Մայրաքաղաքի «ծննդատանը»` Էրեբունու բլուրում, մի խումբ երեխաներ լուռ ու մունջ պեղում են ու պեղում։ Նրանցից ո՞վ հետագայում կպեղի Հայաստանի անթիվ թաքնված գանձերը, առայժմ դժվար է ասել, բայց ինչ-որ բան գտած երեխաների բոցկլտացող աչքերը բավականին տպավորիչ են այսօր արդեն:
6-ից 16 տարեկան պատանիներն ու աղջիկները «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի Հնագետ» դպրոցի սաներն են։ 2012-ից գործող դպրոցում դասերն ընթանում են բաց երկնքի տակ, իսկ դասագրքերն էլ սեպագրերն են։ Չնայած պեղավայրն արհեստական է, բայց այն ճիշտ և ճիշտ Էրեբունի ամրոցի սենյակների կրկնօրինակն է։
«Պատանի Հնագետ» ծրագիրը չորս շաբաթ տևող գործնական և տեսական պարապմունքներ են։ Մայրաքաղաքի տարբեր դպրոցների աշակերտները, 14 օր շարունակ հողի շերտը զգուշությամբ մաքրելով, փորձում էին դուրս բերել հնագիտական արժեք ներկայացնող առարկաներ։ Նրանցից ո՞վ հետագայում կպեղի Հայաստանի անթիվ թաքնված գանձերը, առայժմ դժվար է ասել, բայց ինչ-որ բան գտած երեխաների բոցկլտացող աչքերը բավականին տպավորիչ են այսօր արդեն:
Վիգեն, 14 տարեկան
Դպրոցում իմ ամենասիրած առարկան օտար լեզուն էր։ Բայց դա մինչև պեղումներն էին: Երկու շաբաթում այստեղ սովորել եմ սեպագրեր կարդալու ու գրելու հիմունքները։ Շատ եմ սիրում զբոսնել Էրեբունու ամրոցի տարածքում ու փնտրել սեպագրեր։ Ծիծաղելի է, երբ տուրիստները, պատերի ու սյուների վրա փորագրվածը պարզապես նախշերի տեղ են ընդունում, իսկ ես կարդում եմ դրանք։ Այս երկու շաբաթներում ոչ միայն պեղումների էի մասնակցում, այլև պեղված նմուշների վերականգնմանը։ Շատ սիրեցի վերականգնողական աշխատանքը։
Միհրան, 14 տարեկան
«Պատանի հնագետների» ակումբի մասին իմացել եմ համացանցից։ Շատ էի տպավորվել ու հենց հնարավորություն ունեցա, անմիջապես միացա խմբին։ Այստեղ ես ոչ միայն ընկերներ գտա, այլև սովորեցի տարբերել մշակութային ու պատմական նշանակություն ունեցող իրերը։ Ամենատպավորիչը պեղումներն էին, երբ բոլորս միասին մաքրում էինք հողի շերտը, հույս ունենալով, որ մի արժեքավոր նմուշ կգտնենք։
Հրանտ, 13 տարեկան
Պեղումներից բացի, սովորեցի գտածոն նկարագրել, գծագրել կառուցվածքը։ Պեղումներից հետո իսկական հետազոտական աշխատանք է սկսվում, երբ նշում ենք՝ որտե՞ղ է գտնվել իրը, ի՞նչ է իրենից ներկայացնում, քանի՞ տարեկան է, բուն նշանակությունը։ Արդեն գիտեմ հաստատ, որ անպայման հնեաբան եմ դառնալու։
Հովհաննես, 12 տարեկան
Ամենահետաքրքիրը միջնադարյան մարդու կմախքն էր։ Երբեք իսկական կմախք չէի տեսել ու չէի էլ կարող պատկերացնել, որ մի օր ինքս կմախքի դուրս բերման աշխատանքներով կզբաղվեմ։ Երբ ընկերներիս պատմում էի պեղումների մասին, բոլորը հարցնում էին, թե չէ՞ի վախենում արդյոք։ Հնագետը ոչնչից չպիտի վախենա։ Կմախքը դուրս բերելուց հետո ուղարկեցինք կոնսերվացման։ Բնականաբար, մինչև այդ լուսանկարվեցինք նրա հետ:
Արտուշ, 6 տարեկան
Հիմա գիտեմ, թե ինչպես է պետք ճիշտ պեղումներ անել։ Գիտեմ, օրինակ, որ գտնված իրը ոչ մի դեպքում չի կարելի հողից հանել, պետք է խոզանակով զգուշորեն մաքրել հողի շերտն այնքան, մինչև իրն ազատվի հողից։ Գիտեմ նաև, որ փորագրված գրությունները կարդալու համար պետք է վրան ջուր լցնել, որ պատկերը հստակ դառնա։ Ճիշտ է, ես դեռ չեմ կարողանում կարդալ սեպագրերը, բայց շուտով դա էլ կսովորեմ։