07 Մայիս 2014, 14:33
2141 |

Քաղաքի վերջին շունչը

Վաղն աշխարհի շատ քաղաքներ կարող են այլևս գոյություն չունենալ։ Եվ միայն մարդիկ են ի զորու փրկել դրանք անհետացումից:

Ամիսներ առաջ այցելել էի հնագույն Էֆես քաղաք ժամանակակից Թուրքիայի տարածքում։ Այն հիմնվել է մ.թ.ա. 10-րդ դարում. տարբեր ժամանակաշրջաններում Էֆեսի բնակչությունը կազմել է 33 600-56 000 մարդ, ինչի շնորհիվ այն Ասիայի խոշորագույն քաղաքներից էր։ Սակայն մ.թ. 15-րդ դարում Էֆեսը կործանվեց. դատարկվեցին մարմարով պատված փողոցները, հանգեցին տաճարների զոհասեղանին վառվող կանթեղները։ Համաձայն լեգենդի՝ պատճառը էֆեսցիների մեղքերի համար Աստծո պատիժն էր. ասում են՝ ծովը հեռացավ քաղաքից, ու տեղի բնակիչները ստիպված էին լքել իրենց տները։ Այսօր Էֆեսում ապրում են լոկ տասնյակ կատուներ, որոնք իրենց տունն են դարձրել Ապոլոնի քանդակով սյունը, այն նույն սյունը, որը ժամանակին ազնվազարմ մի հույնի պալատում էր։

Կործանված հնագույն քաղաքները պահպանվել են պատմության գրքերում՝ Պոմպեյ, Էֆես, Տրոյա։ Թվում է, թե միայն հազարավոր տարիներ առաջ էր հնարավոր, որ քաղաքը վերանա աշխարհի երեսից, թվում է՝ այսօրվա քաղաքակրթության պայմաններում դա այլևս անհնար է։

Իսկ իրականում կան մարդիկ, ում համար դեպքերի նման զարգացումը անսպասելի չէ։ Անցյալ տարի ՄԱԿ-ը հրապարակեց «Աշխարհի քաղաքների դրությունը 2012/2013թթ.» թեմայով զեկույցը, որտեղ 250 էջ վերլուծության հետ մեկտեղ ներկայացված է արագորեն անհետացող քաղաքների ցուցակը։ ՄԱԿ-ը գնահատել է աշխարհի 600 քաղաք, որի բնակչությունը գերազանցում է 750 000-ը։ Հիմնական ցուցանիշներն են տնտեսական արդյունավետությունը, կյանքի որակը, ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի վիճակը, սոցիալական արդարության մակարդակը։

Դնեպրոպետրովսկ
Դնեպրոպետրովսկ

Հաշվարկելով 1990-2025-ի ընթացքում բնակչության թվի փոփոխությունն այդ քաղաքներում՝ կազմվել է 28 կետից բաղկացած ցուցակ։ Տագնապահարույց առաջին տեղում Դնեպրոպետրովսկ քաղաքն է, որը մինչև 2025-ը կկորցնի բնակչության 16.78%-ը։ Ցուցակում են նաև ռուսական Նիժնի Նովգորոդ (11.76%), Սանկտ-Պետերբուրգ (8.66%) քաղաքները, հարևան Թբիլիսին, որը կաղքատանա բնակչության 7.03%-ով: Իսկ Երևանն իր 2.72% կորստով գտնվում է 24-րդ տեղում։

Բացի նախկին ԽՍՀՄ երկրներից, ցուցակում ընդգրկված են նաև Եվրոպայի մի շարք հնագույն քաղաքներ՝ Միլան (2.68%), Հռոմ (2.14%), Բուդապեշտ (14.66%), Բուխարեստ (3.77%): Կուբայի մայրաքաղաք Հավանայից մինչև 2025-ը կհեռանա բնակիչների 0.66%-ը: Թեպետ ինչո՞ւ են մարդիկ լքում սիրո ու ազատության դրախտային կղզին, պարզ չէ։

Վենետիկ
Վենետիկ

Բացի ՄԱԿ-ի ուսումնասիրություններից, կան նաև այլ անկախ գիտնականների հետազոտություններ, որոնց արդյունքում ևս մի քանի քաղաքի կանխատեսվել է ոչնչացում մինչև 2100 թվականը։ Առաջինը Վենետիկն է, բայց, կարծում եմ, աշխարհն արդեն այնքան է լսել դրա՝ ջրի տակն անցնելու հավանականության մասին, որ արդեն հոգեպես պատրաստ է կորցնել այս ռոմանտիկ անկյունը, ուր թևածում է ճահճուտի բույրը։

 Մեքսիկա
Մեքսիկա

Նման ճակատագրի կարող է արժանանալ նաև Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն։ Քաղաքը կառուցված է ջրային շերտի վրա, որը նաև խմելու ջրի աղբյուր է։ Գիտնականները պնդում են, որ ամեն անգամ, երբ 20 միլիոնանոց քաղաքի բնակիչներից մեկը ջուր է խմում, քաղաքն իջնում է, իսկ ջրային շերտն էլ անվերջ չէ։ Այսպիսով, Մեխիկոյին սպառնում է երկու վտանգներից մեկը՝ կամ խմելու ջուրը կվերջանա, կամ քաղաքը կանցնի ջրի տակ: Երկու դեպքում էլ բնակիչները կսկսեն փնտրել ուրիշ բնակավայր։

Տիմբուկտու
Տիմբուկտու

Մալիի մայրաքաղաք Տիմբուկտուն, ընդհակառակը, կանգնած է անապատացման վտանգի առաջ։ Հազարամյա այս քաղաքում իշխանությունները կանաչապատման աշխատանքներ են տանում, սակայն շատ մասեր արդեն ծածկված են ավազով։

Նեապոլ
Նեապոլ

Նեապոլ քաղաքի համար այսօր լուրջ սպառնալիք է Վեզուվ հրաբուխը, որ մ.թ.ա. 79-րդ դարում կործանեց Պոմպեյը։ Այն ժայթքում է յուրաքանչուր 100 տարին մեկ. վերջինը 1944-ին էր։ Եթե հրաբուխը բարկանա, զոհ կդառնա ոչ միայն Նեապոլի, այլև շրջակայքում գտնվող մի շարք քաղաքների բնակչությունը՝ ընդհանուր առմամբ ավելի քան 4 միլիոն մարդ։

Սան-Ֆրանցիսկո
Սան-Ֆրանցիսկո

Գիտնականները լավատեսորեն չեն տրամադրված նաև ԱՄՆ-ում գտնվող մի քանի քաղաքների հանդեպ։ Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները համոզված են, որ մինչև 2086-ը Սան-Ֆրանցիսկոյի շրջակայքում տեղի կունենա 7 և ավելի բալ հզորության երկրաշարժ, որը կարող է հանգեցնել քաղաքի ոչնչացմանը։

Դեթրոյթ
Դեթրոյթ

1950-ականներին ԱՄՆ մեքենաշինության խոշորագույն կենտրոն Դեթրոյթը, ուր կենտրոնացած էին երկրի ամենահայտնի գործարանները՝ Ֆորդ, Ջեներալ Մոթորս և Քրայսլեր, այսօր անմխիթար վիճակում է։ 1950-ից մինչև օրս քաղաքի բնակչությունը 1.8 միլիոնից հասել է 700 000-ի (2013-ի տվյալներով)։ Իրավիճակն էլ ավելի վատացավ, երբ 2013-ի հուլիսի 18-ին քաղաքը հայտարարեց սնանկության մասին։ Գիտնականների գնահատականով բնակչությունը կշարունակի նվազել, ինչն անխուսափելիորեն կկործանի քաղաքը։ Նույն պատճառով կարող են ոչնչանալ նաև ամերիկյան Բիրմինգեմը՝ դեռ դարասկզբից կորցրած բնակչության 13%-ը, Բուֆֆալոն (11%) և Նոր Օռլեանը, որի բնակիչների 25%-ը լքեց քաղաքը 2005-ի Կատրինա ավերիչ փոթորկից հետո։

Այս ամենին ի հակադրում՝ գոյություն ունի նաև աճող քաղաքների ցուցակ, որը գլխավորում է ՉԺՀ-ում գտնվող Պունին քաղաքը։ Այն 1990-2025-ի ընթացքում կգրանցի բնակչության 1 551.3% աճ։ Մյուս հորիզոնականներում տեղավորվել են մի շարք քաղաքներ Կոտ Դիվուարում, Նիգերիայում, Բուրկինա-Ֆասոյում, Աֆղանստանում, Անգոլայում։ Այս վիճակագրությունը ակամայից հիշեցրեց Քաթար այցից հետո ծանոթ փիլիսոփայի միտքը՝ երբ ժողովուրդը դարեր շարունակ ապրում է անապատի կենտրոնում առանց բարելավման ակնկալիքի, այն պարզ պատճառով, որ դա իր տունն է, օրերից մի օր բնությունը պարգևատրում է նրան ու նվիրում նավթահանքեր։ Այժմ այդ ժողովուրդն անապատում կառուցում է սեփական օազիսը։

Պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած անհետացող քաղաքի հիմքում ընկած է մարդկային գործոնը: Քաղաքն առաջին հերթին մարդիկ են։ Եվ միայն երևանցիներն են ի զորու միահամուռ ջանքերով փրկել անհետացման տագնապալի ցուցակում 24-րդ տեղը զբաղեցնող Երևանը:

Այս թեմայով