Կարինա, բացատրեք, խնդրեմ, ի՞նչ տարբերություն կա հագուստի դիզայների և մոդելավորողի միջև:
— Դիզայների աշխատանքը շատ ավելի լայն բնույթ ունի: Նա կերպար է ստեղծում՝ համապատասխանեցնելով միջավայրին և մարդու անհատականությանը, իսկ մոդելավորողն աշխատում է նորաձևության սահմանների մեջ և հազվադեպ է նոր կոնցեպտներ ստեղծում: 1990-ականներին, երբ սովորում էի, բոլորը դեռ մոդելավորողներ էին, «հագուստի դիզայներ» հասկացություն չկար: Սակայն վերջերս դիզայներներն ավելացել են, և այդ բառն էլ կարծես արժեզրկվել է: Երկամսյա դասընթացներ անցած մարդիկ իրենց դիզայներ են հռչակում, և դա սարսափեցնում է իրական մասնագետներին: Այնպես որ, նրանցից ոմանք իրենց կրկին անվանում են նկարիչ-մոդելավորող:
Ինչպես էլ այն կոչես, այս մասագիտությունը բարդ է, հատկապես Ռուսաստանում, որտեղ նորաձևության ոլորտը ոչ մի կերպ չի ձևավորվում: Ինչպե՞ս վճռեցիք այդ ոլորտ մուտք գործել:
— Այն ժամանակ, երբ նոր էի մտնում, դրա մասին ոչինչ չգիտեի: Ես չորս տարեկանից նկարում էի, տիկնիկների համար հագուստ էի հնարում, հետո գեղարվեստի դպրոց ընդունվեցի և հանրակրթական դպրոցին զուգահեռ ավարտեցի: Եվ երբ հարց ծագեց՝ ուր ընդունվել, որոշեցի՝ Ա. Ն. Կոսիգինի անվան Մոսկվայի պետական տեքստիլ ակադեմիա: Արվեստի ոլորտում հաջողության հասնելն այն տարիներին շատ դժվար էր, իսկ իմ դեպքում հստակ փոխզիջում կար՝ կարելի էր ստանալ պահանջված մասնագիտություն՝ պահպանելով ստեղծագործելու հնարավորությունը:
Ինչպե՞ս է հնարավոր ինքնադրսևորվել հագուստի դիզայնի միջոցով: Չէ՞ որ այն, ըստ էության, չի փոփոխվում:
— Այո, բայց կարելի է փոխել այդ կազմի համաչափությունները, գծերը, գույները: Հագուստը ինքնարտահայտման առաջին աստիճանն է, այն արվեստ է, որը մարդ ինքն է կրում: Երբ ես դպրոցն էի ավարտում, Մոսկվայում մարդիկ շատ վատ էին հագնվում: Երևի դա էլ իր դերն ունեցավ մասնագիտության ընտրության հարցում, չէ՞ որ դիզայները ազդում է հասարակության և միջավայրի վրա՝ ստեղծելով նոր կերպարներ: Սակայն պարզվեց, որ այս գործն իսկապես շատ ծանր է: Այս աշխատանքը կլանում է ամեն բան: Ես չունեմ առանձնացված աշխատանքային և անձնական ժամանակ: Նույնիսկ, երբ հանգստանում եմ, իմ երևակայությունն ու բոլոր զգացմունքներն աշխատում են հաջորդ հավաքածուն ստեղծելու վրա:
Դուք ընդունվածի պես տարին երկու անգա՞մ եք հավաքածու թողարկում:
— Հիմա, աշխատելով M. Reason ընկերությունում, ես տարեկան վեց հավաքածու եմ անում:
Ունեք սեփական KAZARIAN ապրանքանիշը, որը 2006-ին ընդգրկվել է եվրոպական նորաձևության Favoris Europe տեղեկագրքում: Այնուամենայնիվ, հաճախ աշխատում եք այլ բրենդերի հետ: Պատվերով աշխատանքը ստեղծագործականությանը չի՞ վնասում:
— Հիմա ցանկացած , պրոֆեսիոնալ պատվիրատու հետաքրքրված է, որ դիզայները կարողանա առավելագույնս ինքնարտահայտվել: Քիչ են նրանք, ովքեր ուզում են դիզայների միջոցով ինքներն արտահայտվել: Պատվիրատուին առաջին հերթին հետաքրքրում է դիզայների շնորհիվ արտադրության մեջ ինչ-որ նոր բան բերելը: Առաջին տարին չէ, որ ես աշխատում եմ խոշոր ընկերությունների հետ և կարծում եմ, որ այդպիսի աշխատանքը անհրաժեշտ է գործնական փորձ ստանալու համար: Պարզ է, որ ամեն շրջանավարտ ունի դիպլոմային հավաքածու, որն անպայման պետք է կյանքի կոչել: Դա ինչ-որ իմպուլս է տալիս, բայց հազվադեպ է կատարյալ լինում, հաճախ ուղղակի մտահղացումների փունջ է: Հետո արդեն կարևոր է, որ յուրաքանչյուրը կարողանա գտնել իր թեման, հասկանա` որ ուղղությամբ շարժվել: Եվ այդ հարցում ընկերությունում աշխատելը կարող է օգնել: Իհարկե, սկզբում դժվար է: Չէ՞ որ քո առջև շատ հստակ խնդիր է դրված` ըմբռնել ապրանքանիշի ուղղվածությունը և գոհացնել գնորդների որոշակի խմբի: Սակայն կա մի մոտեցում, ըստ որի հենց հստակ սահմանափակումներն են խթանում ստեղծագործական պրոցեսին: Գործնական փորձի կուտակումն ու սեփական ներուժը բացելը մեծապես փոխկապակցված են:
Իսկ ինչպիսի՞ն էր ձեր առաջին հավաքածուն:
— Այն զուտ կոնցեպտուալ էր: Սև-սպիտակ, գրաֆիկ, ուղղված դեպի նոր ձևերի որոնումները, շարժման մեջ դրանց բացահայտումը: Հավաքածուի համար փող գրեթե չկար, այդ պատճառով շատ բաներ պատրաստում էի կտորների մնացորդներից և պատառներից: Ես այն «աղբի հավաքածու» էի անվանում և ընդհանրապես չէի մտածում կոմերցիոն որևէ հեռանկարի մասին: Երկար ժամանակ աշխատում էի իմ կնքահայր` նկարիչ և քանդակագործ Ռուդոլֆ Խաչատրյանի հետ: Իմ առաջին հավաքածուն ստեղծվել է իր գրաֆիկայի, ռելիեֆների և արթ-առարկաների ազդեցության տակ: Այն ժամանակ ամենաշատը ուզում էի, որ հավաքածուն հավանի կնքահայրս: Նա իմ ամենախստապահանջ քննադատն էր: Հավաքածուի մեծ մասը տրիկոտաժից էր պատրաստված, չնայած այդ կտորի հետ աշխատելու փորձ գրեթե չունեի: Միգուցե հենց այդ պատճառով էլ ես վճռական պայքարի մեջ մտա: Զուգակցում էի անզուգակցելին: Ամենազարմանալին այն է, որ 2005-ին Ռուսաստանի նորաձևության շաբաթից հետո այդ հավաքածուն, ի զարմանս ինձ, սկսեց բավականին լավ վաճառվել: Ես հավաքածուն տարա Փարիզ` Պիեր Կարդենի կենտրոնում անցկացվող Ռուսական նորաձևության օրերին, որտեղ այն մեծ հետաքրքրություն առաջացրեց: Այնտեղ էլ հանդիպեցի ռուսական բազմաթիվ ապրանքանիշերի ներկայացուցիչների, ում հետ հետագայում աշխատել եմ:
Որքանով գիտեմ, դրանց շարքում էր նաև Zimaletto յուրահատուկ ապրանքանիշը, որի հետ Դուք որոշ ժամանակ համագործակցել եք: Սկզբում այն հնարել են «Մի ծնվիր գեղեցիկ» հեռուստասերիալի սցենարիստները, իսկ հետագայում այն իրական է դարձել:
— Այո, դա առանձնահատուկ պատմություն ու նախադեպ է համաշխարհային կինոարդյունաբերության մեջ: Ֆիլմի ապրանքանիշը դարձավ իրական բրենդ: Երիտասարդական հագուստի ռուսական SELA խոշոր ցանցի տերերը գնեցին այդ ընկերության անվանման և լոգոտիպի օգտագործման իրավունքը: Չնայած, այն հնարած էր, սակայն հեռուստասերիալի հանրաճանաչության շնորհիվ երկրով մեկ հայտնի էր դարձել: Նախագծի հագուստի նկարիչ Ելենա Ուվարովան հետագայոմ դարձավ այդ բրենդի դիզայները: Ես ու Ելենան դեռ ինստիուտից էինք ծանոթ, երբ «Գեղեցիկ մի ծնվիր»-ը դեռ նոր էր եթեր արձակվում, նա ինձ առաջարկեց նկարահանումներում իմ հավաքածուներից զգեստներ օգտագործել և ես, իհարկե, համաձայնվեցի: Հեռուստասերիալում իմ հագուստը հաճախ կարելի է տեսնել Յուլիա Ռուտբերգի հագին: Իսկ երբ Zimaletto-ն իրական բրենդ դարձավ, ինձ նույնպես առաջարկեցին դրա համար հավաքածուներ ստեղծել:
Դրանից հետո կինոյում կրկին աշխատե՞լ եք:
— Դեռ չէի ավարտել աշխատանքս «Գեղեցիկ մի ծնվիր»-ում, երբ ինձ առաջարկեցին զգեստավորել Պիեռ Ռիշարին, ով պիտի սկսեր ռուսական «Փարիզեցիները» ֆիլմում նկարահանվել: Այդ նախագծում ես արդեն աշխատել էի որպես հագուստի նկարիչ:
Իսկ ի՞նչ տպավորություն ստացաք:
— Շատ հետաքրքիր աշխատանք է: Այն նաև նրանով է գրավիչ, որ միանգամից մի շարք տարբեր կերպարներ ես մշակում: Ինչ-որ տեղ նման է տիկնիկներով խաղին: Դերասաններին հագցնում ես, տեղաբաշխում կադրում և նայում, թե ինչ ստացվեց: Դա թիմային աշխատանք է, այնպես որ պետք է լինում երկար ժամանակ անցկացնել և՛ ռեժիսորի, և՛ օպերատորի, և՛ դերասանների հետ, քննարկել կերպարների բնավորությունները, նրանց այն գծերը, որոնք հարկավոր է ընդգծել հագուստի մեջ, ապա նայել` ինչպես են այդ զգեստները ընկալվում կադրում: Իսկ ինչ վերաբերում է դերասաններին, ապա Պիեռ Ռիշարի պես աստղերը, իհարկե, ձայնի իրավունք ունեն, չէ՞ որ ճիշտ ընտրված հագուստը օգնում է նրանց խաղին: Մոսկվա գալուն պես Ռիշարը հարցրեց` երբ կարող է տեսնել և փորձել իր զգեստները: Նա խաղում էր մի ֆրանսիացու, որը պատահաբար հայտնվել է ռուսական հեռավոր գյուղում և այնտեղ դպրոցի ուսուցիչ դարձել: Իր հագնվելու ոճում պետք էր գավառականությունը զուգակցել դեռևս ոչ լիովին մոռացված ֆրանսիական շարմի հետ: Ընտրեցի մի կարմիր կաշվե կեպի, որն իրեն շատ դուր եկավ և կերպարի մի մասը դարձավ: Ընդհանրապես, Ռիշարի աշխատանքին հետևելը անչափ հետաքրքիր էր: Առօրյայում նա ասես դիտմամբ շատ հանգիստ և զուսպ էր` կարծես էներգիա էր հավաքում: Փոխարենը, երբ նկարահանման հարթակ էր դուրս գալիս, ակնթարթորեն փոխակերպվում էր, էներգիան սկսում էր հորդալ:
Չեմ կարող չհարցնել ձեր կողմից զգեստավորված մարդկանցից ևս մեկի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Խոստովանեք, ի՞նչ զգացիրք, երբ նրան ձեր բաճկոնով տեսաք:
— Իհարկե, շատ հաճելի էր: Բանն այն է, որ իմ մասնագիտության հաճելի կողմերից մեկն է իմ ստեղծած հագուստը սիրով կրող մարդկանց տեսնելը: Ես նրանց հաճախ տեսնում եմ փողոցներում, մետրոյում, հեռուստատեսությամբ: Իսկ Վլադիմիր Վլադիմիրովիչը անցյալ տարի դեպի Ուրալ աշխատանքային ուղևորությանը հագել էր Silver շարքի իմ բաճկոնը, որը ստեղծվել էր Forward ընկերության համար՝ ռուսական սպորտային հավաքականների հանդերձանքի հետ զուգահեռ: Այն նույն ձևավորումը ունի, ինչ մարզիկներինը, միայն առանց սիմվոլիկայի: Ի դեպ, այդ բաճկոնները Ռուսաստանում էին կարվել, ի տարբերություն մնացած իրերի, որոնք արտադրվել էին Չինաստանում:
Ռուսաստանի հավաքականները հիմա ձեր համազգեստն են հագնում: Սպորտային հագուստի դիզայնը, երևի, շատ յուրահատկություններ ու նրբություններ ունի:
— Հատուկ ուշադրություն է տրվում հարմարավետությանն ու էրգոնոմիկային: Սպորտային հանդերձանքում կարևոր են անգամ ամենափոքր մանրուքները`աստառները, կարերը, պիտակները, անգամ այն, թե դեպի որ կողմ են բացվում ցեպերը: Համազգեստը պիտի առավելագույնս հարմարավետ լինի, այնպես որ աշխատելիս ես մշտապես շփվում էի մարզիկների, մարզիչների, սպորտի նախարարության ներկայացուցիչների հետ և փորձում հաշվի առնել բոլորի բոլոր ցանկությունները: Ինձ ներկայացված զուտ էսթետիկ առաջադրանքը նույնպես շատ հետաքրքիր էր: Սպորտային թիմը մրցումներին ներկայացնում է Ռուսաստանը, և համազգեստի մեջ անպայման պիտի լինեն եռագույնը, երկրի զինանշանը և անվանումը: Այդ ամենը, մարզադաշտի տարածքում պիտի տեսողաբար հեշտությամբ ընկալվի: Մենք աչքի անցկացրինք մի շարք ռուսական խորհրդանիշներ: Քննարկման դրված էր և՛ ֆոլկլորը, և՛ ռուսական հեքիաթները, և՛ կրոնական սիմվոլիկան, օրինակ, գմբեթները` հաշվի առնելով այն, թե որքան սնահավատ են բոլոր մարզիկները: Սակայն այդ ամենը ծանրացնում էր դիզայնը, որն առանց այդ էլ մեծաթից պարտադրված տարրեր ուներ: Մարզիկները, իհարկե, ուզում էին ինչ-որ նոր բան հագնել, սակայն, ամեն դեպքում, ավելի կարևոր էր որոշակի խստություն պահպանելը: Այդպես մենք կանգ առանք դինամիկ գծերով պատկերի վրա, որն ընդգծում է շարժման էներգիան: Մարզիկները, որպես կանոն, լավ կազմվածք են ունենում և նրանք, իհարկե, ուզում են դա ընդգծել: Աշխատեցինք այնպես անել, որ հագուստը գրկի մարմինը՝ միևնույն ժամանակ չկաշկանդելով իրենց շարժումները: Բացի այդ մենք առանձին շարք ստեղծեցինք` հաշվի առնելով կանանց կազմվածքի առանձնահատկությունները: Նախկինում նրանք հագնում էին նույն համազգեստը, ինչ տղամարդ մարզիկները, միայն ավելի փոքր չափի:
Ձեր համազգեստը հագնում են նաև պարաօլիմիպիական մարզիկները:
— Այո, և ես շատ եմ դրանով հպարտանում: Ընդհանրապես սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց հագուստի դիզայնը նոր, շատ հետաքրքիր և հեռանկարային ուղղություն է, որով ես զբաղվում եմ գիտական նախագծային կենտրոնում` դոկտորական թեզի պաշտպանության շրջանակներում:
Իսկ ի՞նչ խնդիրներ էր պետք լուծել, երբ պատրաստում էիք Ռուսաստանի կանանց շախմատի հավաքականի համազգեստը:
— Նորից շատ հետաքրքիր խնդիրներ: Մրցությունների համազգեստը պիտի այնքան հարմար լիներ, որ շախմատիստուհին այն չզգա, չշեղվի խաղից, բայց միևնույն ժամանակ գրավի հակառակորդի ուշադրությունը և նրան շեղի խաղից: Արդյունքում ես այդ հանդերձանքները կարմիր արեցի, իսկ թևքերն այնպես մոդելավորեցի, որ ձեռքերի շարժման ժամանակ դրանց ձևը փոխվի: Եվ չնայած հետո Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան ինձ շնորհակալություն հայտնեց, չեմ կարծում, թե այդ հնարքն աշխատեց: Դատելով նրանից, թե փորձերի ընթացքում ինչպես էին մեր շախմատիստուհիները իրենց պահում, հագուստը վերջին բանն է, ինչի մասին նրանք մտածում են խաղի ժամանակ: Հիշում եմ, փորձերին ինչ-որ բան էինք կարում հենց աշխարհի չեմպիոն Ալեքսանդրա Կոստենյուկի վրա, իսկ նա ընդհանրապես ուշադրություն չէր դարձնում ո՛չ մեզ, ո՛չ զգեստի վրա: Նա լիովին խորացել էր իր մտքերում և, երևի, մտովի շախմատային քայլեր էր անում:
Հիմա դուք կրկին սովորական կանանց եք հագցնում: Հոգնե՞լ եք սպորտից:
— Ավելի շուտ նորաձևությունն եմ կարոտել: Երեք տարի աշխատելով Forward ընկերությունում՝ ես ստեղծեցի երեք ամբողջական հավաքածու 60 սպորտաձևերի ռուսական հավաքականների համար, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած էր 25-40 մասերից, քանի որ համազգեստը տարին մեկ էր թարմացվում: Նկարիչը չի կարող անընդմեջ նույն ժանրում աշխատել, սակայն նրա ձեռագիրը միշտ անհատական և ճանաչելի է: Մի քանի տարի առաջ ես սպորտային ասպարեզ եկած նորաձևության դիզայներ էի, իսկ այսօր ես սպորտային հագուստի դիզայներ եմ, ով աշխատում է նորաձևության ասպարեզում: Սրանում կա նաև ժամանակակից համաշխարհային թրենդի արտացոլումը. սպորտն ու նորաձևությունը միահյուսվում են: Արդեն վաղուց ես ներքուստ պատրաստվում եմ անցնել իմ սեփական ապրանքանիշի` Kazarian-ի հաջորդ անհատական հավաքածուի վրա աշխատանքի: Ինձ նախկինի պես շատ է հետաքրքրում շարժման թեման, որը ես ներկայացրել եմ դեռ առաջին հավաքածուի մեջ, բայց որն ուղղակի անսպառ է:
Ինչու՞ է այդքան հետաքրքրում հենց շարժումը:
— Հավանաբար իմ աչքերում աշխարհը փոխվել է և շարունակում է փոխվել: Հայտնվում են նոր տարածություններ, օրինակ՝ համացանցը: Գրեթե ոչ մի ստատիկ բան այլևս չկա, շրջակայքում ամեն ինչ շարժվում է, և շարժման արագությունն օրեցօր ավելանում է: Իմ հաջորդ հավաքածուի մեջ ես կուզեի ցույց տալ հագուստի վրա արդրադարձած ժամանակը:
Եվ ինչպե՞ս եք պատրաստվում դա անել:
— Ես կաշխատեմ ձեզ զարմացնել: