Հարթակը բարեհաջող գործում է՝ միավորելով աշխարհի բոլոր անկյուններում ապրող ստեղծագործ հայերի թույն գաղափարները: Բոլորին միավորում է մեկ ընդհանուր ցանկություն՝ օգնել Հայաստանին ծաղկին բացվել:
Այսօր շատ գաղափարներ մեծ և լուրջ նախագծերի վերածելու և այդ նախագծերն իրականացնելու ամենաարագ և ամենաարդյունավետ ձևերից մեկը crowdfunding վեբ հարթակներն են: Մեխանիզմի հիմքում ընկած կարևոր տարրը գաղափարն է, հենց դրա շուրջ են հավաքվում տարբեր մարդիկ՝ արվեստագետներ և ծրագրավորողներ, թինեյջերներ և տատիկ-պապիկներ, ինտերնետում ամբողջ օրը նավարկողներ և զբաղված բիզնեսմեններ:
Ամենախենթ և ամենաօրիգինալ գաղափարներն են արժանանում մարդկանց ուշադրությանն ու ֆինանսական աջակցությանը: Աշխարհում ամենահայտնի դրամահավաք հարթակներից են Kickstarter-ն ու Indiegogo-ն, որտեղ շատ քիչ են հայկական նախագծերը: Հայկականներն այդպես էլ կպահպանեին իրենց՝ «խաղից դուրս մնացածի» կարգավիճակը, եթե չստեղծվեր առաջին հայկական crowdfunding հարթակը՝ BoostBloom-ը:
Նախաձեռնությունը երեք երիտասարդներինն էր՝ Վահե Ֆերմանջիանի, Աիդա Իրաստորզիանի և Րաֆֆի Էլիոթի: ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Իսպանիայում նրանք հանդիպել էին Հայաստանում ներդրումներ կատարել ցանկացող շատ սփյուռքահայերի հետ, ինչի արդյունքում երիտասարդները հասկացան, որ լավագույն տարբերակը դեպի Հայաստանն ու հայերն ուղղված դրամահավաք հարթակի ստեղծումն է:
2013-ին շարժման մեջ դրված նախագիծն արդեն 2014-ին Գյումրիում «Idea and Tech» կոնֆերանսի ժամանակ ներկայացրեց իր վեբ-կայքը՝ boostbloom.com: Ինչու BoostBloom՝ երիտասարդները պարզաբանում են. «Հայաստանը դեռ չծաղկած ծաղիկ է, և մենք հույս ունենք, որ կկարողանանք օգնել այդ ծաղկին բացվել»:
BoostBloom-ի նախագծերը հիմնականում ընդգրկում են տեխնոլոգիայի և արվեստի ոլորտները՝ նկարչություն, պար, դիզայն, նորաձևություն, կինո, խաղեր, երաժշտություն, լուսանկարչություն, թատրոն:
Այցելելով BoostBloom-ի կայք՝ դժվար չէ գլխի ընկնել, որ այստեղ ամենաշատը գնահատվում է ստեղծարարությունը. կապույտ ծաղկի լոգոյի կողքին գրված է «Where creativity meets its match»: Այսպիսի կարգախոս են ընտրել կայքի ստեղծողները: Կայքում նախագծերը տեղադրվում են մի նախապայմանով. դրանք պետք է անպայման հայի կողմից մտածված լինեն կամ Հայաստանի հետ որևէ առնչություն ունենան: BoostBloom-ի գործն է միացնել գաղափարի հեղինակին և այդ նույն գաղափարին հավատացողին՝ ֆինանսավորողին: Ցանկացած նախագիծ իրականանալու մեծ հնարավորություններ է ունենում, եթե գաղափարի հեղինակը կարողանում է մատուցել այն հետաքրքիր ձևով, հստակորեն պարզաբանել, թե ինչու, ինչ ճանապարհներով, ինչ ժամանակահատվածում և ինչ միջոցներով պետք է իրականության կոչվի հենց իր նախագիծը: Սեփական գաղափարները վաճառել կարողանալուց բացի դրանց հեղինակները պետք է նաև պարգևատրումներ մտածեն նախագծի իրականացման դեպքում:
Հարթակը կա, բարեհաջող գործում է՝ միավորելով աշխարհի բոլոր անկյուններում ապրող ստեղծագործ հայերի թույն գաղափարները: Բոլորին միավորում է մեկ ընդհանուր ցանկություն՝ օգնել Հայաստանին ծաղկին բացվել: