Կոմիտասի պուրակը մի քանի ժամով վերածվել էր բացօթյա, ոչ ավանդական գրադարանի։ Մեղավորները «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամն ու CAUCULT Կովկասյան մշակութային նախաձեռնություններ ՀԿ-ն էին, որոնք կազմակերպել էին «Կենդանի գրադարան» կոչվող միջոցառումը։ Այստեղ գիրք փնտրելն անիմաստ էր, որովհետև գրքերը հենց մարդիկ էին՝ իրենց կենսափորձով, մշակույթով ու ասելիքով: Համացանցի թվայնացված դարաշրջանում մարդիկ երբեմն հոգնում են վիրտուալ շփումից և իրական շփման կարիք են ունենում. սա էր գիրք-մարդկանց և «ընթերցողների» հանդիպման շարժառիթը:
Աննա Ունուպօղլյան՝ կլինիկական մահ ապրած գիրք-մարդը: Աննայի՝ «Աղջիկը երկու աշխարհների միջև» «ստեղծագործությունը» թերևս գրադարանի ամենասարսափելի գիրքն էր: Ֆիլմերին բնորոշ սյուժեն Աննան զգացել է սեփական մաշկի վրա՝ լույսի արագությամբ ընթացք, սարսափելի ուժեղ լույս, ձայներ, անծանոթ դեմքեր... 2005-ին մի քանի րոպե կլինիկական մահ ապրած աղջիկը թեև բավականին ժամանակ մահվան վախեր է ունեցել, բայց հասցրել է նաև օգուտ քաղել դրանցից: «Կյանքում ամենակարևորը մարդն է. մարդը բարձրագույն արժեք է. սա է այս գիրք-մարդու խորհուրդը գրադարանի բոլոր «ընթերցողներին»:
Հովիկ Քեշիշյան՝ սիրիահայ գիրք-մարդու «ստեղծագործությունը» վերնագրված է «Երկու հայրենիք՝ երկու օտար երկիր», բայց վերջին մեկ տարում Հայաստանի նկատմամբ ունեցած օտարությունն արդեն Հովիկը հաղթահարել է: Ռմբակոծումներից մազապուրծ երիտասարդը ոչ միայն հասցրել է հարմարվել հայաստանյան կյանքին ու ուսանել ԵՊՀ-ում, այլև ասելիք ունի իր «ընթերցողներին». «Ապրեք ներկայով, ապագայի նկատմամբ ունեցած երազները ոչ միշտ են տեղին լինում»:
Արևիկ Պետրոսյան՝ յոգայի մարզիչ, նաև բուսակեր, ով իր «գիրքը» վերնագրել է «Սրտի ճանապարհ»: Իր տեսակով էքսպերիմենտալ Արևիկը դեռ չգիտի, թե ովքեր կլինեն իր ընթերցողները, բայց նրա «գիրքը» հաստատ բոլորի համար չէ: «Մեկին տրամադրություն կտա, մյուսին՝ առողջություն, երրորդին՝ ոչինչ, որովհետև նա դեռ պատրաստ չէ: Բուսակերությունը որպես այդպիսին ոչինչ է, բայց եթե ես կենդանիներին վերաբերում եմ որպես իմ ընկերների, ապա չեմ կարող նրանց ուտել»:
Ալեքսանդր Պողոսյան՝ օդաչու, «Կյանքն ամպերից վեր» «գրքի» հեղինակ: 25 տարի շարունակ գետնից կտրված լինելով՝ օդաչուն զարմանում է, թե ինչպես են այսօրվա երիտասարդները երազում բիզնեսմեն կամ մարքեթոլոգ դառնալ: Աշխարհի բոլոր երկինքներում սավառնած գիրք-մարդը մի տեսակ չի հարմարվում ցամաքի հետ, որովհետև երկինքը մի լավ առավելություն ունի՝ «երկնքում բոլորը հավասար են»:
Հիքսոս Արթուր՝ այս հեթանոս գիրք-մարդը 7-րդ դասարանից առ այսօր սիրահարվել է հայոց լեզվին: Ընկեր, բարեկամ, հարազատ, բարև, ողորմի ու էլի մի շարք բառերի ստուգաբանական բացատրությունն Արթուրը ուսուցչին հատուկ վարպետությամբ բացատրում էր իր «ընթերցողներին»: «Ողորմի, նշանակում է ողը որմի՝ պատի մեջ դնել: Հնում մարդկանց թաղելու փոխարեն այրում էին, որովհետև հողը թանկ բան էր և հետևաբար բոլորը չէ, որ հողում տեղ ունենալու արժանի էին»: Այս ու նման բազում հեթանոսական բացատրությունները ապշահար էին թողնում քրիստոնյա «ընթերցողներին»:
Արևիկ Մելքոնյանը «գրադարանի» հաշմանդամություն ունեցող գիրք-մարդն է, ով իր ձեռքբերումների՝ ուսում, աշխատանք, կամք, ապրելակերպ ու էլի ահագին բաների համար պարտական է իր կարգավիճակին: «Ես ապրում եմ իմ հաշմանդամության հետ, ոչ թե նրան համարում իմ խնդիրը: Եթե չլիներ այն, ով գիտե, միգուցե ես էլ քույրերիս պես հիմա 3 երեխա մեծացնեի ու 18 տարիս լրանալուն պես ամուսնանայի. գյուղական շրջաններում այդպես է ընդունված»:
Կոպիլը «գրադարանի» ոչ հայկական «գիրքերից» էր: Հնդիկ երիտասարդն իր «գիրքն» անվանել է «Փորձարարություններ», որովհետև կյանքում շատ բաներ հենց Հայաստանում է փորձել. առաջին անգամ կոնյակ խմել է Երևանում ու այնքան է տրամադրությունը բարձրացել, որ սկսել է պարել: Կոպիլի «գրքի» խորհուրդը նույն կերպ է հնչում բոլորի համար՝ առանց ազգային սահմանափակման. «Շատ ընկերներ ունենալ, երջանիկ լինել, սպորտով զբաղվել և փորձել ապրել առանց համակարգչի և Facebook-ի»:
Խդր Հաջոյանը ևս գրադարանի ոչ հայ «գրքերից» էր: Նրա «Ովքե՞ր են եզդիները» գիրքը շատ պատկերավոր նկարագրում էր եզդի ժողովրդին՝ իր կենցաղով, կրոնով ու ավանդույթներով: Եվ քանի որ օրերս եզդիները նշում էին Նոր տարին, ապա Խդրի «ընթերցողները» նախևառաջ շնորհավորում էին նրա Նոր տարին: Խդրը պատմեց, որ եզդին կարող է ամուսնանալ միայն եզդու հետ, իսկ ընդդիմացողներին, հոսանքին հակառակ գնացողներին պարզապես կօտարեն եզդիական համայնքից մինչև կյանքի վերջ: