքերս վայր դնել, հեռանալ իմ սիրելի Երևանից ու ասել, որ հանձնվեցի:
Այդքան խոսում ենք ցեղասպանության, անարդարության, թշնամու դաժանության մասին, բայց հաճախ հանդիպում եմ, երբ հայը հայի հետ է նման կերպ վարվում, էլ չեմ խոսում սեփական քաղաքն ավերելու մասին:
Երևանցին հայի տեսակ է, ոչ թե ծննդավայր: Երևանցին խոր, զարգացած, ինտելիգենտ, իր քաղաքը սիրող քաղաքացի է: Շատ լավ եմ հիշում մանկությունս, հորս ու մորս աչքերով էի տեսնում Երևանը՝ պետությունը մեծ տեղ էր տալիս մշակույթին ու ինտելիգենցիային, այսօր դա չկա: Արվեստը բուժում է մարդու հոգին, աշխարհայացքը, ուղեղը, իսկ այսօր չես հասկանում ինչին են տեղ տալիս:
Երևանը ծով է, որ դարձել է ճահիճ, բայց ես գտել եմ իմ կղզիները, որտեղ արև է ու կանաչ, որտեղ ընտանիքս ու ընկերներս են, որտեղ կարելի է լիաթոք շնչել ու բարի լինել: Երևանը իմ տունն է, որը վարձով են վերցրել անհայտ ժամանակով ու գումար էլ չեն վճարում վարձակալության դիմաց, փոխարենն էլ՝ իրենք են քեզնից վերցնում:
Ֆենոմենալ է՝ ուր էլ գնում եմ, ուզում եմ Երևան վերադառնալ, ոչ թե նրա համար, որ այստեղ հարմար է, ապահով է, հեշտ է, առավելություններ ունեմ, սա իմ տունն է, իսկ մարդը միշտ ուզում է տուն վերադառնալ: Բայց չեմ ուզում ապրել «տանը» ու վատ զգալ ինձ այստեղ: Երևանը իմ տունն է, աշխարհը՝ իմ քաղաքը: Չեմ ուզում չափազանց հայրենասերի տպավորություն թողնել, բայց հայրենասիրությունը միայն խոսքեր չեն: Դա մի գաղափար է, որը դու պարզապես զգում ես:
Հայրիկիս հետ երևանյան ճամփորդություններ ունեինք: Հեծանիվով գնում էինք Նաբերեժնի, մտնում էինք Բձեքի գյոլ, Քսան կոպեկանոցում լողանում էինք ու այդ ողջ ընթացքում հայրս ինձ սովորեցնում էր՝ տղամարդը պիտի պարտադիր լողալ իմանա, շախմատ խաղալ սովորի, ծառ տնկի ու կանանց հարցում ուշադիր լինի: Հորս հետ ընկերներ էինք, որ հաճախ հանդիպում էինք Երևանում:
Պապս ամենամեծ հնարավորություններն ունենալով չի գնացել Երևանից, ծնողներս ամենադժվար տարիներին մնացել են քաղաքում, ես ապրել եմ մութ ու ցուրտ տարիներին ու հիմա, ինչպես ամեն քաղաքացի, պատասխանատու եմ այս քաղաքի համար:
Երևանը, ցավոք սրտի, այլևս այն գեղեցկությունը չունի: Հյուսիսային պողոտայի ջնջած «Էրևանյան» ճարտարապետության մեջ շունչ չեմ տեսնում, մի տեսակ մեռյալ է շենքերի տեսքը: Կասկադը, հավանաբար, միակ վայրն է, որտեղ երիտասարդները կարող են գնալ, երաժշտություն լսել, նվագել, ուրախանալ, գինի խմել, բայց այնտեղ էլ են արգելքներ դնում: Մի անգամ որոշեցի օրս Կասկադից սկսել, ընկերներիս հետ արևածագ դիմավորել, նստեցի քարերի վրա ու ոտքս էլ ծալեցի: Ինձ մոտեցավ անվտանգության աշխատակիցներից մեկն ու խնդրեց՝ ոտքս իջեցնեմ: Ինչու՞, ես քարի վրա եմ նստել: Եվրոպական ցանկացած քաղաքում երիտասարդները նստում են թանգարանների, եկեղեցիների աստիճաններին, գինի են խմում, երաժշտություն են լսում, համբուրվում են, հեծանիվ են քշում, երեխաները խաղում են: Կասկադը կարծես լինի թանգարան ոչ թե այգի կամ ժամանցի վայր, բայց այլընտրանք չունեմ, միևնույն է, գնում եմ: Երևի
պատճառը մեր՝ հայերիս մեջ է, սիրում ենք սիրուն բաները ջարդել, փչացնել, քանդել:
Սարյանի այգին մեր քաղաքի ամենաարտիստիկ վայրն է ինձ համար: Շատ եմ սիրում այս վայրը, որ պահպանել է իր հոտն ու ոգին: Իսկ ամենա ոչ արտիստիկ վայրը Հանրապետության հրապարակն է:
Երևանում պետք է հասարակաց տուն կառուցել, որ մեր հայ տղամարդիկ, վերջապես, գնան այնտեղ ու մի քիչ գոնե հանգստանան, փոխարենը կռիվ չանեն, չջարդեն շուրջը ամեն ինչ, այլ վերջում հանգիստ գնան տուն:
Կուզենայի ամեն քայլափոխի համբուրվող զույգեր տեսնել, ուրախ ու պոզիտիվ մարդկանց հանդիպել, կուզենայի պրծնեինք մուղամներից ու լավ երաժշտություն լսող, երգող ու նվագող մարդիկ տեսնեի, կուզենայի վառ գունավորել մեր քաղաքը: