13 Հունիս 2014, 12:35
1963 |

Անձրևահամ հացը՝ լեռներում

Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման հասարակական կազմակերպությունն արդեն 6-րդ անգամ նախաձեռնում է «Հացը լեռներում» փառատոնը: Այն հարթակ է, որտեղ իրենց խոհարարական հմտություններն են ցուցադրում ռեստորանները, խոհարարական կազմակերպությունները, ինչպես նաև արվեստների ու արհեստների կրթօջախները:

Անձրև, անձրև, մի՛ մաղի, մենք գնում ենք փառատոնի
Անձրևի սպառնալիքով կուտակված ամպերի տակ կապույտ հովանոցները բացվեցին, սեղանները շարվեցին, սփռոցները փռվեցին, բարձրախոսների տեխնիկական թերությունները շտկվեցին, ու Արգիշտի արքայի հրապարակում սկսվեց «Հացը լեռներում» ամենամյա փառատոնը: Սևացող ամպերին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Ոմանք մեկ-մեկ երկնքին էին նայում ու վանում անձրևի մասին մտքերը: Բեմում աժիոտաժ էր, իրար էին հաջորդում ժողովրդական երգուպարի կատարումները: Փառատոնի մասնակիցների ու այցելուների շարքերը խտանում էին, ուտելիքների բույրերն իրար խառնվում, «էստի համերցեք» կանչողներն իրար հերթ չէին տալիս: Փառատոնը թքած ուներ ամպուանձրևի սպառնալիքների վրա:



Համեցեք ընթրիքի
«Հացը լեռներում» փառատոնը միշտ երեկոյան է անցկացվում: Ուզես-չուզես՝ ընթրում ես. մի հատ տոլմա՝ այս սեղանից, մի գդալ հարիսա՝ մյուսից, մի կտոր փախլավա՝ երրորդից: Տաղավարները ներկայացնում էին ժողովրդական տոների ճաշատեսակները՝ Վարդավառ, Սուրբ Զատիկ, Համբարձում, Նոր տարի, Ծառզարդար: Ընդդիմանալ անհնար է. խնոցին՝ լիքը թանով, կողքին էլ՝ թոնրի մեջ խորոված ուլ: Բուսակերների համար էլ են մտահոգվել. հատիկեղենով տոլմաների տեսականի, տապակած կանաչեղեն ու ընդեղենով ուտեստներ: Խոհարարական ուսումնարաններն ու կազմակերպությունները քունջուպուճախներից հանել էին ամենայուրօրինակ բաղադրատոմսերը՝ զարմացնելու համար փառատոնի այցելուներին: Արշտայով, մեղրով ու ընկույզով աղանդեր, հալվաներ, լցոնած մրգեր, մսի ու հատիկեղենի համադրություններ. շեշտադրված էր հայկական ազգային խոհանոցը:



Գրպանիդ չափով կեր
Շատակերներն իրենց մատնեցին՝ չկարողանալով սեղանների վրա շարք-շարք դասավորված ուտեստների կողքով անտարբեր անցնել: Հյուրասիրվել կարելի էր, բայց ոչ միշտ՝ անվճար: Մի պատառ ավելուկ, մի կտոր տապակա՝ համտեսի համար՝ խնդրեմ, բայց, ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում: Ու սեղանի այն կողմում կանգնած խոհարարները ժպտադեմ ծանոթացնում են գների հետ: Մի հատիկ տոլման 100-200 դրամ է, մի կտոր գաթան՝ 150, հալվան ու փախլավան՝ 300, աղցաններն ու մսեղենը՝ 500 դրամ:



Ի՞նչ է ծոթրինը
Տեղացիներից աշխույժ էին օտարերկրացիները: Քննող հայացքով ու գրգռված ախորժակով տաղավարից տաղավար էին շրջում, համտեսում իրենց համար տարօրինակ կերակուրները: Սկզբում դանդաղ էին ծամում, հետո հոնքերը հետզհետե բարձրացնում ու ծամելու տեմպն արագացնում: Լայն ժպիտով լուսանկարվում էին տաղավարների կողքին, հետո խոշոր պլանով լուսանկարում նաև իրենց դուր եկած ուտեստները: Ամենաեռանդունը ղազախ Իրըշն էր: Նա իրար հետևից կուլ էր տալիս կանաչ համեմունքով պատված բլիթները, հիացական բառեր ասում իրենց լեզվով, հետո ռուսերենով հարցնում սրան-նրան՝ ծոթրինը ի՞նչ է: Ծոթրինն այն կանաչ համեմունքն էր, որով պատված բլիթները նա այդքան հավանել էր:



Անձրև, անձրև, մաղեցիր, էլի
Անցյալ տարվա համեմատ այս անգամ «Հացը լեռներում» փառատոնի մասնակիցների ու այցելուների թիվը զգալիորեն քիչ էր: Երաժշտական կատարումներն էլ իրենց որակով զիջում էին անցյալ տարվան: Թերևս մեղավորը եղանակն էր, ամեն դեպքում արևը լավ տրամադրության առաջին նախադրյալ է, իսկ փառատոնն անցնում էր առանց արևի: Մարդկանց շարքերը հետզհետե նոսրացան հատկապես երբ ամպերն իրար վրա դարսվեցին, սևացան, ու անձրև մաղեց: Չնայած հանդիսավարի ջանքերին՝ այցելուների աշխուժությունը նահանջեց: Հացը լեռներում իր տեղը զիջեց անձրևին լեռներում:

Այս թեմայով