10 Հունիս 2014, 15:36
11034 |

Ծառապատում

Հնագույն ժողովուրդներն, այդ թվում հայերը, ծառի պաշտամունք են ունեցել, որը մինչև օրս էլ որոշ չափով պահպանվում է: Օրինակ՝ ուխտատեղիներում երազանք են պահում ու ծառի ճյուղերին թաշկինակ կապում: Հայերն ունենք «կենաց ծառ» արտահայտությունը, ծառը եկեղեցական ու ժողովրդական ծեսերի ժամանակ որպես խորհրդանիշ է կիրառվում, օրինակ՝ Ծաղկազարդին ուռենու ճյուղերը, կամ Նոր տարուն՝ զարդարված եղևնին: Հայաստանում կան ծառեր, որոնք առանձնահատուկ կենսագրություն ունեն, պատմության կամ դիպվածի հերոսներ են: Այլ կերպ ասած՝ ծառ-լեգենդներ են:

Վարդան Մամիկոնյանի կաղնին
Իջևանի Ակնաղբյուր գյուղում մի ընկած կաղնի կա: Այդ վայրն ուխտատեղի է: Հայրենական մեծ պատերազմ գնացող զինվորները, իսկ Ղարաբաղյան հերոսամարտի ժամանակ նաև մեր կամավորները՝ ռազմաճակատ մեկնելուց առաջ կաղնու առջև երդվելիս են եղել արյան գնով պաշտպանել հայրենիքը: Նորակոչիկների երդման արարողություններ հիմա էլ են կազմակերպվում այնտեղ: Ասում են՝ կաղնին տնկել է Վարդան Մամիկոնյանը:

450 թվականին Խաղխաղի ճակատամարտում պարսիկների դեմ կռվելով ու նրանց հաղթելով՝ տունդարձի ճանապարհին սպարապետն, ի նշան հաղթանակի, խորհրդանշական կաղնի է տնկում: Ծառն ապրում է 1500 տարի: Ժողովրդի մեջ պաշտամունք է ստեղծվել կաղնու նկատմամբ. անգամ «Վարդանանց կանչ» տոն կա՝ ժողովրդական ծես, որին մասնակցում են թե՛ տեղացիները, թե՛ այլ վայրերից եկած ուխտավորներ: Վարդան Մամիկոնյանի տնկած հսկա կաղնին, իր կյանքն ապրելով, 1500 տարի հետո ընկել է: Այն այսօր էլ հուշակոթողի նշանակություն ու արժեք ունի:

 


Դեդեկտիվային ընկուզենի
Տավուշի Հաղարծին եկեղեցու հետևում՝ զառիթափի պռնկին բարձր ընկուզենի կար, որը պակաս հմայք ու արժեք չուներ, քան հուշարձանը: Բայց վերջերս ընկուզենին վառել են: Կայծակը չի խփել, ոչ էլ ինքն իրեն է վառվել. ուղղակի վառել են: Ինչի՞ն էր խանգարում ծառը, ո՞ւմ բաժին օդն էր շնչում, հայտնի չէ, վառել են ու վերջ: Սևացած-մոխրացած փչակի մի հատվածն է մնացել: Առաջվա պես մարդիկ էլի են նկարվում վառված ծառի տակ: Ընկուզենին վառողի վատությունն էլ իրեն մնաց:

 


Իմ հեռու-հեռու նաիրյան դալար բարդի
Կար-չկար մի բարդի կար: Ավելի ճիշտ, 2 բարդի: Խոսքը դեռ նախորդ դարասկզբի գեղանկարներում, ֆիլմերում ու լուսանկարներում Արարատի բնապատկերի մասին է՝ Սիսն ու Մասիսը, Արարատյան դաշտավայրը, կապույտ երկինքն ու այդ ֆոնին՝ երկու բարդիները՝ մեկը բարձրահասակ, մյուսը՝ մի քիչ կարճ: Բարդիներն Արարատի մարզի Ազատավան գյուղում էին: Մեկ դար կանգուն էին, չկար Մասիսի նկար՝ առանց հանրահռչակ բարդիների: 10-15 տարի առաջ արված գեղանկարներում ու լուսանկարներում տեսնում ենք, որ Մասիսները կան, Արարատյան դաշտավայրն ու կապույտ երկինքը՝ նույնպես, բայց բարդիներից մեկը չկա: Պարզվում է՝ կարճահասակ բարդին էլ չկա:

Ավելին՝ եթե այսօր Մասիսիների նկար տեսնեք՝ թեկուզ մեկ բարդիով, իմացեք, որ արտանկար է, որովհետև երկրորդ բարդին էլ է ընկել: Ազատավանի բնակիչներն ասում են. «Մեկ դար ապրեցին զույգ ծառերը. բարդի էին, հո կաղնի չէին, որ 500 տարի ապրեին»: Ազատավան էլի են նկարիչներ գնում՝ Արարատը նկարելու, բայց խորհրդանշական պատկերն այլևս հնարավոր չէ ստանալ, բարդիների տեղը դատարկ է:

 


Մարշալի կաղնին
Վարդան Մամիկոնյանի խոնարհված կաղնու կողքին մարշալ Հովհաննես Բաղրամյանը 1975-ին դալար կաղնիներ է տնկել: Դրանք դեռ 40 տարեկան էլ չկան: Բաղրամյանն այդ ծառերը տնկել է՝ ոգեկոչելով Վարդան սպարապետի հիշատակը: Նա, փաստորեն, պատերազմում էլ, խաղաղ պայմաններում էլ շարունակել է Վարդան Մամիկոնյանի ավանդը: Հիմա ընկած կաղնու շուրջբոլորը դալար ծառեր են բարձրանում, որոնք նույնպես խորհրդանշական արժեք ունեն. անձամբ մարշալ Բաղրամյանն է դրանց կյանք տվել: Երկու զորավարների անուններն ու գործը կողք կողքի են լինելու. վկան՝ դարավոր ու դեռ երիտասարդ կաղնիները:

 


Պարույր Սևակի Ղազար պապի խնձորենին
Արարատի մարզի Զանգակատուն՝ նախկին Չանախչի գյուղը Սևակի ծննդավայրն է: Բանաստեղծը պապենական այգու չորացած ծառերի փոխարեն նոր ծառեր է տնկել: Պոետը պահել-փայփայել է Գևորգյան ճեմարանն ավարտած, ուսյալ ու կրթյալ Ղազար պապի տնկած խնձորենին: Ղազարը, որի անունից էլ առաջացել է Պարույրի ազգանունը՝ Ղազարյան, մահացել է 1905-ին: Խնձորենին տնկած կլինի 30-40 տարեկանում, ուրեմն՝ 1860-ականներին: Ուրեմն խնձորենին առնվազն 150 տարեկան է: Հիմա էլ Սևակի այգում ծաղկում, տերևակալում, բերք տալիս ու փթթում է դարավոր խնձորենին:

 


Ծիրանենին Սևակի կտակն է պահանջում
Սևակը զգացել է իր մոտալուտ մահն ու բանավոր կտակել. «Ինձ կթաղեք իմ այգու այս ծիրանենու տակ»: Պոետի այգում ծիրանենիները մի քանիսն են, բայց հատկապես իր տանը շատ մոտ տնկած ծառն է սիրել նա, որի տակ էլ ցանկացել է ամփոփվել: Կտակի համաձայն՝ նրան թաղել են սեփական այգում: Բայց քանի որ նրա սիրելի ծիրանենին ուղիղ տան կողքին է եղել, հարազատները որոշել են մի քիչ շեղվել կտակից ու բանաստեղծի մարմինն ամփոփել մեկ ուրիշ ծիրանենու տակ՝ քիչ հեռու տնից: Ականատեսները պատմում են, որ հուղարկավորությունից 7 օր անց ծիրանենին, որի տակ, ըստ բանավոր կտակի, պիտի թաղվեր Սևակը, բերքը վրան՝ խոնարհվել, ճյուղերը կռացրել է դեպի Սևակի շիրիմը: Տարիների ընթացքում ծիրանենին ճյուղերն էլ ավելի է տարածել դեպի Սևակի գերեզմանը, չորացել, դարձել է խեչմար քիչ հեռու աճող խաղողի վազերի համար: Խոնարհված ճյուղերով ծիրանենին մինչև հիմա չի համակերպվում բանաստեղծի կտակից շեղվելու փաստի հետ:

 


Իսահակյանի սերն առ ընկույզ ու ընկուզենի
Ավետիք Իսահակյանն իր երևանյան առանձնատանն ապրել է 1947-ից: Նրա մահից հետո այն տուն-թանգարան է դարձել: Թոռը՝ Ավիկ Իսահակյանը, վկայում է, որ ինքը երեխա էր, երբ պապն այգում ընկուզենի տնկեց: Ծառն առնվազն 50 տարեկան է: Թանգարանի աշխատակիցներն ասում են, որ հրաշալի բերք էր տալիս՝ հյութեղ, համեղ ընկույզներ: Վարպետն ինքն էլ ընկույզ շատ է սիրել:

Հիմա ընկուզենին այնքան է բարձրացել, որ ասես բարդի լինի. վերին ճյուղերն արդեն չորանում են. էտել է պետք: Ծերացել ու հոգնել է, տված ընկույզներն էլ նախկինի նման չեն, սևացած ու փուչ են:

 


«Մենավոր ընկուզենու» մենավոր ընկուզենին
Վայոց ձորի Սպիտակավոր եկեղեցին ուխտատեղի է, որին պատին կից 1987-ին ամփոփվել են Գարեգին Նժդեհի մասունքները: Եկեղեցուց քիչ հեռու մի մենավոր հսկա ծառ կա: Շոգին ու տապին ուխտավորները շտապում են մտնել ծառի սաղարթի տակ՝ արևից պաշտպանվելու: Տեղացիները հպարտ-հպարտ հարցնում են եկվորներին. «Մի լավ նայեք, ծանոթ ծառ չի՞: Թե ծանոթ չի, ուրեմն «Մենավոր ընկուզենի» կինոն չեք տեսել»: Ֆրունզե Դովլաթյանի «Մենավոր ընկուզենի» ֆիլմից որոշ հատվածներ այդ տարածքում են նկարահանվել, իսկ գեղարվեստական կերպար դարձած մենավոր ընկուզենին հիմա էլ հսկա սաղարթը փռած՝ իր կինոկենսագրությունն է պատմում եկվորներին:

 


Աշոտ Երկաթի տնկած արքայական սոսին
Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Սարիգյուղում մի հսկա սոսի կա: Նոյեմբերյանից դեպի Արցախ ճանապարհին ամեն 40 կմ-ի վրա էլի սոսիներ կան: Բանն այն է, որ հնում ճամփորդող քարավանները 40 կմ-ը մեկ իջևանել են: Կանգառներում աղբյուրներ ու սոսիներ են եղել հանգստի ու զովանալու համար: Սարիգյուղի սոսին առանձնակի նշանակություն ունի տեղաբնակների ու հյուրերի համար: Այն 12 մ շրջագիծ ունի, իսկ փչակը 2 քմ է: Ասում են՝ այդ սոսին հայոց արքա Աշոտ Երկաթն է տնկել: Վայրը սրբատեղի է: Յուրաքանչյուր 100 տարին մեկ ծառի փչակն ինքն իրեն բոցավառվում է, բայց չի այրվում: Փչակի վրա պարզ երևում են այրված հետքերը, բայց սոսին բնից վերև դալար շիվեր ու ճյուղեր է արձակում ու ավելի տարածվում:

Այս թեմայով