1950-ից ի վեր աշխարհը մայիսի 9-ը որպես Հաղթանակի օր նշելուց զատ, նշում է նաև որպես Եվրոպայի օր: Հենց այդ օրը 64 տարի առաջ Ռոբերտ Շումանն առաջ քաշեց կազմակերպված Եվրոպայի իր տեսլականը: 2010-ից Հայաստանում նշվող Եվրոպայի օրն այս տարի վերածվեց տեղեկատվական շաբաթի՝ մայիսի 17-ից 24-ը տևող միջոցառումների մեկնարկը տրվեց Գյումրիում:
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում միջոցառումների պաշտոնական բացումն էր՝ Եմ անդամ պետությունների դեսպանների և Եմ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի ներկայությամբ: Ողջույնի խոսքում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ կարևորում է Եվրոպայի օրվա միջոցառումների մեկնարկը հենց Գյումրիում սկսելու գաղափարը:
Պաշտոնական արարողակարգից հետո դեսպանները մասնակցեցին երիտասարդների հետ քննարկմանը, որի ընթացքում կարծիքներ հնչեցին ԵՄ-Հայաստան հարաբերությունների ու միասնական արժեքների վերաբերյալ:
Պաշտոնական մասի ավարտից հետո Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմաց տեղի ունեցավ տեղեկատվական ցուցահանդես, որտեղ գյումրեցիները հնարավորություն ունեցան ծանոթանալու ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերին: Ցուցահանդեսի մասնակիցներ Ալեքսն ու Քրիստինան, ովքեր ներկայացնում էին Եվրոպական կամավորների կենտրոնը, գյումրեցի երիտասարդների համար ներկայացնում էին մշակութային և կրթական մի շարք ծրագրեր: ԱՄՆ-ում ծնված, Գերմանիայում ապրող Ալեքսը զբաղվում է լեզուների ուսուցմամբ, իսկ բելգիացի Քրիստինան դասավանդում է լուսանկարչություն: Ցուցահանդեսին նրանք գյումրեցի երիտասարդներին համագործակցության առաջարկներ արեցին:
Տարիքային ավելի մեծ խմբի գյումերցիների համար ծրագիր ունի Էհթել Հալլիսթը ԵՄ հայկական գրասենյակից։ ԵՄ օժանդակությամբ իրականացվող 100-ից ավելի ծրագրերը ուղղված են եվրոպական փորձը Հայաստանի քաղաքացիներին փոխանցելու համար:
Հայաստանի ու Եվրամիության մշակութային համագործակցությունն ու կապերը ներկայացրեցին նաև հայ արվեստագետները, ովքեր ցուցադրեցին E տառի ինստալյացիան: Երկու հսկայական E տառերը յուօրինակ ձևավորում ու խորհուրդ ստացան երիտասարդ գյումրեցի արվեստագետներ Սարգիսի և Վահագնի շնորհիվ: Տղաները պատմեցին, որ իրենց ինստալյացիաները խորհրդանշում են Եվրոպայի ու Հայաստանի նմանություններն ու տարբերությունները:
Այս տարի Եվրոպայի օրվա միջոցառումների մեկնարկը համընկավ Թանգարանային գիշերների հետ: Հաշվի առնելով այն, որ հայաստանյան ու եվրոպական մի շարք թանգարաններ արդեն իսկ համագործակցության հարուստ փորձ ունեն, Գյումրիի թանգարաններն էլ իրենց հերթին սեփական ներդրումն ունեցան միջոցառումների շարքում: Ասլամազյան քույրերի անվան պատկերասրահը ներկայացրել էր «Առևանգված Եվրոպան եվրոպացի գեղանկարիչների աչքերով» ժամանակավոր ցուցադրությունը, Մհեր Մկրչյանի տուն-թանգարանում տեղի էր ունենում Չարլի Չապլինի ֆիլմերի ցուցադրությունը, իսկ Ավետիք Իսկահակյանի թանգարանը ներկայացրել էր Վարպետի գրադարանի եվրոպական ժառանգությունն ու Լայպցիգում սովորելու տարիներին ձեռք բերած որոշ ցուցանմուշներ:
Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթվա առաջին օրն ավարտվեց Գյումրու Թատերական հրապարակում, որտեղ հանդես եկան Բամբիռ խմբի տղաները: Մինչև մայիսի 24-ը միջոցառումներ, քննարկումներ ու վարպետության դասեր կլինեն Երևանում ու Կապանում: Իսկ մայիսի 24-ին Ազատության հրապարակում Մեծ Բրիտանիայից, Խորվաթիայից ու Դանիայից ժամանած երաժիշտների մասնակցությամբ տեղի կունենա տոնական համերգ: