01 Հուլիս 2014, 12:06
1518 |

Երևանի այգիների տերերը

Այգիների մասին բոլորից լավ գիտեն դրանց տերերը՝ այգեպանները: Երևանի 9 խոշոր այգիների այգեպաններին պետք է ճանաչել դեմքով: Նրանց ձեռքերում է մեր մաքուր օդը:

Սիրահարների այգի
Ջեյմս Կասս, 38 տ.
Հայաստան է տեղափոխվել Միացյալ Նահանգներից վեց տարի առաջ, գրեթե միանգամից այգեպան է աշխատել: ԱՄՆ-ում ևս այգեպան էր: Սիրահարների այգում չորս այգեպան է աշխատում, Ջեյմսը նրանց ղեկավարն է:

 

Ալ. Թամանյանի անվան պուրակ
Եսայան Աշոտ, 69 տ.
Մասնագիտությամբ ինժեներ է, արդեն տասը տարի է' այգեպան է: 2004 –ից է սկսել Թամանյանի պուրակը խնամել: Աշխատանքը սկսում է առավոտյան ժամը 9-ից, հիմնական գործը ծաղիկներ տնկելն ու թփերը մշակելն է:

 

Թումանյանի անվան այգի
Պետրոս Վարդապետյան, 51 տ.
Մասնագիտությամբ մանկավարժ է, բայց երկար տարիներ է, ինչ այգեպան է աշխատում: Թումոյի այգում աշխատում է 2000 թվականից: Այգին մեծ է, ութ հոգով են հոգում խնամքը: Հիմնականում 8:45-ին արդեն բոլորն աշխատանքի են: Ի տարբերություն Երևանի այլ այգիների, այս այգին ջրում են ընդամենը մեկ կոճակի օգնությամբ, ավտոմատ ոռոգման համակարգի միջոցով:

 

Անգլիական այգի
Կարապետյան Սլավիկ, 68 տ.
Այգեպան աշխատում է վերջերս՝ երկու տարի: Սեփական այգի ուներ, ինչը նրան բավականին օգնել է այս գործում: Ասում է, որ նույն հոգատարությամբ է մշակում Անգլիական այգին, ինչ իր սեփականն էր խնամում: Աչալուրջ է, նրա այգու տարածքից ծաղիկներ պոկել և գողանալ հնարավոր չէ: Միակ բացառությունն անում է երեխաների համար, համոզված է՝ դրանով այգին հաստատ չի աղքատանա:

 

Լիոնի այգի (Վարդավառի այգի)
Գրիգորյան Ղուկաս, 75 տ.
Մեկ տարի է՝ ինչ այգեպան է: Այգում աշխատում է հինգ այգեպան: Աշխատանքը սկսվում է առավոտյան 9-ին, բայց նա սովորաբար բոլորից շուտ է գալիս. երբ հով է, ջրելը հեշտ է: «Գյուղացի մարդ եմ եղել, միշտ էլ այգի ենք մշակել: Սեփական հողիս պես եմ նայում այս այգուն», - ասում է նա:

 

Միսաք Մանուշյանի անվան պուրակ (նախկինում՝ Մաշտոցի անվան)
Սեյրան Վարդանյան, 73 տ.
Այգեպան է 2013-ից: Սիրում է աշխատանքը հողի, բույսերի հետ. «Գյուղում ծնված տղա եմ, միշտ էլ աշխատել եմ հողի հետ: Չեմ սիրում, երբ շներին բերում են և կանաչի մեջ ման են տալիս, ծաղիկները ջարդում են, տրորում, կեղտոտում»:

 

Կոմիտասի անվան պուրակ
Արտակ Խանդիլյան, 47 տ.
Այգեպանի աշխատանքային փորձն այնքան էլ շատ չէ, ընդամենը մեկ ամիս, պատմելու բան դեռ չունի: «Կանաչապատման աշխատանքներ ենք տանում, ծաղիկներ տնկում, ջրում, նաև հետևում ենք, որ մարդիկ չտրորեն կանաչը»:

 

Բուսաբանական այգի
Գիտաշխատող՝ Գատրչյան Գայանե, 58 տ.
36 տարի է, ինչ աշխատում է Բուսաբանականում որպես գիտաշխատող: Համալսարանի կենսաբանականն ավարտելուց հետո այստեղ անցել է աշխատանքի: Բուսաբանական այգում զբաղվում է աշխարհի տարբեր անկյուններից բերած բույսեր տնկելով: Նախկինում Հայաստանից նույնպես այլ երկներ են ուղարկել բույսերի սերմեր, սակայն այժմ այդ գործընթացը կանգ է առել:

 

Պապլավոկի այգի
Արշավիր Հալուլյան, 53 տ.
10 տարվա փորձ ունեցող այգեպանը մասնագիտությամբ տնտեսագետ է: Խոստովանում է՝ այդքան էլ չի սիրում իր աշխատանքը. «Անկախացումից հետո, երբ շատ գործարաններ փակվեցին, աշխատանք չկար, այս գործն առաջարկեցին: Եկա այստեղ և մնացի ու մնացի»: Նա կարծում է, որ հատկապես այս այգում շատ են տրորում կանաչը, երեխաներն անընդհատ խոտերի մեջ են:

Այս թեմայով