Գրեթե մեկ ամիս տևած ոդիսականից հետո ինձ վերջապես հաջողվեց հանդիպել հռչակավոր բնորդուհի Փիրուզին: Դստեր՝ Մերիի հետ Սարյանի արձանի մոտ նկարներ է վաճառում: Իմ ոդիսականի վերջը տվեց Անին՝ Փիրուզի հարևանությամբ աշխատող ծաղկավաճառը: Մի վայրկյանում ընկերացա Փիրուզի հետ ու…
Անունս պապաս ա դրել Փիրուզա: Ինձ ասում են՝ դու ուժեղ ես, քար ես: Երևի իսկականից փիրուզ եմ:
Կոնդումեմ ապրում, բայց կոնդեցի չեմ: Կոնդում մարդիկ ապրում են մենակ կենցաղով, իսկ ես կենցաղով ապրող չեմ, դրա համար էլ ինձ ու աղջկաս էստեղ «տուրիստ» են ասում: Առավոտից իրիկուն դրսում ենք, ման ենք գալիս, նկարներ ենք վաճառում: Տուն ենք գնում միայն քնելու կամ նկարելու համար: Մեզնից ի՞նչ կոնդեցի:
Երևանցիները հիմա ավելի ազատեն, համարձակ, իսկ իմ ջահելության ժամանակ էդպիսիները քիչ էին: Ո՞վ էր ջինս հագնում՝ մենակ հիփիները: Ես էլ եմ հագել: Չնայած շատ ավանդապաշտ ընտանիքում եմ մեծացել, բայց ես գիժ եմ էղել ու մինչև հիմա էլ էդպիսին եմ: Ամաչելը, կեղծելը, վախենալը, ֆորմալիզմը Փիրուզի համար չեն: Թե չէ Փիրուզը մոդել չէր դառնա:
Մի երեսուն տարեկան հազիվ լինեի, աղջիկս արդեն կար, էն ժամանակ մեզ փող էր պետք ապրելու համար: Եկան ասեցին՝ ուզո՞ւմ ես բնորդուհի աշխատես, ասեցի՝ ինչի՞ չէ, դրա մեջ ի՞նչ վատ բան կա: Սկզբում Գեղարվեստի ակադեմիայում դեմքս էին նկարում: Ասում էին՝ քո դեմքը նկարչական գեղեցկություն ունի, արի, քեզ նկարենք: Էդ նկարողներից մի քանիսը հիմա ակադեմիայում դասախոսներ են: Օրինակ՝ Դավիթը: Ինքն ինձ շա՜տ սիրուն էր նկարել, էնքա՜ն սիրուն էր նկարել, նայում էիր, չէիր կարողանում աչքդ կտրեիր: Ինքը ինձ նկարելով ընդունվեց ինստիտուտ, բայց երկրաշարժի ժամանակ էդ նկարը կորավ, ինչ էղավ, չգիտեմ: Իմ դիմանկարները, և ոչ միայն, շատ նկարիչների արխիվներում կան: Բայց ես շա՜տ անպարտաճանաչ էի, մեկ գնում էի, մեկ չէի գնում, փախնում էի, ու ինձ ման էին գալիս, որ գտնեն, նկարեն:
Հետո սկսեցի մերկ էլ նստել: Ես չեմ ամաչում, որովհետև արվեստագետը հասկանում ա, որ պետք ա նկարվի, որ նկարիչը պետք ա բնորդ ունենա: Էն ժամանակ կային բնորդներ, բայց ծեր էին, իսկ ես ջահել էի: Համաձայնեցի, ասեցի՝ թող մեր նկարիչները լավ նկարել սովորեն իմ վրա… ու սովորեցին: Բացի էդ, ես ինքս նկարիչ էի ու շատ լավ հասկանում էի նրանց, համ էլ ինձ ապրուստի միջոց էր պետք, դրա համար էլ մերկացա: Չեմ էլ հիշում, քանի ռուբլի էին տալիս: Ինչքան էլ տային, գոհ էի, ուրախ էի, որ էդ գումարն ունեմ: Ես հաշիվ չգիտեմ: Ոչ հաշվում եմ, ոչ հետ եմ գցում… Կարող ա ինձ հիմարի տեղ են դնում, էդ իրանց գործն ա: Ես էդպիսին եմ ծնվել, փողի հետևից չեմ ընկնում:
Նկարներս վաճառում եմ ոնց որ ես եմ ուզում: Ասենք՝ մարդը էկել ա, գիտեմ, որ ինքը փող չունի, բայց սիրում ա իմ նկարները: Ես իրան էժան վաճառում եմ, մինչև անգամ նվիրում եմ, որովհետև ինձ ինչ էլ տա, հերիք ա: Ես բավարարվում եմ էնքանով, ինչքան ունեմ: Ես չեմ մտածում՝ վաղը կունենամ, թե չէ, որովհետև կարող ա վաղը չեմ էլ ապրելու, ինչի՞ մտածեմ: Բայց դե էդպիսիններին էլ ասում են հիմար… Հիմա էլ են ասում՝ արի, նկարվի: Մերժում եմ, որովհետև էն ժամանակվա երիտասարդ արվեստագետները ուզում էին իսկական արվեստագետ լինեին, հիմիկվանները՝ չէ: Դրա համար էլ չուզեցի՝ հիմա սովորող լակոտները ինձ ոչ նկարեն, ոչ էլ…Դրանք արվեստագետ չեն, դրանք դիպլոմի համար են նկարում, իսկ ես մենակ իսկական արվեստի համար էի մերկանում:
Ջահել էի, բոհեմական կյանք էր, նկարում էինք, սրճարաններ էինք գնում. էն ժամանակ «Սկվազնյաչոկն» էր, «Կապեյկան». անընդհատ արվեստից էինք խոսում, նշանավոր մարդկանց էինք հանդիպում: Մհեր Մկրտչյանից մի բան պատմե՞մ: Լիտվայում էի՝ չեմ էլ հիշում՝ ինչ գործով: Մհեր Մկրտչյանն էլ էնտեղ նկարահանումների էր: «Զինվորն ու փիղը» տեսե՞լ ես՝ էն որ գունդը գնում ա Գերմանիա, իսկ ինքը Գերմանիայից Հայաստան փիղ ա բերում: Քայլում էի, մեկ էլ Քյոսայանը մոտեցավ ինձ, ասեց՝ արի, ֆիլմում նկարվի: Համաձայնեցի: Ասեց՝ Մհերը քեզ ինչ հարցնի, կասես՝ հա, հայ եմ, էդքան բան: Մեկ էլ նկարահանում ա գնում, ինձ կանչեցին, հագցրեցին սանիտարկայի շորեր ու էդ ֆիլմում նկարվեցի Մհերի հետ: Մհերը գալիս ա ու ինձ ասում ա՝ դու հա՞յ ես…. ու փաթաթվում ա ինձ: Բա՜…
Շա՜տ նշանավոր մարդկանց եմ հանդիպել կյանքում, մենակ էրկու անգամ եմ փոշմանել: Մեկ՝ Վիլյամ Սարոյանը «Արմենիա» հյուրանոցում: Կանգնած էր, հայտնի գլխարկը գլխին: Ուզում էի մոտենալ: Բայց ինքը էնքան մեծություն էր, որ չէի կարողանում: Մոտենայի, ի՞նչ ասեի: Բարև ձեզ, Սարոյան ջան, ես Փիրուզն եմ… Հա, լավ, հետո՞ ինչ: Ասեմ՝ ես էս եմ կարդացել քեզնից, էն եմ կարդացել… Մտածեցի-մտածեցի ու չմոտեցա:
Մեկ էլ Լևոն Տեր-Պետրոսյանին եմ հանդիպել, որ նոր էր նախագահ ընտրվել: Հրապարակով անցնում էի, ինչ-որ միջոցառում էր, մեկ էլ տեսնեմ ինքը էնտեղ կանգնած ա: Մոտեցա ու անտարբեր անցա: Ոչ՝ բարև, ոչ բան… Մարդ կար, որ առիթ էր փնտրում մոտենար, բայց ես ոչ մի բան չասեցի, չնայած լի՜քը բան ունեի ասելու, լի՜քը:
Սաղ կյանքս սիրահարվել եմ: Ունեցել եմ մեծ սեր … Հիմա սիրե՞մ… Էդ սերը էղել ա ու վերջ: Ես միասեր եմ: Չստեմ էլի, ես հիմա ոչ մեկին, որպես տղամարդ, չեմ սիրում: Տղամարդկանց մեջ չեմ գտնում էն, ինչ ունեցել եմ: Բայց ունեցել եմ, ապրել եմ ու վերջ, հերիք ա: Ընե՜նց եմ սիրել, ընե՜նց եմ սիրել: Ձեռք ձեռքի բռնած ամբողջ քաղաքով ման ենք էկել, կինո ենք գնացել անընդհատ, մի խոսքով… Համբուրվում էինք… Էդ տղայի հետ, ում սիրում էի, էնքան եմ համբուրվել պադյեզդում, որ… Աշուն էր, մրսել էինք, էրկուսս էլ թոքաբորբ էինք կպել: Հիմա ինքը ընտանիք ունի, ես չեմ խանգարի, ի՞նչ գործ ունեմ…
Կյանքում չեմ հագել բարձրակրունկ, որովհետև ես շատ եմ քայլում, իսկ բարձրակրունկները ոտքերը ցավացնում են: Ես միշտ հագնում եմ էնպիսի բաներ, որ ինձ հարմար լինի, տաք, հանգիստ, որ ես չասեմ՝ վա՜յ, ոտս ցավաց, վա՜յ, մազոլ եղավ: Շատ եմ սիրում քայլել: Աղջկաս հետ մի անգամ ոտքով վեց ժամում հասել ենք Էջմիածին: Հենց էնպես, ուզեցինք ու քայլեցինք:
Երբ որ ես ջահել էի, կարծում էի, որ տգեղ եմ, բայց բոլորը գտնում էին, որ գեղեցիկ եմ: Ինձ ասում էին՝ կանացի ես, բայց ինչումն էր էդ կանացիությունը, չգիտեմ: Անկեղծ եմ էղել: Սիրուն եմ էղել, թե գեշ՝ էս եմ, որ կամ: Լիտվայում, որ ես քայլում էի՝ մազերս ըսենց գանգո՜ւր, դեմքս մի տեսակ ուրիշ, մի էրեխա ինձ տեսավ, մորը ասեց՝ մամ, հլը նայի ինչ սիրուն ցիգան ա՜: Շրջվեցի, ասեցի, որ ցիգան չեմ, հայ եմ: Էս կինը զարմացավ, թե բա՝ քո նման գեղեցի՞կ են սաղ հայ աղջիկները: Ասեցի՝ ես ի՞նչ գեղեցիկ, ընե՜նց գեղեցիկները կա՜ն:
Կոմպլիմենտներ շա՜տ են արել, ամենալավը կարամ ասեմ՝ որն ա էղել: Հիմա ինքը չկա, մահացել ա, շատ ճանաչված մարդ էր, դասախոս էր, իրա ազգանունը, ափսոս, չեմ հիշում: Ասեց՝ դու գիտե՞ս, որ քո աչքերը միշտ զարմացած են: Ու էդ ճիշտ ա: Ես անընդհատ զարմացած եմ, ոնց որ էրեխան, ինչ տեսնում եմ՝ մոտենում եմ, նայում, զարմանում, այ հենց դրա համար են էլի Կոնդում անունս «տուրիստ» դրել: Ասում են՝ սաղ օրը դրսերում ես, տուրիստի պես ինչ տեսնում, նայում ես, զարմանում: Ինձ ասում են՝ կամ շատ անկեղծ ես, կամ շատ խորամանկ: Բայց ես անկեղծ եմ: