Բրազիլիայում ֆուտբոլն իր գագաթնակետին է հասնում, ու թեև մեր երկրպագուները զուրկ են ընթացող առաջնության ժամանակ Հայաստանի հավաքականի խաղը դիտելու հաճույքից, «Երևան Փրոդաքշնս» ընկերությունը որոշեց նրանց յուրովի ուրախացնել: Հուլիսի 4-ին «Երևան Փրոդաքշնսի» բակում տեղի ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի «Իմ ինքնակենսագրությունը» գրքի հայալեզու հրատարակության շնորհանդեսը:
Սըր Ալեքս Ֆերգյուսոնը նույնպես ներկա էր իր գրքի շնորհանդեսին, միայն թե հասակով մեկ վահանակի տեսքով: «Երևան Փրոդաքշնսի» գործադիր տնօրեն Էդուարդ Այանյանի խոսքով՝ հրատարակչական նախագծերը միշտ ընկերության ուշադրության կենտրոնում են եղել. «2013-ին հայ դեռահասները մեզնից նվեր ստացան Խոակիմ դե Պոսադայի և Էլեն Սինգերի «Մի՛ կերեք զեֆիրը... առայժմ» հայերեն թարգմանված գիրքը: Այս տարի մենք որոշեցինք ուրախացնել ֆուտբոլի երկրպագուներին, առավել ևս, որ ամբողջ աշխարհն այս օրերին բառացիորեն ապրում է ֆուտբոլով: «Իմ ինքնակենսագրությունը» գիրքը հայերեն հրատարակելու գաղափարը «Երևան Փրոդաքշնսի» բաժնետեր Գոռ Նահապետյանինն է, հենց նա գրքում հաջողության լավ պատմություն տեսավ, լավ օրինակ ապագա առաջնորդների համար: Չէ՞ որ Ալեքս Ֆերգյուսոնն այն մարդն է, ով կարողացավ «Մանչեսթեր Յունայթեդում» իր 27 տարվա աշխատանքի արդյունքում ոչնչից լեգենդ ստեղծել: Նրա անձը չի կարող չհետաքրքրել, ընդ որում, ոչ միայն ֆուտբոլի երկրպագուներին»:
Գրականագետ և «Անտարես» հրատարակչության խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն իր հերթին նշեց. «Ալեքս Ֆերգյուսոնը պարզապես ֆուտբոլի լեգենդ չէ: Նա մարդ է, ումից կարող են սովորել մեր մարզիչները: Նրան հաջողվեց գրեթե զրոյից լեգենդար թիմ ստեղծել, առանց որի ժամանակակից ֆուտբոլն անհնար է պատկերացնել: Նա հեռանկարային ֆուտբոլիստներին նկատում էր նրանց ընդունակությունների լիարժեք բացահայտումից շատ առաջ: Միայն պատմությունն այն մասին, որ նա ժամանակին գնահատեց Քրիշտիանու Ռոնալդուի տաղանդը, շատ բան է ասում: Ֆերգյուսոնը կերպար է, որը հետաքրքիր է ցանկացած երկրպագուին ու ֆուտբոլային պրոֆեսիոնալին: Նա մարդ է, ով, չնայած իր բարդ բնավորությանը, կարողացավ մոտեցում գտնել երիտասարդ ու հավակնոտ ֆուտբոլիստների հանդեպ և իր ձեռքը վերցնել «Մանչեսթեր Յունայթեդ» կոչվող հսկայական արդյունաբերության ղեկը»: Իսկ «Իմ ինքնակենսագրության» թարգմանիչ Աստղիկ Աթաբեկյանի խոսքով՝ գիրքը հեշտ տրվեց և ավարտվեց 2.5 ամսում. «Դժվարություններ էին ծագում հիմնականում, երբ Ալեքսը գրում էր կոնկրետ հանդիպումների մասին ու կոնկրետ ֆուտբոլային իրադրություններ օրինակ բերում: Այդժամ ստիպված էի լինում ինքս դիտել հիշատակվող հանդիպումը, և աշխատանքի ընթացքում նման դիտված խաղերը քիչ չեն: Արդյունքում ես սովորական ֆուտբոլասերից դարձա մոլի երկրպագու»:
Շնորհանդեսին հյուրերի թվում ներկա էր հայ ճանաչված մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: Կարենը խոստովանեց, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու չէ, բայց իր համար Ալեքս Ֆերգյուսոնը ֆուտբոլի պատմության ամենավառ կերպարներից է. «Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է չհարգել այս մարդուն: Նա ֆուտբոլը ներսից էր տեսնում, քչերը կարող էին նրա պես վերլուծել: Ֆերգյուսոնը համաշխարհային ֆուտբոլի անբաժան մասն ու գլխավոր ֆիգուրներից մեկն էր: Այնպես որ այս գրքի հրատարակումը հայերենով իսկապես շքեղ նվեր է Հայաստանի ֆուտբոլասերների համար»: Ի դեպ՝ հենց Կարեն Գիլոյանն առաջինը նվեր ստացավ շոտլանդական մարզչի գիրքը: Գրքի շնորհանդեսից անմիջապես հետո ներկաները դիտեցին Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչը: Ֆուտբոլային խաղի ընթացքում հյուրասիրություն էր կազմակերպել Գյումրի գարեջուրը:
Ալեքս Ֆերգյուսոնի «Իմ ինքնակենսագրությունը» գիրքը կարելի է ձեռք բերել երևանյան գրախանութներում, MegaSport խանութում, ինչպես նաև «Երևան Փրոդաքշնս» ընկերության Արամի 80 հասցեում գտնվող գրասենյակից, որտեղ, ի դեպ, 10% զեղչ է գործում: Գիրքը հիանալի նվեր կդառնա բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն ֆուտբոլի և հաջողության պատմությունների հանդեպ: