03 Հունիս 2014, 15:00
2096 |

Մի բարձի ծերացնողը

Կարապներով քորոցի սիմվոլիզմ, աշխատանքային թիմի, ամուսնությունների, ամուսնալուծությունների և այլ մասնագիտական թեմաների մասին պատմում է շուրջ չորս տասնամյակի փորձ ունեցող քկագտբ (նույն ինքը՝ զագս) 1-ին կարգի մասնագետ Սոնա Եղիազարյանը:

Եռագույնն ու կարապները
Արդեն 38 տարի է, ինչ ՀՀ ընտանեկան օրենսդրությամբ զույգերին հայտարարում եմ օրինական ամուսիններ: 20 տարի աշխատել եմ Արաբկիրի զագսում, 1996-ից 1999 թվականը՝ Աջափնյակի զագսում, իսկ 1999-ից՝ Նոր Նորքի զագսում եմ աշխատում:

Ամուսնություն գրանցելու ժամանակ միշտ վրաս կրում եմ եռագույնը և այն ամրացնում եմ սիմվոլիկ քորոցով, որի վրա զույգ կարապներ են պատկերված: Կարապները ընտանիքի սիմվոլն են: Այդ քորոցն ինձ Մոսկվայից են նվեր բերել միայն հատուկ առիթների համար: Ամեն անգամ, երբ վրաս կրում եմ այս եռագույնը և ոտքի կանգնելով պաշտոնապես հայտարարում եմ օրինական ամուսնության մասին, մարմնովս մի անբացատրելի հոսանք է անցնում: Այդ պահին ես ոչ մի դեպքում չեմ մտածում, որ դիմացս ինձ անծանոթ մարդիկ են կանգնած: Հակառակը՝ ես միշտ հարազատ զավակների պես եմ ընդունում նորապսակներին և անպայման նրանց իմ բարեմաղթանքն եմ տալիս:

Կանանց մասին
Զագսում աշխատող կանայք, բոլորն էլ միջին կամ միջինից բարձր տարիքի, ազդեցիկ արտաքինով կանայք են: Սա պատահական չէ, որովհետև բացի վարչական գործողություններ կատարելուց և ամուսնություն գրանցելուց, զագսի աշխատողը պետք է նաև կյանքի բովով անցած կին լինի, ով ամուսնության կարևորությունը սեփական փորձով է հասկանում: Զավեշտալին այն է, որ զագսի աշխատող լինելով և այդքան զույգերի ամուսնացնելով հանդերձ՝ ես զագս եմ գնացել, երբ հղիության 6-7-րդ ամսում էի: Մինչև այդ քննադատաբար էի մոտենում բոլոր այն զույգերին, ովքեր զագս էին գալիս ամուսնությունից շատ ուշ, երբ կինն արդեն հղի էր լինում, բայց արի ու տես, որ ինձ հետ էլ նույնը եղավ:

Ուրախանալու առիթ
Անկեղծ ասած, ես միշտ զգում եմ՝ այդ ամուսնությունը ընտանիք կդառնա, թե ոչ: Տարիների աշխատանքային և կանացի հոտառությունս ինձ թույլ են տալիս թացը չորից տարբերել: Անցյալ տարի, դեկտեմբերին ռեստորանում մեծ շուքով զագսի գրանցում կատարեցի, բայց կոլեգաներիս ասեցի՝ աղջիկներ, ես զգում եմ, որ այս ամուսնությունը թիթեռի կյանք է ունենալու, որովհետև այնքան չարություն կար հարսի աչքերի մեջ, տղան ափսոս էր: Ամուսնությունից մեկ շաբաթ հետո նույն զույգը գալիս ու ամուսնալուծության դիմում է գրում: Գիտե՞ք ինչպես հասկացա: Տարիների փորձից է գալիս այս ամենը:

Ցավում եմ, բայց այս տարվա հունվարից սկսած, ամուսնալուծության անթիվ, անհամար դիմում եմ ընդունել արդեն: Ամուսնության դիմումներ չկան, որովհետև մեծամասնությունը հիմա հայրություն է ճանաչում, բացի այդ, բուն ամուսնություններ էլ չկան դեռ այս տարի: Հենց ամուսնության դիմում ենք ունենում, բոլորս ուրախանում ենք:

Ինչու են գնում
Շատ են գնում Հայաստանից: Նախկինում, եթե գնում էին 40-50 տարեկան տղամարդիկ, ապա հիմա մեր երիտասարդությունն է գնում: Ասում եմ՝ լավ, դուք հայ չե՞ք, չէ՞ որ կոմիտասները զոհաբերեցին իրենց կյանքը մեր համար, հայրենիքի համար, բա դուք ո՞ւր եք գնում: Դեռ 1991 թվականին, երբ երկրում սկսվեց ծանր վիճակը, ես բոլոր կանանց ասում էի՝ կանայք, մի բան արեք, համոզեք, որ ձեր ամուսիններն աշխատելու նպատակով Հայաստանից չգնան, որովհետև փորձված բան է՝ հայ տղամարդն այլևս չի վերադառնում, գտնում է մի գեղեցիկ շեկլիկ կին ու այնտեղ էլ մնում է:

Հայ կնոջ նախկին նամուսն ու թասիբն այլևս չկան. պարսիկ, թուրք, աֆրիկացի, հնդիկ… որտեղի՞ց են գտնում նրանց հայ աղջիկներն ու ամուսնանում հետները: Հիմա շատերը մտածում են, որ ամուսնությունը թանկարժեք հագուստ, շքեղ մեքենա, պաշտոն կամ առանձնատուն է, և չեն էլ թաքցնում դա: Մի խոսքով, հիմա 90 տոկոսը հաշվարկով է ամուսնանում, քչերն են, որ սիրելով ու սիրով են ընտանիք կազմում: Սա ինձ ցավ է պատճառում, սա վտանգավոր է ազգի համար:

 

Ինչու են բաժանվում
Ամուսնալուծություններից շատերը պայմանավորված են ծնողների՝ հատկապես տղայի մոր ակտիվ միջամտությամբ: Օրինակ, մայրը կարող է իր 30 տարեկան տղայի ձեռքից բռնած գալ զագս և դիմում գրել: Տղան լուռ կանգնած է, և բոլոր հարցերին մայրն է պատասխանում: Ասում եմ՝ սիրելի մայրիկ, խնդրում եմ, թողեք ձեր երեխաներն ինքնուրույն ապրեն: Երբ ծնողների դերը մեծ է լինում ընտանիքում, այդ ընտանիքը երկար գոյատևել չի կարող: Սիրելի մայրեր, կինը երբեք մայր չի դառնա, մայրն էլ երբեք կին չի դառնա, դրանք բոլորովին տարբեր սերեր են: Մի խանգարեք ձեր երեխաներին, թողեք նրանք յուրովի երջանիկ լինեն: Երբ գալիս են ամուսնալուծության դիմում գրելու, ապա ես պարտավոր եմ խոսել նրանց հետ: Ու այնքան է պատահել, որ հարթել եմ անհամաձայնությունը, համոզել եմ, խորհուրդ եմ տվել, որ չբաժանվեն, որովհետև ընտանիք կազմելն ու պահելը դժվար գործ է, իսկ քանդելը՝ մի վայրկյանի բան է: Մի խոսքով, ամեն ինչ անում եմ, որ մարդիկ իմ աշխատասենյակից դուրս գան ոչ միայն ուրախ, այլ նաև՝ պատասխանատվության զգացումով լցված:

Քաղաքացի/գյուղացի
Հաճախ երբ գալիս են դիմում լրացնելու, «ՀՀ քաղաքացու» փոխարեն գրում են «ՀՀ գյուղացի»: Ասում եմ՝ սխալ եք գրել, ինձ պատասխաոնում են՝ բայց մենք Երևանում չենք ապրում, մենք գյուղացի ենք, քաղաքացի չենք: Մի անգամ 60-70 տարեկան զույգեր եկան զագսավորվելու: Այնքան երջանիկ էին, այնքան սեր կար նրանց մեջ: Զրուցեցի հետները: Ասեցին՝ մենք որոշեցինք 2-րդ երիտասարդություն ապրել և հիմա մեզ ավելի երջանիկ ենք զգում, քան առաջին ամուսնության ժամանակ: Այսպիսի դեպքեր շատ հազվադեպ են պատահում: Հակառակը՝ 50-60 տարեկան ամուսիններ են գալիս ամուսնալուծության, ասում եմ՝ պետք է 10 000 դրամ վճարեք, ամուսինն ասում է՝ «բայց ես խի՞ պետք ա իրա տեղը վճարեմ»: Ասում եմ՝ «լսեք, այսքան տարի ապրել եք իրար հետ, հիմա նո՞ր եք սկսել իմ ու քոն անել: Վճարեք, որովհետև վերջին անգամ եք վճարելու»:

Զագսմերը
Գարնանը երիտասարդ զույգերի էի ամուսնացնում: Երբ անձնագիր ուզեցի, պարզվեց, որ երկուսն էլ մոռացել են բերել: Տղան Մուսալեռից էր, խեղճ հարսը մոտ մի ժամ սպասեց, մինչև տղան գնաց Մուսալեռ անձնագիրը բերելու: Տարիներ առաջ, երբ Տեր Շմավոն քահանային էի ամուսնացնում, նա էլ էր անձնագիրը մոռացել ու ամեն կերպ փորձում էր համոզել, որ առանց անձնագրի կատարեմ ամուսնությունը, բայց դա անհնարին է: Հիմա էլ, երբ հանդիպում ենք, միշտ այդ դեպքն ենք հիշում:

Շատ հայտնի քաղաքական ու շոու բիզնեսի ներկայացուցիչների եմ իմ ձեռքով զագսի վկայական տվել կամ գրանցել նրանց բալիկներին՝ Շուշան Պետրոսյան, Մկրտիչ Արզումանյան… շատ են: Մի կին կա Մասիվում, ում երեք տղային էլ ես եմ զագսավորել, թոռներին ես եմ գրանցել: Հիմա, որ ինձ դրսում հանդիպում են, ասում են՝ տիկին Սոնա ջան, դու մեր «զագսմերն» ես:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N3-4, 2014

Այս թեմայով