Ստեղծագործ մարդիկ մուսայի հետևից են ընկած ոչ պակաս, քան իրենց կյանքը ոսկու մրցավազքին նվիրած հանքագործները: Բայց մուսաները հաճախ խաբում են, ուշանում կամ ընդհանրապես անորոշ ժամանակով չքվում: Եվ այդժամ օգնության են գալիս արտաքին հանգամանքները, որոնք խթանում, ակնարկում կամ ուղղակիորեն մատնանշում են ճիշտ որոշումը:
Վիկտոր Հյուգո
Արտաքին գործոնը՝ վերջնաժամկետ
Profit. «Փարիզի աստվածամոր տաճարը» վեպը
1930-ի գարնանը Վիկտոր Հյուգոն աշխատում էր «Փարիզի աստվածամոր տաճարը» վեպի վրա: Մշտապես ուշացնելու պատճառով հրատարակչությունը նրան տուգանել էր 1000 ֆրանկով: Բայց առջևում ավելի վատ լուր կար. նա ակնհայտորեն չէր հասցնում տեղավորվել ժամկետների մեջ, ինչի պատճառով տուգանքը կարող էր ավելանալ մի քանի անգամ: Հենց խիստ, ծայրահեղ ժամկետները ստիպեցին գրողին ոչ պակաս ծայրահեղ քայլի դիմել: Նա փակի տակ դրեց իր ամբողջ հագուստը մինչև վեպի վերջնական ձեռագրի ավարտը: Չէ՞ որ պետք էր ինչ-որ կերպ ինքդ քեզ խրախուսել, անգամ եթե մուսան չի գալիս: Իր համար նա պահեց մի մեծ շարֆ, որով ո՛չ հյուր կարող էր գնալ, ո՛չ էլ հյուր ընդունել: Մնում էր միայն մեկ զբաղմունք՝ գրել: Արդյունքում վեպը ժամանակին պատրաստ եղավ:
Տիգրան Պետրոսյան
Արտաքին գործոնը՝ Ռոնա Ավինիզեր
Profit. Երկրորդ տեղ Շվեդիայում անցկացված միջզոնալ մրցաշարում
Ռոնա Յակովի Ավինիզերը շախմատային աշխարհի Լիլյա Բրիկն է: Ով ասես, որ չէր սիրահետում նրան: Բայց նրա սրտի գլխավոր հավակնորդները գրոսմայստեր Եֆիմ Գելլերն ու շախմատային օլիմպի վեր հառնող աստղ Տիգրան Պետրոսյանն էին: Երբ 1952-ին Գելլերն ու Պետրոսյանը Շվեդիա մեկնեցին միջզոնալ մրցաշարի, Ռոնային հարցրեցին, թե ում կտա իր գերապատվությունը: Նրա պատասխանը լակոնիկ էր. «Միջզոնալը ցույց կտա»: Երկու շախմատիստներն էլ հավասար պայքարում կիսում էին մուսային: Սկզբունքային պայքարում Պետրոսյանին, այդուհանդերձ, հաջողվեց խղճուկ կես միավոր խլել Գելլերից: Հայաստան նա վերադարձավ որպես հերոս՝ երկրորդ տեղով միջազգային մրցաշարում և Ռոնայի շահած սրտով: Հետագայում նա դարձավ հայ տաղանդավոր շախմատիստի կինը և ամենաթանկ խորհրդականն ու ընկերը:
Արամ Խաչատրյան
Արտաքին գործոնը՝ Պերմի թատրոնի տնօրենը
Profit. «Սուսերով պարը»
«Եթե ես իմանայի, որ գործն այդպիսի ժողովրդականություն կվայելի ու կսկսի ստվեր գցել իմ մյուս ստեղծագործությունների վրա, ես երբեք այն չէի գրի»,- ասում էր Արամ Խաչատրյանը իր «Գայանե» բալետից «Սուսերով պարը» հանրահայտ ստեղծագործության մասին: 1942-ին Պերմում Խաչատրյանն ավարտեց աշխատանքը նոր բալետի շուրջ: Փորձերի ժամանակ թատրոնի տնօրենը կանչեց կոմպոզիտորին և առաջարկեց վերջին արարում պար ավելացնել: Գաղափարը դուր չեկավ Խաչատրյանին, բայց նա որոշեց արագ մի բան հնարել, որպեսզի չնեղացնի տնօրենին: Երգահանին ընդամենը մի քանի ժամ պահանջվեց իր ամենահայտնի ստեղծագործությունը գրելու համար: Հաջորդ առավոտյան նա բերեց «Սուսերով պարի» նոտաները: Ստեղծագործությունը լսելով՝ տնօրենը թափահարեց ձեռքը. «Կուտվի»:
Ալեքսանդր Դյումա (հայր)
Արտաքին գործոնը՝ գրազ
Profit. «Շևալյե դե Մեզոն-Ռուժ»
Ավագ Ալեքսանդր Դյուման երկար ժամանակ կարող էր ձեռքը չվերցնել փետուրը կամ էլ անդադար գրել մի քանի շաբաթ և ամիս շարունակ՝ տասնհինգ-տասնութ ժամ անընդմեջ: Այդպես, օրինակ, «Շևալյե դե Մեզոն-Ռուժ» վեպը նա գրազով գրեց երեք օրում՝ փակվելով սենյակում և դռան տակից փոխանցելով պատրաստ էջերը:
Էդգար Հովհաննիսյան
Արտաքին գործոնը՝ շինհրապարակ
Profit. «Հավերժական կուռք» օպերա
Դեպքը տեղի էր ունենում անցյալ դարի 60-ականներին: Վավերագրող-ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը նկարահանում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի շինարարությունը: Նկարահանման մի օր շինհրապարակում երևաց ռեժիսորի ընկերը՝ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը. եկել էր հա՛մ ընկերոջը տեսնելու, հա՛մ էլ մեծածավալ շինարարությունը: Շինհրապարակում թափառելուց հետո նա սկսեց ականջ դնել ձայներին, ուշադիր նայել բանվորներին: Նրա դեմքից պարզ էր՝ ինչ-որ բան էր մտմտում, գցում-բռնում մտքում: Հանկարծ կտրուկ փոխեց դեմքը. «Չե՞ք լսում»,- զարմացած հարցրեց մյուսներին: Մուրճերի ռիթմիկ թակոցները, կռունկի ճռռոցը, ճղճղան գայլիկոնն ու խուլ հորատիչները, շարժիչների ծանր բզզոցը՝ այդ ամենը միասին հարմոնիա էր ստեղծում, որն էլ կարողացավ ընկալել կոմպոզիտորական ականջը: Դրանով ոգեշնչված՝ Հովհաննիսյանը գրեց իր «Հավերժական կուռք» օպերան, որում հայկական մեղեդիները ներդաշնակորեն նմանակում էին շինհրապարակի ձայները:
Ֆրիդրիխ Նիցշե
Արտաքին գործոնը՝ հոգեկան խանգարում
Profit. «Այսպես խոսեց Զրադաշտը»
Իր կյանքի վերջին քսան տարիներին Նիցշեն տառապում էր հոգեկան խանգարումներով և մի քանի անգամ նույնիսկ կաթված էր տարել: 11 տարի նա անցկացրեց հոգեբուժարաններում: Հենց հավասարակշռելով ողջամտության ու խանգարումների միջև՝ նրան հաջողվեց գրել «Այսպես խոսեց Զրադաշտը» փիլիսոփայական վեպը, որը բեկումնային դարձավ գրականության և փիլիսոփայության պատմության մեջ: Գերմարդու մասին վեպը Նիցշեի համար դարձավ սեփական վախերն ու տկարությունը հոգեպես հաղթահարելու փորձ:
Սերգեյ Դովլաթով
Արտաքին գործոնը՝ ընթերցողի դժգոհությունը
Profit. Խմբագրական սյունակ ուտիճների մասին
Արտագաղթելուց հետո Դովլաթովն աշխատում էր «Նոր ամերիկացի» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնում, ինչպես նաև սյունակ էր վարում այդ թերթում: Մի անգամ ընթերցողը հայտնեց իր բողոքը. «Գրի՛ր ինչ-որ լուրջ բանի մասին՝ հարկային համակարգի, լիբանանյան ճգնաժամի, քրիստոնյա բապտիստների հետապնդումների... Ինչո՞ւ ես գրել քո դստեր մասին և, առավել ևս, շան: Միգուցե վաղը ուտիճի մասի՞ն գրես»: Դովլաթովը Դովլաթով չէր լինի, եթե ուշադրություն չդարձներ այդ նկատողությանը: Ոչ, նա չգրեց լիբանանյան ճգնաժամի կամ հարկային համակարգի մասին: Բայց այ ուտիճները ստիպեցին Դովլաթովին խորհել: Հաջորդ իսկ թողարկման մեջ հրապարակվեց ոչ մեծ սյունակ ուտիճների մասին: Դրանում տեղ գտած արտահայտությունները թևավոր դարձան ու տեղ գտան Դովլաթովի մեջբերումների բազմաթիվ ընտրանիներում. «Ուտիճը անվնաս ու յուրովի նրբագեղ է: Նրանում փոքրիկ մրցարշավային ավտոմեքենայի սրընթաց պլաստիկա կա», «Ուտիճը լավ գիտի իր տեղը և հազվադեպ է լքում խոհանոցը», «Ուտիճը չի բուրում: Հակառակը, ուտիճների դեմ պայքարողներն են պղտորում բնակարանները քիմիկատների զզվելի հոտով» և այդպես շարունակ: