2013-ին «Սօսէի և Ալենի ժառանգություն» հիշատակի հիմնադրամն ու Armenian Tree Project-ը համատեղ նախաձեռնեցին «մեկ Like = հինգ ծառ» համացանցային յուրօրինակ արշավը: 5 ամիսների ընթացքում հավաքված հավանությունների ակնկալիքները արդարացան. արդյունքում արդեն այս գարնանը Ստեփանավան քաղաքի հարակից բլուրներում սկսեցին տնկել թվով 50 000 ծառեր։
ԱՄՆ-ից Հայաստան բնակության տեղափոխված նորապսակ Սօսէ Թովմասեանի և Ալէն Եքեքեանի՝ հայրենի հողում արմատներ գցելու ու կորցրած հայրենիքը կրկին վերագտնելու երազանքը փշրվեց 2013-ի մայիսին. ավտովթարը ընդհատեց երիտասարդ ընտանիքի կյանքը: Սօսէի ու Ալենի հիշատակը վառ պահելու համար նրանց հարազատներն ու ընկերները, Armenian Tree Project-ի հետ համատեղ խիզախ գաղափար նախաձեռնեցին։
Հայտնի է, որ մարդն ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ վառ է նրա մասին հիշողությունը: 2013-ի սեպտեմբերի 10-ից (Սօսէի ծննդյան օրը) մինչև 2014-ի մարտի 10-ը (Ալենի ծննդյան օրը) Ֆեյսբուք սոցիալական ցանցում ATP-ի էջի յուրաքանչյուր մեկ հավանության (like) փոխարեն բարեգործական հիմնադրամը խոստացավ տնկել 5 ծառ: Հանրությանը մեկ գաղափարի շուրջ միավորած ինտերակտիվ արշավի արդյունքում 17 հեկտար ամայի տարածքն արդեն այս աշնանը նորատունկ անտառ կդառնա:
Ապրիլի 18-ին վիրտուալ արշավին միացած օգտատերերը իրական հանդիպում ունեցան: Շուրջ 100 կամավորներ Հայաստանից ու Սփյուռքից համախմբվեցին, որպեսզի Հիշատակի անտառն իրականություն դարձնեն: Ինչպես նշեց ATP բարեգործական հիմնադրամի տնօրեն Արեգ Մաղաքյանը, անտառտնկման աշխատանքներին մասնակցում են Լոռու բնակիչները, ինչն ապահովում է նրանց սեզոնային աշխատանքով. «Համայնքի կողմից 25 տարով անվարձահատույց տրված 17 հեկտար տարածքը նախապես ցանկապատվել է, որպեսզի տնկիները պաշտպանված լինեն անասուններից: Նորատունկ անտառը մշտապես կլինի ինչպես ATP-ի մասնագետների, այնպես էլ համայնքի բնակիչների խնամքի տակ»:
Սոճիների ու այլ դեկորատիվ, ինչպես նաև բերքատու ծառերի անտառը վերջնական տեսք կունենա արդեն այս տարի աշնանը, երբ ավարտվեն բոլոր աշխատանքները: