30 Հունվար 2012, 09:48
3473 |

«Այբի» սերունդը

«Ուզում եմ նորից սովորել դպրոցո՜ւմ»՝ Երևանի հյուսիսային հատվածի Թբիլիսյան խճուղու 11/11 հասցեում գտնվող «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի խոսքերով ՝ այսպես ասում են նրանք, որոնք առաջին անգամ այցելում են «Այբ» ավագ դպրոցը: Մասնաշենքի շինարարությունն ընթացել է 2011-ի տասը ամիսների ընթացքում, սակայն կրթական համալիրի ստեղծման գաղափարը ծնվել է դեռ վեց տարի առաջ:

«Այբի» բացումը կարելի է նոր փուլ համարել Հայաստանի կրթական համակարգի պատմության մեջ: Հիմնադիրները որոշել են նրանում համատեղել ուսուցման նորագույն մեթոդոլոգիաները և այն, ինչ մինչ օրս տարբերում է լավագույն երևանյան դպրոցները. առանձնահատուկ ոգին, որը միավորում է աշակերտների և ուսուցիչների սերունդներ:

Թվում է, թե շատ պարզ գաղափար է՝ ստեղծել դպրոց այն տաղանդավոր երեխաների համար, որոնց կրթական չափանիշները համապատասխանում եմ միջազգայինին, և դժվար է հասկանալ, թե ինչու մինչ այժմ ոչ ոք դրանով չէր զբաղվում: Այդուհանդերձ, փաստ է, որ այս առաքելությունն իրենց վրա վերցրեցին և իրականացրեցին բոլորովին վերջերս ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը, դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ Արամյանը և գործարարներ Աշոտ Ասլանյանն ու Արամ Փախչանյանը: Չորսն էլ ժամանակին ավարտել են Երևանի ֆիզմաթ դպրոցը, որի առանձնահատուկ միջավայրն ու ոգին մինչ հիմա կարոտով են հիշում: Նրանք շատ լավ հասկանում են, որ ցանկացած հաջողության հիմքում ընկած է կրթությունը: Եվ կարևոր չէ, թե գիտության ինչ պաշար ես հասցրել ընկալել: Ոչ պակաս մեծ դեր է խաղում այն, թե որքան ճկուն ու պրպտուն է դարձել ուղեղը:

Ինչպես պատմում է Դավիթ Յանը, դպրոցի ստեղծման գաղափարը ծնվել է վեց տարի առաջ իր տանը վիսկիի գավաթի շուրջ: Նա հերթական անգամ ընկերների հետ հիշում էր հարազատ ֆիզմաթ դպրոցում անցկացրած տարիները, զրուցում էին այն մասին, թե որքան բան է այն տվել նրանց: Երեկոն ավարտվեց նրանով, որ ներկաները որոշեցին «վերադարձնել պարտքերը»՝ կառուցել Հայաստանում մի դպրոց, որի շրջանավարտները կկարողանան ոչ ավելի, ոչ պակաս փոխել աշխարհը: Ինչպես հաճախ պատահում է, սակայն, իրականությունն ավելի բարդ էր, քան ներկայանում էր երազանքներում: Նախ, որտեղի՞ց գտնել ուսուցիչներին: Նախևառաջ «Այբի» հիմնադիրները հրաժարվեցին երևանյան հայտնի դպրոցներից լավագույն ուսուցիչներին հրավիրելուց, քանի որ այդ դեպքում արդեն կայացած դպրոցները կկորցնեին իրենց մթնոլորտն ու ավանդույթները: Որտեղի՞ց ճարել ուսումնական ձեռնարկներ, որոնք հնարավոր չէ գտնել ոչ Հայաստանում, ոչ էլ Ռուսաստանում: Եվ, ամենակարևորը, որտեղի՞ց գումար հայթայթել այս ամենի համար: Մինչդեռ ծախսերը աճում էին օրեցօր՝ շենքի նախագծում և կառուցում, նորագույն եվրոպական և ամերիկյան դասագրքերի հարմարեցում և թարգմանություն հայերենի, պայմանագրերի կնքում ուսուցիչների հետ, որոնց թվում, ի վերջո, հայտնվեցին նույնիսկ դասախոսներ Քեմբրիջից… Չնայած ուսուցումը դպրոցում իրականացվում է հայերեն, օտար լեզուներն արժանացան  առանձնահատուկ ուշադրություն: Ընդհանրապես, դպրոցում կիրառվում են կրթական նորագույն մեթոդները. ընտրովի առարկաների խորացված ուսուցում, անհատական պարապմունքներ դասախոսի հետ, վարպետության դասեր, աշակերտների կողմից պատրաստված զեկուցումների և նախագծերի ներկայացում:

Բարեբախտաբար, ֆինանսավորման հետ կապված բոլոր խնդիրները լուծվեցին: Դպրոցի աջակիցներն են 60-ից ավելի անհատ բարերարներ և կազմակերպություններ ամբողջ աշխարհից, այդ թվում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Դպրոցում կան նաև հովանավորների և բարերարների անունները կրող դասասենյակներ, որոնցից մեկը, ի դեպ, կրում է «Երևան» ամսագրի անունը:

Գրապատեր

Դպրոցի ժամանակակից ինտերյերը հիշեցնում է եվրոպական և ամերիկյան երիտասարդական ֆիլմերը: «Պողոտա» կոչվող միջանցքից աջ գտնվում են գրադարանը, լաբորատորիաները, դասարանները, ուսուցչանոցը: Մուտքից դեպի ձախ տանող մասում կառուցվում է նոր մասնաշենք, իսկ «Այբ կրթական հանգույցում» հաջորդաբար կկառուցվեն նաև միջին և կրտսեր դպրոցները, մանկապարտեզը, համայնքային կենտրոնը, եկեղեցին, մեդիա արվեստների կենտրոնը, հանրային այգիները և հանրակացարանը, որտեղ կբնակվեն մարզերից և այլ երկրներից եկած աշակերտները, ինչպես նաև արտասահմանից ժամանած մասնագետները:

Դպրոցի նպատակն է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի աշակերտներն իրենց անկաշկանդ ու հանգիստ զգան ամբողջ տարածքում: Հատուկ ներկով պատված սպիտակ պատերը, օրինակ, երեխաների համար ծառայում են նաև որպես գրատախտակներ, իսկ ամեն անկյունում տեղադրված աթոռներն ու սեղանները հնարավորություն են տալիս ցանկացած

պահի ուսանել կամ քննարկել անցած նյութերը: Գրադարանը գտնվում է հենց միջանցքում՝ կահավորված հարմարավետ աթոռներով, բազմոցներով, նստատեղերով: Տարբեր լեզուներով գրքերով համալրված այս անկյունը երեխաների ամենից սիրելի վայրն է դպրոցում:

Ֆիզիկայի և քիմիայի դասընթացների համար նախատեսված լաբորատորիաներում յուրաքանչյուր աշակերտ իր սեղանի վրա ունի փորձերի համար նախատեսված համապատասխան սրվակներ և ուսուցչին հետևելով՝ ինքնուրույն կարող է իրականացնել փորձը: Դասասենյակում բոլոր սեղանները աշակերտները կարող են տեղաշարժել ու տեղադրել իրենց հարմար դիրքով: Դպրոցում յուրաքանչյուր երեխա ունի իր անհատական լեփթոփը և ցանկացած պահի կարող է շփում հաստատել ուսուցչի հետ, նույնիսկ դասերի ավարտից հետո, որոնք սկսվում են առավոտյան 08:30-ին և ավարտվում 17:00-ին:

Ավարտելուց հետո

«Այբի» համար կարևորագույն հարցերից մեկն այն էր, թե արդյոք երեխան դպրոցն ավարտելուց հետո կկարողանա՞ ընդունվել աշխարհի լավագույն բուհերը: Հենց այդ նպատակով դեռևս 2007-ին նախաձեռնվեց «Խորացված առարկայական պարապմունքներ» ծրագիրը, որի շրջանակներում երեխաները դասերից հետո պարապմունքների էին հաճախում: Այդ ծրագրի շրջանավարտներն այժմ սովորում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական, Կոլումբիա, Սթենֆորդի, Գերմանիայի Ջեքոբս համալսարաններում, ինչպես նաև Երևանի պետական համալսարանում: Դասավանդման այդ նույն մեթոդոլոգիաներն այժմ կիրառվում են նաև դպրոցում: Առաջին հաջողությունից հետո «Այբի» պատվիրակությունը ներկայացրել է դպրոցի ծրագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությանը, որն էլ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու դպրոցի ծրագրի իրականացմանը:

Վառվել կրթությամբ

Դավիթ Սահակյանը հատուկ շեշտում է, որ «Այբը» շահույթ չի հետապնդում. «Մեր նպատակն ավելի բարձր է՝ ձևավորել նոր սերունդ՝ կրթված, առաքինի, հստակ տեսլական ունեցող քաղաքացիներ: Իսկ արժեքային և կրթության իմաստով մարդը ձևավորվում է հենց դպրոցում: Մեր շրջանավարտը լինելու է հայ արժեքների առաքելության կրողը և անկախ նրանից, թե աշխարհի որ մասում կգտնվի, նա կաշխատի և կգործի ի շահ իր հայրենիքի: Միջավայրը, որտեղ սովորում է երեխան, պետք է տրամադրող լինի ոչ միայն հաճելի ուսուցման և ժամանցի: Աշակերտը պետք է գիտակցի, որ կարող է փոխել աշխարհը, որ կրթությունը այն ճանապարհն է, որի միջոցով կարելի է շատ ու շատ դռներ բացել: Նա պետք է վառվի կրթությամբ, ձգտի առավոտյան շտապել դպրոց ու նույնիսկ չուզենա տուն վերադառնալ»: Այսօր արդեն մի բան պարզ է՝ «Այբ» դպրոցի ցանկացած աշակերտ դասի է գալիս հաճույքով:

Այս թեմայով