15 Հունիս 2014, 13:18
5197 |

Երևանի սուրբ վայրերը

Երևանը ոչ միայն մոնոէթնիկ, այլև մոնոկրոն քաղաք է: Սակայն պետական կրոնից բացի, այնուամենայնիվ, կան նաև այլ հավատքների հետևորդներ: Մենք եղանք Երևանի ամենահին սրբատեղիներում:

 

Հրեական սինագոգ, Նար-Դոս
«Մորդեխայ Նավի» սինագոգը եռահարկ շենքի երրորդ հարկում է գտնվում, մյուս հատվածները ծառայում են որպես հոգևոր դպրոց և մշակութային կենտրոն։ Շենքը 1995-ին ձեռք է բերել մոսկվայաբնակ հրեա բարերար Ռոյթմանը։ Հայաստանում հրեաների գլխավոր հոգևոր առաջնորդ ռաբբի Գերշ Բուրշտեյնն ասում է, որ հոգևոր համայնքի թիվն այսօր շատ է նվազել, չի հասնում նույնիսկ մի քանի տասնյակի։ Սակայն սինագորգը տարեկան 1500-2000 հրեա զբոսաշրջիկ է ունենում՝ Իսրայելից և ԱՊՀ տարածքից։ 2011-ին սինագոգը վերանորոգվել է։

«Ցավոք, մեր սինագոգը չի կարող հպարտանալ իր հնությամբ՝ ի տարբերություն ռուսական ուղղափառ եկեղեցու»,-ասում է Բուրշտեյնը՝ հավելելով, որ ինքը մեծ հրեական կենտրոն կառուցելու նախաձեռությամբ է հանդես եկել, սակայն նրան ոչ ոք չի աջակցել, քանի որ հատկապես 2003-2004-ներին հրեաների հոսքը Հայաստանից մեծ ծավալների է հասել:

 

Ռուս ուղղափառ եկեղեցի, Քանաքեռ
Հայաստանում ռուս ուղղափառ եկեղեցու գլխավոր տաճարը՝ Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցին կառուցվել է 1913-1916-ին, սակայն եկեղեցու ավագ երեց Արսենի Գրիգորյանցն ասում է, որ դեռևս 1912-ին հոգևոր ծիսակատարություններ անցկացնելու մասին փաստաթղթեր կան։ Ի սկզբանե ուղղափառ եկեղեցին կառուցվել է Երևանում ծառայող ռուսական զորքի զինվորների համար։ Խորհրդային միության շրջանում այն վերածվել է ռազմական պահեստի։ Տեղեկություններ կան, որ եկեղեցին հետագայում դարձել է զինվորականների ակումբ, բայց ավագ երեցը դժվարանում է մանրամասնել. «Հիմա մենք զբաղվում ենք այդ մասին արխիվային նյութեր փնտրելով»։ 1991-ից Սուրբ Աստվածածինը կրկին սկսել է ծառայել իր նախնական նշանականությամբ: Ի դեպ, այս ուղղափառ եկեղեցին միակը չէ Երևանի արվարձանում, մեկ այլ՝ վրացական ուղղափառ եկեղեցի կա Նորագավիթում: Հայաստանում ուղղափառ համայնքի վերաբերյալ  հստակ թվեր չկան:

 

Մուսուլմանական մզկիթ, Կենտրոն
Մաշտոցի պողոտայի սկզբում՝ Փակ շուկայի դիմաց Երևանի մուսուլմանական միակ աղոթատունն է: Կապույտ մզկիթը կառուցվել է 18-րդ դարում՝ Երևանի խանության ժամանակաշրջանում, երբ ստեղծվել են ինն այլ մզկիթներ, որոնցից սակայն պահպանվել է միայն այս մեկը, այն էլ բանաստեղծ Եղիշե Չարենցի շնորհիվ: Բանաստեդծի նախաձեռնությամբ հոգևոր այս կառույցը խորհրդային միության շրջանում վերածվել է Երևանի պատմության թանգարանի: Հայատանի անկախացումից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունն այն վերանորոգել է և կրկին դարձրել սրբավայր: Մզկիթի էքսկուրսավար՝ մասնագիտությամբ մանկավարժ Լենա Հակոբյանն ասում է, որ այն այսօր ծառայում է նաև որպես մշակութային կենտրոն. «Կա գրադարան, դասարաններ, որտեղ պարսկերեն է դասավանդվում: Տուրիստական սեզոնին մզկիթ օրական 100-ից ավելի զբոսաշրջիկներ են այցելում տարբեր երկրներից՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա: Արդեն մեկ տարի է՝ մզկիթում կա մոլլա, օրական երկու անգամ նամազ է անցկացվում»: Սրբավայրը տարածաշրջանի շիիթական ամենամեծ մզկիթն է:

Հայաստանում իրանական համայնքի մասին թեև պաշտոնական թվեր չկան, սակայն որոշ տվյալներով նրանց թիվը հասնում է մի քանի հազարի:

 

Կաթողիկե Սուրբ Աստվածածին, Սայաթ-Նովա
Երևանում գործող հայ առաքելական թերևս ամենահին եկեղեցին Կաթողիկե Սուրբ Աստվածածինն է, որը կառուցվել է մեծ երկրաշարժից հետո՝ 1693-1695 թվականներին: Այն գտնվում է Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում։ 1936-ին եկեղեցին սկսել են քանդել, որի պատճառով թեև կորստյան է մատնվել ուշ միջնադարյան Կաթողիկե եկեղեցին, բայց բացահայտվել է Երևանի մեկ այլ հին եկեղեցի' Սուրբ Աստվածածինը: Արարատյան հայրապետական թեմի տվյալներով, սա Երևանի եկեղեցիններից միակն է, որ երկրաշարժից հետո կանգուն է մնացել։ Եկեղեցու հարևանությամբ 2011-ից ընթանում է Սուրբ Աննա եկեղեցու և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի երևանյան նստավայրի շինարարական աշխատանքները։

 

Հեթանոսական Սուսի, Էրեբունի
Երևանի հեթանոսական անցյալի մասին ամենահին վկայությունը Էրեբունիում է՝ Արգիշտի I-ի կառուցած «Սուսի» տաճարը: Հենց Արին-բերդում է պեղվել Սուսի անունը կրող տաճարը՝ զարդարված սրբազան ծառերի որմնանկարներով, զոհաբերությունների տեսարաններով, ձեռատունկ սոսիներով, որոնց սաղարթների սոսափյունի և ճյուղերի շարժումների շնորհիվ հեթանոս հայերը գուշակություններ են արել:

Ուրարտական հնագույն սրբավայր Սուսիում են Միհր աստծո տոնը նշում Հայ արորդյաց ուխտի միաբանները և քրմերը: Ծիսակարգ տոնը վարող քուրմ Գեղամը պատմում է. «Մ.թ.ա. 8-րդ դարի Սուսի տաճարն ունի յուրահատուկ էներգետիկ դաշտ, կրում է հեթանոսական աստվածների հզոր ազդեցությունը»: Ներկայումս Հայաստանում հեթանոսների թիվը հասնում է մի քանի հազարի, սակայն հաշվարկը դժվարացնում է այն փաստը, որ նրանց մեծ մասը համայնքի առաջնորդների հետ ակտիվ կապ չի պահպանում: Ակտիվ անդամներն արդեն հարյուրից ավելի են, իսկ «կնքվածների» քանակը շարունակ աճում է: Օրինակ, խոշոր տոնախմբությունների ժամանակ կնքվում է 20-30, երբեմն նաև ավելի մարդ, որոնց թվում կան շատ սփյուռքահայեր:

Այս թեմայով