Առավոտյան դուրս գալով տանից՝ այս նկարահանման մասնակիցները տնեցիներին զգուշացրեցին, որ ո՛չ ճաշին կվերադառնան, ո՛չ էլ ընթրիքին, ընդ որում, առանց բացատրության: Ախր ինչպե՞ս բացատրես, որ այսօր քեզ՝ հասուն ու լուրջ մարդու համար անսովոր, բայց այդքան ցանկալի հանդիպման օր է՝ մանկության խաղերով, իսկական հին բակում: Այստեղ արդեն ոչ ոք ի զորու չէ վերահսկել ժամանակը... Այն պարզ պատճառով, որ ցանկություն չկա:
Չլիկ-դաստա
Խաղացողները պետք է ունենան դաստա՝ 20-30 սմ երկարությամբ բռնակով զարկիչ և չլիկ՝ քառանիստ փայտ՝ մինչև 10 սմ երկարությամբ սրած վերջույթներով: Խաղահրապարակում ոչ մեծ փոս է փորվում՝ օբա: Խաղացողները բաժանվում են երկու թիմի, մեկը կանգնում է օբայի մոտ, իսկ մյուսը՝ քիչ այն կողմ: Առաջիններին կոչում են վերևիններ, երկրորդներին՝ ներքևիններ: Փոսի մոտից փոխանցողը, ձեռքը վերցնելով դաստան ու նույն այդ ձեռքի դաստակին դնելով չլիկը, վերև է նետում այն ու դաստայով հարվածում: Երբ ներքևիններին հաջողվում է բռնել չլիկն օդում, թիմերը փոխվում են տեղերով: Հակառակ դեպքում նրանք վերցնում են չլիկն ու փորձում դրանով դիպչել դաստային, որն այդ դեպքում հորիզոնական դիրքում դնում են փոսի վրա: Եթե ստացվում է դիպչել, ապա փոխանցող վերևինը լքում է խաղը, և նրա տեղը փոսի մոտ զբաղեցնում է այդ թիմի մեկ այլ մասնակից: Այդպիսով խաղից կարող են դուրս գալ բոլոր վերևինները. այդ դեպքում թիմերը փոխվում են տեղերով: Այս խաղն անվերջ կարող է շարունակվել և հաճախ ավարտվում է այն ժամանակ, երբ բոլորն ուղղակի հոգնում են:
Հավալա
Այս խաղը չեխարդայի համարժեքն է: Դրան կարող են մասնակցել 8-ից 10 հոգի: Խաղացողներից մեկը հենվելու համար կորացնում է իր մեջքը (նրան «այծ» են կոչում), իսկ մնացած մասնակիցները հերթով ցատկում են նրա վրայով: Ընդ որում, ցատկելիս «այծի» մեջքին կարելի է դիպչել միայն ձեռքերով: Նա, ում չի հաջողվում ցատկել անցնել կամ ով «այծին» դիպչում է ոտքով, կռանում է նրա կողքին, և մնացածները ցատկում են արդեն երկու հոգու վրայով: Հաղթում է նա, ում հաջողվում է ցատկել ամենամեծ թվով «այծերի» վրայով:
Լախտախաղ
Լախտի կամ լախտ են կոչվում թելերից հյուսված կամ կաշվե գոտիները, որոնք պետք է ունենան բոլոր խաղացողները: Խաղում են 10-ից 30 հոգի: Հարթ տեղանքում գծված շրջանի մեջ մտնում է երկու թիմերից մեկը, մյուսը մնում է շրջանից դուրս: Առաջինները գետնին են դնում իրենց լախտերը, իսկ երկրորդները պետք է թռցնեն դրանք՝ գոտիներով հարվածներ հասցնելով մրցակիցներին: Թիմերն իրավունք չունեն խախտելու շրջանի սահմանները, յուրաքանչյուրը պետք է մնա իր տեղում՝ կեսը՝ ներսում, կեսը՝ դրսում: Նրանք, ովքեր ներսում են, պաշտպանում են իրենց գոտիները՝ ոտքը դնելով դրանց վրա և հնարավորության դեպքում մյուս ոտքով աքացի են տալիս հարձակվողին, որպեսզի նա չկարողանա մոտենալ շրջանին: Նրանք կարող են նաև խլել գոտին հարձակվողից, երբ նա հարված է հասցնում, կամ նրան շրջանի մեջ ներքաշել: Շրջանի մեջ հայտնված խաղացողը դուրս է գալիս հարձակվողների շարքից: Իսկ նրանք, ովքեր շրջանի մեջ են, հաղթում են, եթե նրանց հաջողվում է խլել լախտերը մրցակիցների ձեռքից կամ կանգնել նրանց ոտնաթաթերին: Հայաստանի տարբեր շրջաններում այդ խաղը տարբեր կերպ է կոչվել՝ լախտի, ճղլախտի, կարապետ լախտի, չվանոցիկ, գոտու խաղ և այլն:
Հոլ
Մասնակիցների թիվն անսահմանափակ է: Ատրիբուտներ՝ փայտե հոլ՝ կոնանման մետաղե ծայրով և խայտան՝ ոլորած պարան հանգույցով: Հանգույցը անցկացվում է մատին, իսկ պարանը փաթաթվում է հոլի վրա: Խաղացողը կտրուկ առաջ է նետում ձեռքը, պարանը բացվում է, և հոլը սկսում է պտտվել գետնին: Նախապես գետնի վրա փոքրիկ փոս է փորվում և դրանից որոշակի հեռավորության վրա դրվում է կոճ՝ հոլ առանց ծայրի: Խաղացողների մասնակցության հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ: Խաղի իմաստը նրանում է, որ, հերթով պտտեցնելով հոլը, այն դեռ պտտվելու ընթացքում ափի մեջ վերցնեն ու հարվածեն կոճին՝ այնպես առաջ տանելով այն, որ փոսի մեջ ընկնի: Յուրաքանչյուր կոճի հայտնվելը փոսում միավոր է բերում: Խաղը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև ինչ-որ մեկին հաջողվում է հավաքել նախապես պայմանավորված միավորների քանակը: Մրցանակը, որպես կանոն, հակառակորդի հոլն է: Թեև ամեն բակում իրենց խաղի կանոնները կային: Իսկական վարպետները տիրապետում էին հոլը պտտեցնելու ամենատարբեր հնարքներին՝ ուժեղ նետում վերևից, պարանի ձգում դեպի հետ, հոլի նետում դեպի օդ և այլն: Հոլերն էլ տարբեր ձևի ու տարբեր նյութից էին լինում, իսկ պատրաստում էին դրանք ճշմարիտ վարպետները, որոնց ամեն թաղում անունով գիտեին: