«Մտոց», նույն ինքը՝ լյուկ, ասելիս ինքնաբերաբար պատկերացնում ենք մայթերի այն թուջե կլոր կափարիչները, որոնց վրայով ամեն օր քայլում ենք, լսում դրանց դխկոցը, երբ փողոցով ավտոմեքենա է անցնում: Բայց պարզվում է, որ վերջին տարիներին մտոցներ սկսել են պատրաստել նաև այլ հումքից, ընդ որում՝ ավելի մատչելի գներով և մի շարք առավելություններով: «Պրոմ Սինթեզ» ընկերությունը նման մտոցների արտադրությամբ զբաղվում է արդեն 3 տարի: Ընկերության հիմնադիր-տնօրեն Միհրան Անդրանիկյանը պատմում է պոլիմերային մտոցների արտադրության առանձնահատկությունների մասին:
Ի՞նչ նյութեր են օգտագործվում մտոցների պատրաստման համար և որտեղի՞ց են դրանք բերվում:
- Հիմնականում՝ ավազ, ինչպես նաև վերամշակված պոլիէթիլեն: Որոշ պատվերների դեպքում մտոցին գույն հաղորդելու համար կիրառվում է նաև պիգմենտ: Ամբողջ հումքը տեղական է:
Ինչպե՞ս է տեղի ունենում գնագոյացումն ու մրցունակության ապահովումը:
- Տեղական հումքի կիրառման, ինչպես նաև օգտագործված պոլիէթիլենային տոպրակները վերամշակելու արդյունքում մեր մտոցների գինը գրեթե երկու անգամ պակաս է ստացվում, քան թուջե մտոցների ձուլման դեպքում: Մեր մրցունակությունն ապահովվում է ոչ միայն գնի, այլև մի շարք այլ առավելությունների շնորհիվ: Նախ՝ թուջե մտոցի դեպքում դիտահորը պատրաստվում է բետոնից, դա ծանր տեխնիկայի կիրառում է պահանջում, ինչը ծախսատար է: Իսկ պոլիմերային մտոցներն ու դիտահորերը առանց լուրջ ծախսերի կարելի է տեղադրել ցանկացած վայրում: Բացի այդ, նյութի շնորհիվ մեր մտոցներն անաղմուկ են, դրանց գողանալու հավանականությունը գրեթե զրոյական է, քանի որ թուջե մտոցները կարելի է հետագայում վերաձուլել և վաճառել, մինչդեռ պոլիմերային մտոցներն այլ նպատակով կիրառել կամ վաճառելը դժվար թե հաջողվի:
Եղել են դեպքեր, երբ թուջե մտոցները չեն դիմացել երևանյան արևին ու ճաքել են: Եթե թուջը չի դիմացել, որքա՞ն է հավանականությունը, որ դրանք կդիմանան:
- Մեր մտոցները տարեկան երկու անգամ փորձաքննության են ենթարկվում՝ ստուգելու համար դրանց դիմացկունությունն ու համապատասխանությունն ընդունված չափանիշներին: Մտոցների առաձգականության, խտության ու այլ չափանիշները գերազանցում են նորման: Ըստ փորձաքննությունների արդյունքների՝ միջին չափերի մտոցը կարող է դիմանալ ջերմաստիճանի կտրուկ տատանման մոտ 200 դեպքի: Եթե համարենք, որ տարվա մեջ միջինը չորս կտրուկ տատանում է լինում, ստացվում է, որ մտոցները շուրջ 50 տարի անխափան կարող են ծառայել: Ինչ վերաբերում է քաշին, ապա վերջին փորձաքննությունները ցույց տվեցին, որ մտոցները կարող են 70 տոննա քաշ պահել, բայց ապահովության համար մենք երաշխավորում ենք դիմացկունությունը 40 տոննայի համար:
Առնվազն քանի՞ կգ հումք է պահանջվում մտոց պատրաստելու համար:
- Մտոցներն առնվազն 55 սմ տրամագիծ պետք է ունենան և նման չափսի մտոցի պատրաստման համար մոտ 50 կգ հումք է անհրաժեշտ:
Տարեկան միջինը քանի՞ մտոցի պատվեր եք ունենում:
- Մեր ընկերությունը մտոցների արտադրությամբ զբաղվում է 2011-ից և, օրինակ, անցյալ տարի մոտ 1500 մտոցի պատվեր ենք ունեցել:
Եղե՞լ են արտասովոր դիզայնի մտոցի պատվերներ:
- Դեռ ոչ: Մտոցների պատվերներ շատ ենք ստանում «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի» ընկերություններից: Միակ առանձնահատկությունը մտոցի վրա դաջած տարբերանշանն է: