Պետք է հանդիպեի Ֆրանսիս Քյուրքջյանին: Սուրճ էի խմում, մինչև կգար: Սպասում էի, որ հիմա հանդիպելու եմ 45 տարեկան հանրահայտ պարֆյումերի, որի ամբիցիաները չեն տեղավորվի թանկ կոստյումի տակ: Սուրճը կոկորդիս կանգնեց, երբ ներս մտավ 28 տարեկան բարեկազմ ու հմայիչ մի երիտասարդ՝ սպորտային կարմիր կեդերով: Մտածեցի՝ երևի որդին է, հիմա կգա նաև ինքը: Բայց կեդերով տղան նստեց բազմոցին, ժպտաց մանկական անկեղծ ժպիտով և արևմտահայերեն առոգանությամբ ասաց՝ Փարև: Հայի աչքերով, բայց ակնհայտ ֆրանսիական մտածելակերպով և ներաշխարհով տղամարդը բացառիկ աուրա ուներ: Նա կարծես պատասխանատվություն էր զգում ցանկացած մարդու համար, որի հետ այդ պահին շփվում էր: Որ հանկարծ ոչ ոք, ով այդ պահին իր կողքին է, չնեղսրտի:
Քամին քշում տանում է նրանց, ովքեր չունեն արմատներ: Իմ արմատները հայկական են. մեծ տատս ու պապս Եղեռնից փախել ու հաստատվել են Ֆրանսիայում: Իմ հայկական արմատները ոչ պակաս կարևոր են ինձ, իմ ընտանիքի համար: Բայց ես ինձ ֆրանսիացի եմ համարում: Ես ֆրանսիացի եմ, որը ծնվել, մեծացել, սովորել և ապրել է Ֆրանսիայում, ֆրանսերն իմ մայրենի լեզուն է:
Իմ հարաբերությունները Հայաստանի, այստեղ ապրող հայերի հետ մի քիչ տարօրինակ են: Որովհետև, օրինակ, երբ ես այստեղ ասում եմ, որ իմ առաջին անունը, որն ինձ տվել են, երբ ծնվել եմ, Նուրան է, բոլորը զարմանում են: Նրանց այդ անունը բացարձակապես անծանոթ է: Կամ երբ ես խոսում եմ այն ճաշատեսակների մասին, որոնք պատրաստել են տատերս, դա ևս զարմանք է առաջացնում: Դրանք բացարձակապես հայտնի չեն այստեղ, տարածում չունեն: Միակ բանը, որ թերևս միևնույնն է և՛ այստեղ, և՛ դրսում ապրող հայերի մոտ, կրոնն է, եկեղեցին:
Ես ստացա հայկական անձնագիր: Երբ գնացի այն ստանալու ու ասացի իմ անունը, մենք մոտավորապես մի ժամ ծախսեցինք, որպեսզի հասկանանք, թե ինչպես է իմ անունը հնչում հայերեն և ինչպես այն ճիշտ կլինի գրել: Մի կողմից ես հայ եմ, մյուս կողմից՝ այն ամենն ինչ հայկական է ինձ համար, բավականին տարօրինակ ու անծանոթ է այստեղի բնակիչների համար: Ու երբ ես նրանց պատմում եմ, նրանք ասում են՝ «Չէ՛, դա սխալ ձև է, հայ լինելու ձևը դա չէ, պետք է ուրիշ ձևով հայ լինել»:
Ֆրանսուհիների վերաբերյալ թյուր կարծիք կա ձևավորված ողջ աշխարհում: Ես շատ եմ ճամփորդում և որտեղ էլ որ լինում եմ, մարդիկ ինձ բազում հարցեր են տալիս ֆրանսուհիների վերաբերյալ: Կա մի բան, ինչը դարձնում է ֆրանսուհիներին այդքան յուրահատուկ և տարբերվող աշխարհի մյուս երկրների կանանցից: Ֆրանսուհին ունի ներքին ազատություն, որը որ նրան դարձնում է յուրահատուկ և տարբերվող մնացած կանանցից: Հենց այդ ներքին ազատությունն է ֆրանսուհիների շարմ կոչված ֆենոմենի հետևում:
Շատերին թվում է, որ Ֆրանսիայի փողոցներով քայլում են նույնչափ գեղեցիկ ու նրբագեղ հագնված կանայք, ինչպես որ ներկայացված են ամսագրերի շապիկներին և էջերին: Մինչդեռ ֆրանսուհին երբեք չի վերցնի ու չի կրկնօրինակի այն ամենն ինչ նա տեսնում է թեկուզ ամենանորաձև ամսագրում: Նա կարող դիտել այդ ամենը, հասկանալ, կարդալ, ընդունել և վերջում ձևակերպել իր ձևով, ներկայանալ աշխարհին այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում: Հենց դրանում է նրա ներքին ազատությունը:
Ես իմ բնույթով ֆեմինիստ եմ: Ես համարում եմ, որ եթե պետությունը ղեկավարում է կինը, երկիրը շատ ավելի լավ վիճակում է գտնվում, ավելի քիչ է պատերազմների մեջ մտնում:
Ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի 22-րդ դարն առհասարակ, իսկ սերը 22-րդ դարում՝ մասնավորապես: Բայց կարծում եմ, որ հարյուրամյակների ընթացքում սիրո գաղափարը հաստատ որոշ փոփոխությունների կենթարկվի, թեև հիմնական արժեքները, հիմնական ճշմարտություններն անփոփոխ կմնան, որովհետև սերը մարդու էության մի մասն է: Այնպես որ, մարդիկ կշարունակեն սիրել, բաժանվել, միանալ ու նորից սիրել, որովհետև սերը կյանքի շարժիչ ուժն է:
Ես խանդոտ չեմ: Խանդը բնորոշ է միայն թույլ տղամարդկանց:
Իմ ամենամեծ վախը երիտասարդ մահանալու վախն է: Կյանքում կան բազմաթիվ հետաքրքրիր երևույթներ, մարդիկ, որոնց պետք է հանդիպես, վայրեր, որոնք պետք է տեսնես: Ու եթե ես ժամանակից շուտ լքեմ այս աշխարհը, կտխրեմ, քանի որ մի բան կիսատ կմնա: Ես հասկանում եմ, որ ես չեմ որոշում դա, իմ ձեռքում չէ հեռանալուս ժամը որոշելու հնարավորությունը: Պարզապես, շատ տխուր կլիներ, քանի որ ես դեռ ուզում եմ ապրել ու ստեղծագործել:
Աղբյուր՝ artfashion.am