Այս տարվա մայիսի 1-ից 3-ը տեղի կունենա Yerevan Spring Open թենիսի միջազգային երրորդ առաջնությունը: Թեև առաջնությունն ի սկզբանե մտածվել է որպես սիրողական, բայց այս տարի, բացի սիրողական մարզիկներից, առաջնությանը կմասնակցեն նաև պրոֆեսիոնալներ: Առաջնությունը հասցրել է ներկայանալ որպես լավ կազմակերպված և լուրջ միջոցառում՝ Հայաստանում մեծ թենիսի խթանմանն ու զարգացմանը միտված: Առաջնության հիմնադիր և նախագահ Վիկտոր Ակուլյանը պատմեց մայիսի սկզբին սպասվող առաջնության, Հայաստանում թենիսի հեռանկարների և առողջ ապրելակերպի մասին:
Վիկտոր, պատմեք առաջնության մասին. ի՞նչ ձևաչափով է այն տեղի ունենում, ո՞վ կարող է մասնակցել դրան:
- Նախ, պատահական չէ, որ մենք առաջնությունն անցկացնում ենք հենց մայիսի սկզբին, երբ Երևանը ծաղկում է և առավել վառ ու գրավիչ է: Բացի մրցությունից, մենք օտարերկրյա մասնակիցներին հնարավորություն ենք ընձեռում շրջելու քաղաքով, գնահատելու միջավայրի գեղեցկությունը, զգալու քաղաքային կոլորիտը: Չէ՞ որ մասնակիցների թվում ոչ միայն հայեր են, այլև հյուրեր ամբողջ աշխարհից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իսրայելից, մերձբալթյան երկրներից: Կանոնադրության համաձայն՝ առաջնությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Պարզապես անհրաժեշտ է լրացնել հայտն առաջնության պաշտոնական կայքում՝ www.yesopen.am: Մասնակիցները կատարում են վճարում 100 000 դրամի չափով: Մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 միլիոն դրամ, ինչը բավականաչափ մեծ գումար է նման մակարդակի միջոցառման համար: Մրցաշարն անցկացվում է տղամարդկանց զույգերի միջև PROAM կարգում (պրոֆեսիոնալ և սիրողական) և խառը սիրողական զույգերի միջև: Այս տարի առաջնությանը կմասնակցեն 16 տղամարդկանց և 8 խառը զույգեր:
Ինչո՞ւ որոշեցիք առաջնությունն անցկացնել հենց Հայաստանում: Թենիսը, որքանով տեղյակ եմ, տարածված մարզաձև չէ այստեղ:
- Համաձայն չեմ: Ժամանակին մենք թենիսի շատ ուժեղ դպրոց ունեինք, մեր մարզիկները բազմիցս բարձր դիրքեր են զբաղեցրել համամիութենական և միջազգային մրցաշարերում: Պարզապես այսօր մենք հետաքրքրվածության անկում ունենք, ինչը կապված է նաև տվյալ մարզաձևի համար պահանջվող մեծ միջոցների ու հետխորհրդային առաջին տարիներին թենիսի դպրոցների փակման հետ: Բայց պետք չէ մոռանալ, որ համաշխարհային թենիսի պատմության մեջ քիչ չեն հայկական անունները, հայկական արմատներով մարզիկները: Թենիսի փիլիսոփայությունը համապատասխանում է մեր ազգային մտածելակերպին: Հայերը, ինչպես գիտենք, անհատապաշտ են: Հենց անհատական, այլ ոչ թե թիմային մարզաձևերում ենք մենք հիմնականում լավ արդյունքներ ցույց տալիս: Իսկ թենիսը վառ արտահայտված անհատական մարզաձև է: Կորտում գլխավոր մրցակիցը բոլորովին էլ հակառակորդը չէ, այլ դու ինքդ: Ասենք, երբ մարզիկը վատ ելույթ է ունենում կամ ինչ-որ սխալ է անում, ապա առաջին հերթին իրեն է մեղադրում: Մի խոսքով, կորտում ինքդ քո դեմ ես պայքարում:
Կա՞ն արդյոք մրցաշարի առջև դրված խնդիրներ:
- Նախ՝ մրցաշարը նպատակ ունի առողջ ապրելակերպ քարոզել Հայաստանում: Ինչպես մեր երիտասարդությունը, այնպես էլ ավագ սերունդը դեռևս մինչև վերջ չի հավատում, որ սպորտով զբաղվելը շատ ավելի դուրեկան է, քան ալկոհոլն ու ծխախոտը: Ասենք, անցյալ տարի տղամարդկանց զուգախաղում հաղթող ճանաչվածներից մեկը Նիկոլայ Սիլիչն էր՝ 67 տարեկան: Այդ տարիքում նա բոլորովին չի զիջում շատ ու շատ երիտասարդների: Չի էլ թաքցնում, որ թենիսն է նրան օգնում պահպանել առողջությունը: Թենիսը միայն ֆիզիկական ուժ չէ. դա ռազմավարական մտածողության ընդունակություն է, յուրօրինակ ոճ: Եվ, վերջապես, ամենանվիրական նպատակը Հայաստանի ելքն է թենիսի միջազգային մակարդակ:
Արդյո՞ք կարելի է միայն առաջնություններով ու մրցություններով խթանել թենիսի զարգացումը երկրում:
- Ոչ ոք չի ասում, որ այդ ամենը պետք է անել միայն առանձին մրցաշարերի ջանքերով: Yerevan Spring Open-ը մեծ մեխանիզմի մեկ դետալն է ընդամենը: Մրցաշարով կարելի է հետաքրքրել մարդկանց, գրավել նրանց ուշադրությունը: Չէ՞ որ պետք է ինչ-որ բանից սկսել: Հենց համընդհանուր հետաքրքրվածության մակարդակից էլ առաջնությունն ինքը կարող է վերաճել ինչ-որ ավելի մեծ բանի, ավելի շատ մասնակիցներով, ընդլայնված կանոնադրությամբ, մասնակիցների ավելի հայտնի անուններով: Ես պակաս կարևոր չեմ համարում նաև Հայաստանում թենիսի դպրոցի ստեղծումը, որը կկարողանա ուսուցման ճիշտ, համակարգված ծրագիր մշակել: Մեզ սեփական սաներ են պակասում: Հաճախ նրանք մարզումների համար այլ երկրներ են մեկնում: Ի դեպ, մենք մի շարք լուրջ մասնագետներ ունենք, որոնք կկարողանան գլուխ բերել այդ գործը: Նրանք, իհարկե, նույնպես կարիք կունենան բարձրացնելու իրենց որակավորումը, որպեսզի համապատասխանեն այսօր համաշխարհային թենիսում ձևավորված պահանջներին: Բայց ես վստահ եմ, որ դա նույնպես զուտ ժամանակի խնդիր է: