Acronis ընկերության հիմնադիր ու գլխավոր տնօրեն, Parallels-ի և Runa Capital վենչուրային հիմնադրամի նախագահ Սերգեյ Բելոուսովն ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունի բարձր տեխնոլոգիաների հետ կապված ընկերությունների ստեղծման, զարգացման և ղեկավարման ոլորտում։ Դրանք գործում են Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի երկրներում: Օրերս Բելոուսովը Հայաստան էր ժամանել աշխատանքային այցով, որի ընթացքում կիսեց իր տպավորություններն ու հնարավոր ծրագրերի հեռանկարները:
Սա Ձեր առաջին այցն է Հայաստան: Ի՞նչ նպատակով եք ժամանել:
- Առաջինը՝ հանգստանալ, տեսնել Հայաստանն ու այն ցույց տալ աղջկաս, երկրորդը՝ ծանոթանալ, թե ինչպես է այստեղ կառուցված գիտությունը, տեխնոլոգիաներն ու կրթությունը՝ այն ամենը, ինչով ես զբաղվում եմ: Փոքր տարիքում շատ եմ կարդացել Հայաստանի մասին, գալուց առաջ դիտել էի Սենկևիչի հաղորդումները: Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա տարածված կարծիք կա, թե Հայաստանն աղքատ երկիր է, բայց ես նման բան չնկատեցի, բացի այդ, այստեղ ամեն ինչ շատ կազմակերպված է: Ես այցելեցի «Այբ» դպրոց, ծանոթացա ԹՈՒՄՈ նախագծին, մի քանի շատ լավ ստարտափերի մասին իմացա, հսկայական ֆանտաստիկ նախագիծ է Դիլիջանում իրականացնում Ռուբեն Վարդանյանը: Ամեն ինչ մասշտաբային է, հետաքրքիր, պրոֆեսիոնալ իրականացված՝ բավականին բարձր մակարդակով այս երկրի համար: Տպավորում է նաև այն, որ այդ բոլոր նախագծերը համեմատաբար նոր են, իսկ որոշները դեռևս գործարկման փուլում են:
Ի՞նչ առաջարկներ ստացաք Երևանում գտնվելու ընթացքում:
- Ինչ-որ առաջարկներ ես, իհարկե, արդեն ստացել եմ, բայց խնդիրն այն է, որ ես հիմա 3 ոլորտներում եմ գործունեություն ծավալում: Առաջինը Acronis ընկերությունն է, որով ես հիմա զբաղվում եմ, և որն աշխատում է պահեստային պատճենման, վթարային վերականգնման և անվտանգ մուտքի ոլորտում: Ընկերությունը կոմերցիոն ծրագրային ապահովում է վաճառում ամբողջ աշխարհում: Ես հաճելիորեն զարմացած էի, երբ պարզեցի, որ Հայաստանում մեծ թվով հաճախորդներ ունենք: Երկրորդ ոլորտը վենչուրային ներդրումներն են, որոնց դեպքում ոչ թե մեզ են առաջարկներ անում, այլ մենք ենք ներդրումներ առաջարկում: Ես այստեղ մի քանի նախագիծ եմ նկատել և երբ հանդիպեմ գործընկերներիս հետ, անպայման կպատմեմ դրանց մասին. դրանք մեզ հետաքրքիր են, հատկապես դուր եկավ PicsArt ընկերությունը: Եվ վերջապես երրորդ ոլորտը գիտակրթականն է: Այստեղ ես կարող եմ ինչ-որ խորհուրդներ տալ, բայց ինքս հայ չեմ, այնպես որ կարծիքս զուտ մասնագիտական է լինելու: Ես այստեղ միանգամից երկու հոգու հրավերով եմ եկել՝ Ռուբեն Վարդանյանի ու Դավիթ Յանի: Վերջինիս արդեն երկար տարիներ եմ ճանաչում և արդեն համագործակցում եմ: Տեսնենք՝ գուցե ինչ-որ բան ստացվի:
Արդյո՞ք Հայաստանի գիտական ոլորտը խոստումնալից է: Ինչպե՞ս եք գնահատում այդ ոլորտը մեր երկրում:
- Գիտական ոլորտի հետ չեմ հասցրել առանձնապես ծանոթանալ, բայց գտնում եմ, որ Հայաստանի պես երկիրը պետք է հասկանա, որ նորարարություններն ու տեխնոլոգիաներն առանց գիտության չեն լինում: Թյուր կարծիք կա, թե գիտությունն այն է, ինչ միայն հարուստները կարող են իրենց թույլ տալ, այնինչ մարդիկ հարուստ են դառնում, երբ իրենց թույլ են տալիս գիտությամբ զբաղվել: Եթե շատ կոպիտ արտահայտվենք, ապա Հայաստանի գլխավոր ռեսուրսը հայերի ուղեղներն են, որոնք պետք է ճիշտ ու ակտիվորեն կրթել, զարգացնել, մարզել, և հենց դրա համար էլ անհրաժեշտ է կրթությունը: Բայց ոչ միայն կրթությունը, այլև գիտությունն ու արվեստը:
Ինչո՞ւ սկսեցիք ներդրումներ կատարել հենց կրթության և գիտության ոլորտում: Ինչո՞վ այն Ձեզ գրավեց:
- Գիտության մեջ ներդնելն ավելի շուտ պետության պարտքն է, քանի որ փորձը ցույց է տալիս, որ գիտության մեջ կատարված ներդրումները երկարաժամկետ են: Դրանք հատուցվում են 10, 20 տարվա և անգամ ավելի երկար ժամկետում: Ուստի մասնավոր ձեռնարկատերերի համար հեշտ չէ նման ներդրումներ կատարելը, և ես ինձ համար գործունեության այդ ուղղությունն ավելի շատ բարեգործություն եմ համարում: Բայց կողմնակի օգուտ դրանից, իհարկե, կա. համալսարանների, գիտական խմբերի հետ կապեր են ձևավորվում, դրանք անօգուտ ներդրումներ չեն:
Վենչուրային ներդրումները կարելի՞ է համարել բիզնեսի ապագան:
- Այսօր աշխարհը շատ նեղ է և ամբողջովին բաժանված տարբեր երկրների միջև: Նյութական հարստություններն արդեն բաշխված են, և միակ նոր հարստությունները կամ նոր իշխանությունը, որը կարելի է ձեռք բերել, գիտության և տեխնոլոգիաների մեջ են: Եթե տեղեկատվական տեխնոլոգիաները շարունակեն զարգանալ նույն արագությամբ, ինչ այսօր, ապա 20-30 տարի անց դրանք կկազմեն 30%-ը համաշխարհային տնտեսության: Անգամ հիմա աշխարհի ամենահարուստ մարդկանց քսանյակում են այն մարդիկ, որոնք իրենց միլիոնները տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ ներդնելով են աշխատել, և լավագույն օրինակը հենց Բիլլ Գեյթսն է:
Արդեն 10 տարուց ավելի է, ինչ Հայաստանի կառավարությունը երկրի տնտեսության զարգացման առաջնահերթ ոլորտներից մեկն է հռչակում ՏՏ-ն: Ինչպե՞ս եք գնահատում ոլորտի զարգացումը Հայաստանում:
- ՏՏ ոլորտը միայն ծրագրավորում չէ, դա նաև ռոբոտային տեխնիկան է, էլեկտրական ինժեներությունը և շատ այլ ուղղություններ: Երկրորդը, ՏՏ-ն բացարձակապես ամեն ինչի մասն է սկսում կազմել, այնպես որ ՀՀ կառավարության առաջնահերթությունները տնտեսության զարգացման համար ճիշտ են ընտրված, բայց երբեք չի կարելի մոռանալ գիտության մասին: Ամենուր, ուր կա գիտություն, կան բարձր տեխնոլոգիաներ։ Մեծերից մեկն ասել է. «Եթե չես վճարում քո գիտության համար, ապա շուտով ուրիշի գիտության համար ես վճարելու»: Այնպես որ տեխնոլոգիաներն իրենց տեղն ունեն, բայց առանց գիտության ոչինչ չի ստացվի: Տեխնոլոգիաների վրա առավել ևս արժե կենտրոնանալ, քանի որ Հայաստանում տնտեսության զարգացման համար այլ առանձնակի աղբյուրներ չկան՝ ո՛չ մեծ քանակությամբ օգտակար հանածոներ, ո՛չ բարենպաստ պայմաններ գյուղատնտեսության զարգացման համար: Կարելի է զարգացնել զբոսաշրջությունը, բայց դա էլ դյուրին խնդիր չէ նման աշխարհագրական և քաղաքական դիրք ունեցող երկրի համար:
Զգացի՞ք Երևանի շունչը: Ինչ-որ բան կփոխեի՞ք քաղաքում:
- Վերջին 15 տարվա ընթացքում ժամանակիս կեսից ավելին հյուրանոցներում եմ ապրել ավելի քան 60 երկրներում: Համեմատելով կարող եմ ասել, որ Երևանում, իհարկե, լավ հյուրանոցներ կան, բայց այնուամենայնիվ նկատվում է դրանց պակասը, թեև գիտեմ, որ հիմա էլ են կառուցվում նորերը: Հասցրել եմ նաև նկատել, որ փոքր բիզնեսներ գրեթե չկան: Բայց լուրջ բողոքներ չունեմ: Եվ հետո, գիտեք, Մոսկվայից հետո դժվար է ինչ-որ բանից դժգոհելը: Այդ խելահեղ ռիթմից, սթրեսից, աղմուկից, խցանումներից ու կեղտոտ օդից հետո Երևանն ամենախաղաղ ու հարմար վայրն է թվում: Այստեղ ոչ ոք չի աղմկում, խցանումներ չկան, համեղ են կերակրում, մի բան էլ ավելին: Կարող եմ բողոքել, որ շատ են կերակրում, իսկ նման համադամ կերակուրները չուտելն ուղղակի հանցագործություն է: