Առանց այգիների մեգապոլիսները կկորչեին փոշու մեջ: Ո՞ւմ մտքով անցավ փրկել քաղաքները, ինչպե՞ս թագավորական պուրակները դարձան հանրային այգիներ. վերլուծում ենք հին ու նոր այգիները:
Կինոյի՝ նյույորքյան աստղը
Մանհեթենի կենտրոնական այգի, Նյու Յորք
Տարածքը՝ 341 հա
Ստեղծման տարեթիվը՝ 1858
Նախնական նախագծերով Նյու Յորքը չպետք է դառնար մեգապոլիս: Սակայն 19-րդ դարասկզբին նրա բնակչությունը անսպասելիորեն քառապատկվեց, ու առաջ եկավ էկոլոգիայի խնդիրը: Այգու ճարտարապետի ու դիզայների ընտրությունն եղավ 21-րդ դարի ոճով՝ մրցույթով: Հաղթողը անգլիացի էր, որի նախագծերը հիմնված էին Լոնդոնի թագավորական Հայդ պարկի վրա: Այգին դարձավ ու մնաց քաղաքի «սիրտն ու թոքը»: Այստեղ ամեն ինչ կա՝ արհեստական լճերից մինչև կենդանաբանական այգի, թատերական բեմերից մինչև սահադաշտեր ու հեծանվային ուղիներ: Այս ամենի շնորհիվ էլ՝ տարեկան շուրջ 35 մլն այցելու: Այգին դարձել է կինոյի իսկական աստղ՝ լինելով աշխարհում ամենից շատ նկարահանված վայրը:
Զբոսանք եղնիկների հետ
Ռիչմոնդ, Լոնդոն
Տարածքը՝ 955 հա
Ստեղծման տարեթիվը՝ 1634
Լոնդոնի թագավորական 8 այգիներից ամենամեծը Ռիչմոնդն է: Անգլիական այգիների մեծ մասը նախկինում վայրի անտառներ ու թագավորական որսատեղեր են եղել: Ռիչմոնդում մինչև օրս պահպանվել է անտառային վայրի բնությունից մի մասնիկ՝ վայրի եղջերուներն ու եղնիկները, որոնց թիվը հասնում է 630-ի: Այգում կենդանիների համար տարածքային սահմանափակում չկա, փոխարենը մարդիկ խելամիտ կգտնվեին, թե պահեին նրանցից սահմանված 50 մ հեռավորությունը: Ամեն դեպքում վայրի կենդանիներ են: Թվացյալ անտառը միանգամից անհետանում է, երբ տեսնում ես Լոնդոնի հարսանյաց ամենասիրված առանձնատներից մեկը՝ Փեմբրոքը: Այն ժամանակին եղել է Անգլիայի վարչապետերից մի քանիսի տունը, իսկ այսօր դարձել է հանրային տարածք:
Այգին փրկեց սովից
Լյուքսեմբուրգի այգի, Փարիզ
Տարածքը՝ 22.5 հա
Ստեղծման տարեթիվը՝ 1611
Այգու աղավնիները ժամանակին շատ փարիզցիների փրկեցին սովից, այդ թվում՝ այնտեղ բնակվող գրող Հեմինգուեյին: Թագուհի Մարիա Մեդիչին կառուցեց Լյուքսեմբուրգի դղյակն ու այգին՝ կրկնօրինակելով իր ծննդավայր Ֆլորենսիայի պալատը՝ որպես մանկության քաղցր հուշ: Այսօր պալատը սենատի նստավայրն է, իսկ այգին ազատ է բոլորի համար: Այն հայտնվել է նաև համաշխարհային գրականություն մեջ, օրինակ, Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» ու Հենրի Ջեյմսի «Դեսպանները» վեպերի գործողությունները տեղի էին ունենում հենց այստեղ:
Լեգենդներով այգի
Ստենլի, Վանկուվեր
Տարածքը՝ 400 հա
Ստեղծման տարեթիվը՝ 1888
Բարձր երկնաքերերն ու Խաղաղ օվկիանոսը միմյանց են միանում տարեկան 8 մլն այցելու ունեցող այգիով: Չնայած ժամանցի ու հանգստի բազմազանությանը՝ լողափ, հեծանվուղի, խաղահրապարակներ, գնացք, այգին ուշագրավ ու արժեքավոր է իր լեգենդներով ու պատմամշակութային կոթողներով: Այգում հավաքված է Կանադայի տարբեր ծայրերից բերված 9 տոտեմ՝ թվագրված Քրիստոսից հազարամյակներ առաջ: Մյուսը օվկիանոսից ելնող ժայռն է: Տեղի ցեղերից մեկի լեգենդը պատմում է, որ ժայռը տղա էր՝ իր առատաձեռնության ու բարության շնորհիվ հավերժական կյանք ձեռք բերած ու ապառաժ դարձած: Վանկուվերն ունի ևս մեկ առավելություն. ամեն քաղաք չի, որ ունի սիրելի ծառեր: Դա 700-800 տարեկան խոռոչավոր ծփին է, որն աշխարհում ամենից շատ լուսանկարված ծառերից է:
Հանուն կենդանիների
Չապուլտեպեկ, Մեխիկո
Տարածքը՝ 686 հա
Ստեղծման տարեթիվը՝ 1428
Մեքսիկայի շոգ ամառներից փախչել կարելի է 2 տեղ՝ լողափ ու Չապուլտեպեկ: Լատինական Ամերիկայի ամենամեծ այգին ստեղծվել է Չապուլտեպեկ ամրոցի շուրջը, որը այժմ կառավարության նստավայրն է: Անունը թարգմանաբար նշանակում է «մորեխի բլուր», թեև ընդհանրապես կապ չունի մորեխի հետ: Պարզապես այգու կենտրոնում մորեխի տեսքով ժայռ կա: Չնայած հսկայական չափերին՝ տարածքի միայն 1/3-ն է ապահովում այցելուների ակտիվ ժամանցը: Մնացածը հիշեցնում է վայրի անտառ, որտեղ տիրում է լռություն ու հանգստությունը: Այգու գանձը կենդանաբանական այգին է, որտեղ կա 270 տեսակի 16.000 կենդանի: Օրական 250.000 այցելուների ուղիղ կեսը գալիս է հենց կենդանիներին տեսնելու համար:
Ինտերնացիոնալիզմ
Անգլիական այգի, Մյունխեն
Տարածքը՝ 370 հա
Ստեղծման տարեթիվը՝ 1789
Ճապոնական թեյարան, չինական աշտարակ, 7000 նստատեղով գերմանական գարեջրատուն, Ապոլոնին նվիրված հունական տաճար՝ այս ամենը անգլիական ոճով այգում, որի ճարտարապետը, ի դեպ, ամերիկացի էր: Այգու միջով հոսում են 9 կմ-անոց բնական ու արհեստական գետակներ, որոնցից մի քանիսի վրա կան հատուկ սյորֆինգի համար արհեստական ալիքներ: Շատերին է զարմացնում սյորֆինգի տախտակները գետերի վրա, բայց դա այգու միակ առանձնահատկությունը չի: Այստեղ զբոսնելիս կհանդիպեք մերկ մարդկանց, ովքեր արևային լոգանք են ընդունում արդեն 50 տարի պաշտոնապես նուդիստական հայտարարված բացատում:
Արևելք ռուլզ
Ուենո, Տոկիո
Տարածքը՝ 121.5 հա
Ստեղծման տարեթիվը՝ 1873
Երբ Ճապոնիայում ծաղկում է սակուռան, ամբողջ աշխարհը վստահ կարող է ասել՝ դռները բացեք, գարուն է գալիս: Ուենոյի 8 800 ծառերից 800-ը բալենիներ են: Սա է պատճառը, որ տարեկան 10 մլն այցելուների մեծամասնությունը գալիս է գարնանը: Ընդհանարպես, Ուենոն «ամենա-ների» այգի է: Ճապոնական ուրիշ և ոչ մի այգում չեք գտնի միանգամից 4 տաճար, 5 թանգարան, մեծ կենդանաբանական այգի, որտեղ կա շուրջ 460 տեսակի կենդանի: Ի դեպ, թանգրանային բազմազանությունը իսկական գանձ է: Այն ներառում է գիտության ու բնության, արևմտյան ու ժամանակակից արվեստների, Տոկիոյի ծայրամասերի ու Ճապոնիայի ազգային թանգարանները: Վերջինս Ծագող արևի երկրում ամենահինն ու ամենամեծն է:
Որքան կանաչ, այնքան՝ լավ
Գուել, Բարսելոնա
Տարածքը՝ 17.18 հա
Ստեղծման տարեթիվը՝ 1914
20-րդ դարասկզբին կատալոնիացիները, ոգեշնչվելով Անգլիայում ծագած քաղաքային այգիների հոսանքով, որոշեցին դարձնել ծառաշատ Բարսելոնան էլ ավելի կանաչ: Նոր այգին դարձավ ակտիվ ժամանցն ու պասիվ հանգիստը միավորող վայր: Հետագայում այն լցվեց ճարտարապետ Անտոնիո Գաուդիի աշխատանքներով, որոնք այգին բաժանեցին 2 մասի՝ կանաչապատ զբոսայգու ու մշակութային գոտու: Պատահականություն չէր, որ հենց Գաուդին նախագծեց այգու շենքերը: Գաուդին ինքը ծնվել ու մեծացել էր այգու տարածում գտնվող մի տանը, որն այժմ դարձել է տուն-թանգարան:
Ավտոմոբիլը թշնամի չէ
Ոսկե դարպաս, Սան Ֆրանցիսկո
Տարածքը՝ 412 հա
Ստեղծման տարեթիվը՝ 1870-ականներ
Քիչ այգիներ կան, որտեղ մեքենաների երթևեկությունը արգելված չէ: Ոսկե դարպասը դրանցից մեկն է: Մեքենաների անցուդարձը չի խանգարում տարեկան 13 մլն մարդու այցելել այստեղ: Ավելին, ավտոճանապարհները նույնիսկ անհրաժեշտ են, որպեսզի կապեն այգու կենտրոնում գտնվող 59.000 նստատեղ ունեցող ստադիոնը քաղաքի բնակելի հատվածի հետ: Այգում կարելի է գտնել ճապոնական թեյարան իր պուրակով, ի դեպ, ամենահինը ԱՄՆ-ում: 20-րդ դարասկզբին շատ ֆիլմեր են նկարահանվել այստեղ: Պատճառը ֆունկցիոնալ բազմազանություն է՝ մի ծայրում օվկիանոս, կենտրոնական հատվածում 14 հատ լիճ ու ծաղկանոցներ, Գիտությունների ակադեմիա իր ավազանով, որտեղ ապրում են զանազան կենդանիներ: Ու, իհարկե, գեղեցիկ բնություն:
Խոսող լռություն
Թագավորական բուսաբանական այգի, Սիդնեյ
Տարածքը՝ 30 հա
Ստեղծման տարեթիվը՝ 1816
Սիդնեյի օպերայում դասական երաժշտություն վայելելուց հետո հանդիսատեսը տարիներ շարունակ այցելում էր կողքի այգին: Այնքան այցելեցին, որ այն դարձավ պաշտոնական հանգստավայր: Հիմա արդեն բուսաբանական այգում լռության մեջ զբոսանքը իսկական հաճույք է, ամեն քայլափոխի՝ նոր բույս, ծառ ու ծաղիկ, թռչուն ու չղջիկ՝ 22 000 հատ: Այգին գիտական կենտրոն է, Ավստրալիայում ամենահինը: