Ով կպատմի ոգելիցի և երևանցու փոխհարաբերություններ մասին ավելի լավ, քան այդ նույն երևանցուն խմեցնողը: Երևանում խմելու տեղերը շատ-շատ են, բարմենները՝ նույնպես, սակայն ոչ բոլոր public house-ների պատերն են տեսել wow պատմություններ, և ոչ բոլոր բարմենները կարողացան մտաբերել ուշադրության արժանի դեպքեր: Ներկայացնում ենք նրանց տեսած ու լսած լավագույն սթորիները:
Դավիթ Կարապետյան, 31 տ., 7 տարվա աշխատանքային փորձ, Հինչադա
Երեք տարի առաջ աշխատում էի քաղաքի լավագույն հյուրանոցներից մեկում: Մի օր բարձր տրամադրությամբ գործի շտապելիս շքամուտքում հանկարծակի գլուխս հարվածեցի: Բայց ուշադրություն չդարձնելով վնասվածքին, գնացի աշխատանքի: Գործընկերներս բարձր տրամադրություն ունեին, գումարվեց նաև իմ զավեշտալի առավոտյան պատմությունն ու ճակատիս քերծվածքը: Ամեն անգամ ծիծաղելիս վերքս քիչ-քիչ բացվում է: Հենց այդ ժամանակ «Բլադի Մերի» էի պատրաստում մի գերմանացու համար: Կոկտելը համարյա պատրաստ էր, երբ ճակատիցս մի քանի կաթիլ արյուն թափվեց ուղիղ բաժակի մեջ: Շատ անհարմար էի զգում ինձ, սկսեցի ներողություն խնդրել գերմանացուց, առաջարկեցի նորը սարքել, բայց նա ձեռքի արագ շարժումով վերցրեց բաժակն ու ժպտալով ասաց, որ սա կլինի իր կյանքի ամենաիրական «Բլադի Մերին»: Ի դեպ, նա թողեց խմիչքի գնից մեծ թեյավճար:
Էդգար Սարդարյան, 32 տարեկան, 12 տարվա աշխատանքային փորձ, Գրեմի
2004-ի ամռանն աշխատում էի Գոլդեն Թուլիփ հյուրանոցի բարում: Անտանելի շոգ էր, երբ նկատեցի բարի մոտ շրջող ռեժիսոր Նիկիտա Միխալկովին: Երբ ռեժիսորը ավելի մոտ եկավ բարին, որոշեցի կատակել. «Ոնց որ թե ես ձեզ մի տեղ տեսել եմ…»: Միխալկովն իրեն չկորցրեց ու պատասխանեց. «Տղաս, չես հիշում, իրար հետ Կուբայում էինք հանգստանում: Պատրաստի՛ր իմ համար Caipirinha, նախորդ անգամ շատ լավ էր ստացվել»: Ես, իհարկե, պատրաստեցի կոկտելը, Նիկիտա Սերգեևիչն այն վերցրեց, շնորհակալություն հայտնեց և գնաց արևի տակ շիզլոնգին պառկելու:
Արթուր Սավադյան, 28 տարեկան, 8 տարվա աշխատանքային փորձ, moscafe
Մեծ ծնունդ էին նշում: Մի երիտասարդ զույգ բոլորից առանձնացել, եկել-նստել էր իմ դիմաց՝ բարի մոտ: Երևի երկու ժամ նստած - խոսում էին իմ հետ, վիսկի ու լիկյոր խմում: Ծնունդը վերջացավ, ամուսինները հաջողություն ասացին իրենց ընկերներին, հագնվեցին և դուրս եկան ռեստորանից' մոռանալով իրենց երեքամյա տղային: Ամբողջ անձնակազմով սկսեցինք զբաղեցնել փոքրիկին, որ չլացի: Մի ժամ անց ներս մտան վախեցած ծնողները: Սկզբից որոշեցինք կատակել և ասեցինք, որ երեխան մեզ մոտ չի: Բայց հասկացանք, որ չարժե, արագ բերեցինք երեխային, նրանք գրկեցին իրան ու գնացին: Վերագտան իրար:
Տիգրան Աթանեսյան, 24 տարեկան, 2 տարվա աշխատանքային փորձ, Վան Գոգ
«Անցած տարի օգոստոսն էր, ընկերս մի քանի օրով թողեց իր կիթառը մեզ մոտ՝ Վան Գոգում: Հաջորդ օրը երեկոյան գործի ժամանակ լույսերը տարան: Լույս չկար, բնականաբար, երաժշտություն էլ չկար: Ու մատուցողը, իմանալով, որ կիթառ նվագել գիտեմ, առաջարկեց զբաղեցնել հաճախորդներին: Սկսեցի երգել Բամբիռ, Սպլին, Ցոյ, Հախվերդյան, Նաուտիլիուս Պոմպիլիուսի երգերը: Երեք անգամ լույսերը անջատեցին-միացրեցին, բայց հաճախորդներին այնքան էր դուր եկել իմ live-համերգը, որ խնդրում էին անջատել կոմպը: Տենց մեկ ու կես ժամ համատեղում էի բարմենությունն ու երգեցողությունը: Հաջորդ օրը ահագին մարդ հարցնում էր՝ միգուցե անջատենք լույսերն ու էլի իրանց համար երգեմ ու նվագեմ:
Վահրամ Պահլավունի, 23 տարեկան, 3 տարվա աշխատանքային փորձ, ՕAK
«Անցած ամառ էր, համարյա մարդ չկար փաբում, կեսգիշերին մտավ մի այցելու՝ բարձրահասակ, փորով, պիվա խմող, մաշված ջինսերով, կոպիտ կոշիկներով 70 տարեկան մի պապիկ: Մոտեցավ բարին, պատվիրեց լցնովի գարեջուր, վճարեց ու նստեց սեղանին, հանեց օրագիրը, սկսեց գրել: Մոտեցա գարեջուրը մատուցելու ու հարցրեցի՝ ի՞նչ է գրում: Ասաց՝ Լիվերպուլից է, Հայաստանի մասին գիրք է գրում, ու մեկնեց ինձ այցեքարտը: Կարդացի, վրան գրած էր՝ Ջո Կոկեր:
Վահե Բարսեղյան, 23 տարեկան, 5 տարվա աշխատանքային փորձ, Calumet
Մոտ մի տարի առաջ ամեն օր գալիս էր մի աղջիկ, տխուր նստում բարի մոտ ու մարտինի պատվիրում: Զգացվում էր, որ միայնակ է, ինչ-որ դարդ ունի: Մտքովս մի տղա անցավ, ով էս աղջկան կսազի: Երկուսն էլ մոտ երեսուն տարեկան են ու հաճախ մենակ էին գալիս փաբ: Աղջկա կողքը շատ տղաներ էին ուզում նստել, շփվել հետը, ես չէի թողում, ուզում էի, որ հենց այդ տղեն գա նստի: Ու մի անգամ նույն օրը երկուսն էլ եկան: Արագ ծանոթացրեցի, սկսեցին իրար հետ խոսել: Մի քանի օր անց արդեն իրար հետ սկսեցին գալ: Կես տարի առաջ նշանվել են, իսկ վերջերս իմացա, որ նաև ամուսնացել են: