06 Հունիս 2014, 16:29
5275 |

Ձևաչափից դուրս

Մի զույգի մոտ հեքիաթը հարսանիքից հետո ավարտվում է՝ տեղը զիջելով դաժան առօրյային, մյուսների մոտ, ընդհակառակը, միայն սկսվում է: Դրա ապացույցը Տիգրան Նալչաջյանի և Աիդա Թորոսյանի երիտասարդ ընտանիքն է, որը «Ֆորմատից դուրս» նոր նախագծի շրջանակում ցույց տվեց, թե ինչպես կարելի է ամենասովորական օրը վերածել հիշվող տոնի:

Սովորական ծաղիկներով, սրճարաններով ու ռեստորաններով, կինո գնալով և անգամ լուսնի տակ զբոսանքներով այսօր արդեն ոչ մեկին չես զարմացնի: Աղջկա սիրտը շահելու կամ պարզապես մտերիմ մարդուն հաճելի նվեր անելու համար պետք է գործի դնել ստեղծարարությունն ու աշխարհին նոր ձևաչափով նայել: Իսկ ավելի լավ է՝ «Ֆորմատից դուրս». այդպես է կոչվում Վահրամ Միրաքյանի նոր նախագիծը, որի շրջանակում կարելի է իրականություն դարձնել ամենախենթ երազանքը: «Երևանում կան լավ վայրեր, որոնք մենք ժամանակ առ ժամանակ այցելում ենք: Բայց դա շատ քիչ է, մի տեսակ ավելին ես ուզում»,- համոզված է նա: «Ֆորմատից դուրս» նախագիծը սիրելիի կամ, ասենք, կոլեկտիվի հետ ժամանակը ոչ ստանդարտ պայմաններում անցկացնելու իրական հնարավորություն է: Կազմակերպում են ռոմանտիկ (և ոչ միայն) ցատկեր օդապարիկով, թռիչքներ աէրոշուտով, և այդ ամենը կարող է ուղեկցվել, օրինակ, գեղեցիկ «այրվող» խոստովանությամբ, որը կարելի է տեսնել թռչնի թռիչքի բարձրությունից: Առաջարկում են նաև դիմավորել լուսաբացը Տաթևում, ընթրել զբոսանավում՝ ջութակի մեղեդիների ներքո և այլն:

Վերջերս մեկնարկած նոր նախագծի առաջին հերոսները «STAGE 7» դերասանական ստուդիայի տնօրեն Տիգրան Նալչաջյանն ու նրա կինը՝ Աիդա Թորոսյանն են:

 

Ռոմանտիկ ընթրիք 15-հարկանի շենքի տանիքին՝ գեղեցիկ տեսարանով դեպի երեկոյան Երևանը: Վայր, որտեղ ավանդական խորովածի փոխարեն սուշի է, անհասկանալի երաժշտության փոխարեն՝ Կառլոս Գարդելյայի ու Ալֆրեդո Լե Պերայի «Por Una Cabeza» հանրահայտ տանգոն «Կնոջ բույրը» ֆիլմից՝ երիտասարդ ջութակահար Ալեքսանդր Աթանյանի կատարմամբ, և շոգ ամառային երեկո՝ հովացրած սառն անձրևով: Իսկական հեքիաթ: Այդպես էլ մտածված էր ամեն ինչ, բացառությամբ, իհարկե, անձրևի, որը շատ տեղին եկավ: Աիդայի հրճվանքին չափ ու սահման չկար, աչքերը երջանկությունից պսպղում էին:

- Ամենից քիչ էի նման անակնկալի սպասում: Անչափ հաճելի է: Հատկապես, երբ դա այդքան օրիգինալ ու գեղեցիկ է: Ջութակի մեղեդային հնչյունները, որն ինձ համար ռոմանտիկայի յուրօրինակ խորհրդանիշն է, ուղղակի անկրկնելի էին: Եվ, իհարկե, անձրևը: Այն այսօրվա երեկոն լիովին կատարյալ դարձրեց: Բայց գիտե՞ք, թե ինչն էր ամենահաճելին: Երբ չկա առիթ, բայց կա հաճելի նվեր անելու ցանկություն:

 

Երիտասարդներն ասում են, որ իսկական հեքիաթն իրենց մոտ հարսանիքից հետո է սկսվել: Նրանք 10 ամիս են ամուսնացած և չեն դադարում զարմացնել միմյանց բոլոր հնարավոր ոչ ստանդարտ անակնկալներով ու նվերներով:

- Երկուսս էլ նախաձեռնող ենք, սիրում ենք այն ամենը, ինչ սովորական չէ, և գտնում ենք, որ պետք է ապրել ցանկացած շրջանակներից դուրս,- ասում է Տիգրանը:- Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի սահմանափակ ու միապաղաղ ապրես: Մենք միշտ ոչ ստանդարտ գաղափարների կողմից ենք: Եվ այդ առումով պետք է ասեմ, որ Աիդայի մտքի թռիչքը չափ ու սահման չունի:

Ամփոփելով տեսածն ու լսածը՝ եզրակացնում ես, որ հանպատրաստից քայլերը, իհարկե, վատ չեն, բայց, դե, հեքիաթը լավ պատրաստություն է պահանջում:

Այս թեմայով