05 Հունիս 2014, 18:47
1720 |

Naughty Sessions. ակումբային տժժոցի մշակույթը

Ութ հոգի միացել են Երևանում ակումբային մշակույթի և էլեկտրոնային երաժշտության զարգացման գաղափարի շուրջ, և իրենց նախագիծն անվանել Naughty Sessions: Անցյալ տարեվերջից Naughty Sessions խորագրի ներքո երեք ակումբային միջոցառում է տեղի ունեցել, իսկ հունիսի 7-ին սպասվում է չորրորդը, որը տեղի կունենա Yerevan Plaza-ի յոթերորդ հարկում՝ երեկոյան 7-ից մինչև լուսաբաց: Սերգեյ Վարդանյանը, իսկ ավելի ճիշտ՝ Naughty Turtle-ը, իր վրա է վերցրել կազմակերպչի ու դիջեյ-խմբավորման առաջնորդի պարտականությունները: Իսկ խմբավորումը խելահեղ հավակնություններով է, սիրահարված էլեկտրոնային երաժշտությանն ու միաժամանակ ինտելեկտուալ երաժշտություն է ստեղծում: ImYerevan.com-ը զրուցել է նրանց հետ այն ամենի մասին, ինչը մտահոգում է ժամանակակից երևանյան դիջեյին:

Սերգեյ – Naughty Turtle
Այն ամենը, ինչ անում ենք, մենք սովորել ենք լավագույն միջազգային փորձի հիման վրա: Մենք հաճախում էինք Իբիցայի ու Բեռլինի ակումբները, էլեկտրոնային երաժշտության եվրոպական ու ամերիկյան փառատոներ ճիշտ այնպես, ինչպես ուսանողները համալսարան են հաճախում: Naughty Sessions-ը դարձավ մի նախագիծ, որը կարողացավ միավորել հեռանկարային երևանյան դիջեյներին ակումբային մշակույթի առաջխաղացման, ճիշտ հանգստանալ և ժամանակակից երաժշտությունը վայելել կարողացող ինտելեկտուալ հանրության ստեղծման գաղափարի շուրջ: Մեր թիմը մշտապես աճում է, և մենք բաց ենք այն երաժիշտների համար, որոնք ցանկանում են միանալ Naughty-ընտանիքին:

Իմ ընկերներից շատերը, ներկա գտնվելով մեր ելույթներին, հետո մեզ մեղադրում էին, թե մենք նրանց կախվածության մեջ ենք դրել լավ երաժշտությունից, մինչդեռ Երևանում շատ քիչ տեղեր կան, որտեղ դրանից հետո կարելի է գնալ: Բայց փաստերը խոսում են այն մասին, որ հիմա ակումբներն ու փաբերն իրենք են սկսում ականջ դնել իրենց այցելուների ճաշակին, ինչն իր հերթին երաժշտության առումով բարձրացնում է ծառայությունների որակը: Մեզանից շատերը ոչ միայն դիջեյություն են անում, այլև իրենք երաժշտություն գրում: Մենք ձգտում ենք, որպեսզի մոտ ապագայում նախագծի յուրաքանչյուր մասնակիցը ստեղծագործող դառնա: Դա միանգամից կբարձրացնի ինչպես Naughty Sessions-ի, այնպես էլ ամբողջ երևանյան անդերգրաունդի նշաձողը: Մենք ուզում ենք, որ էլեկտրոնային երաժշտության սիրահարներն ամբողջ աշխարհում մեր տարածաշրջանն առաջին հերթին Naughty Sessions-ի հետ ասոցացնեն: Դրան կծառայի նաև մեր սեփական լեյբլը, որը պատրաստվում ենք բացել մոտ ապագայում և շատ այլ բաներ, ինչի մասին դեռ վաղ է խոսել: Մի խոսքով՝ մեր հավակնություններն անսահման են:

 

Դավիթ և Գարիկ – The_StoryTellers
Դավիթ. Երևանում մի խնդիր կա՝ վախ նորույթներից: Դա, հնարավոր է, միակ բանն է, որ արգելակում է որակյալ ակումբային երաժշտության զարգացումը: Ասենք՝ ես ու Գարիկն ունեցել ենք ելույթներ, երբ պարահրապարակում ընդամենը մեկ մարդ կար, և մենք նրա համար էինք նվագում, իսկ եղել է, որ ակումբը մարդաշատ էր, բայց ավելի լավ էր՝ մի մելոման լիներ, որն ընդունակ կլիներ գնահատել մեր արվեստը:

Գարիկ. Բայց այդ իրողություններն աստիճանաբար փոխվում են: Կար մի պահ, երբ մենք նույնիսկ մտածում էինք էլեկտրոնային երաժշտի համար ավելի «հարմարավետ» երկիր գնալու մասին: Naughty Sessions նախագիծն օգնեց մեզ համակարգել մեր հարաբերությունները, նպաստեց ինչպես մեր ստեղծագործության, այնպես էլ ընդհանրապես ելույթներում որակական փոփոխություններին: Իսկ հիմա, եթե գնանք Հայաստանից, ապա միայն հյուրախաղերի:

 

Արթուր – The Monolog
Ես կարծում եմ, որ դա հայկական խնդիր է՝ թիմային աշխատանքով զբաղվելու անընդունակությունը: Բայց բավական է մի քանի հոգի հավաքվեն մեկ նպատակի շուրջ, և նոր գաղափարներ ու հեռանկարներ են հայտնվում: Մենք բոլորս նախկինում անձամբ ճանաչում էինք իրար, ընկերություն անում, բայց հենց Սերգեյին հաջողվեց նախանշել այն ճիշտ վեկտորը, որը միավորեց մեզ: Այո, մենք ունենք խնդիրներ՝ կապված երևանյան մտածելակերպի հետ, բայց այդ խնդիրները լուծելի են, և ասեմ ավելին՝ արդեն լուծվում են:

 

Խաչատուր – X40
Առայժմ մեզ մոտ իրադրությունն այսպիսին է. մարդիկ գալիս են ակումբ և անում այն ամենը, ինչ կարող են անել տանը: Ասենք՝ լսում են այն երաժշտությունը, որը կարող են լսել տանը, պատվիրում են ուտելիք, որը կարող են տանը պատրաստել, շփվում են այն մարդկանց հետ, ում հետ կարող են շփվել նաև տանը: Նրանք ակումբային կյանքից չեն ստանում այն, ինչի համար եկել են: Հենց այդ պատճառով էլ նրանք անբավարարված են հեռանում: Մեր թիմը հենց դրա համար է հավաքվել, որպեսզի նրանց տա այն, ինչ նրանք ուզում են՝ կենդանի երաժշտություն, մի երեկո իրականությունից, առօրյայից կտրվելու, սեփական խնդիրները մոռանալու ու հաջորդ օրերի համար լիցքեր ստանալու հնարավորություն: Հենց դրանում է էլեկտրոնային երաժշտության յուրահատկությունն ու առաքելությունը՝ մարդկանց ի մի հավաքել ներդաշնակ ու դրական ժամանցի համար:

 

Դավիթ – Gemini Haze
Շատերը ժամանցի թեթև, ավելի սովորական տարբերակներ են փնտրում: Օրինակ, երբ ծագում է փոփ կամ դասական երաժշտություն լսելու հարցը, շատերն ընտրում են փոփը, քանի որ դա ավելի հասանելի է, դրա համար պետք չեն լուրջ մտավոր ջանքեր: Բայց պետք չէ մոռանալ, որ դասական երաժշտությունից ստացած լիցքերը շատ ավելի հզոր են, քան փոփից: Նույնը կատարվում է նաև ակումբային ոլորտում: Պետք է քո մեջ զարգացնես հանգստի մշակույթը: Էլեկտրոնային երաժշտությունը դրանում շատ արդյունավետ է: Այն փոխանցում է վիճակն ու օգնում լիովին վերանալ իրականությունից: Բայց պետք է ջանքեր գործադրես, որպեսզի կոտրես ակումբային կյանքի վերաբերյալ կարծրատիպերդ:

 

Արամ – DeepPlay
Մի կարծրատիպ էլ կա՝ թմրանյութերը: Այո, շատ երկրներում ակումբային միջավայրում տարածված են թեթև թմրանյութերը, հնարավոր է՝ մեզ մոտ նույնպես այդպիսի վտանգ կա: Բայց էլեկտրոնային երաժշտությունը թմրամոլության կատալիզատոր չէ՝ այդ բառի գլոբալ իմաստով: Եթե այսքան անկեղծ ենք խոսում, ապա ասեմ, որ ավելի լավ է մարդն ինչ-որ թեթև թմրանյութ օգտագործի ու լավ երաժշտության տակ պարի, քան ինչ-որ ռեստորանում լիտրերով օղի կոնծի ու թպրտա պաթետիկ ողբերգական տեքստերով թուրքական մուղամի տակ:

Այս թեմայով