Երևանին ուժ տվող արևի, իմպրեսիոնիստական գույների, քյարթու ու շքեղ սևի, երևանյան սթրիթ-սթայլի, նորաոճ երևանցիների և այլնի մասին պատմում է ոճաբան և հաղորդավար Արմեն Գալյանը:
Անունս, որ Գալյան չէ, այլ՝ Արմեն, տատիկս է որոշել: Մեր ցեղում ոչ ոք երաժշտական լսողություն չուներ: Տատիկս էլ անվանեց ինձ Արմեն Տիգրանյանի պատվին, այն հույսով, որ կարդարացնեմ իր երաժշտական սպասելիքները: Երաժշտական լսողություն այդպես էլ չունեցա, բայց շատ եմ սիրում երաժշտություն, այնպես որ, ինչ-որ չափով, տատիկս հասել է իր ուզածին:
Մեծացել եմ Ուպրավլենի կոչվող տարածքում: Սեփական տուն ունեինք. բակում մի յասամանի ծառ կար, կողքն էլ հին տարածք էր, որտեղ թռչունների մի մեծ վանդակ կար, հավանաբար ժամանակին թռչուններ էին պահում: Սա մանկությանս ամենավառ պատկերներից է: Բայց արդեն 10 տարի է՝ բնակվում եմ Ավանում:
Ի տարբերություն ներկայիս, ահավոր չուտող երեխա եմ եղել: Մամաս սպասի մեջ վառ գազարագույն կալենդուլայի ծաղիկ էր գցում ու խաբելով կերակրում: Երևի այդ ժամանակվանից է, որ կյանքում ամեն ինչ իմպրեսիոնիստական գույներով է տպավորվում:
Մանկապարտեզի հանդեսի համար հորաքույրս ձնեմարդու կոստյում էր պատրաստել: Այն իրենից ներկայացնում էր մետաղալարերից պատրաստված շրջանակ, որի վրա սպիտակ կտոր էր քաշած: Կարծես Ժան Պոլ Գոտյեի հավաքածուի նմուշ լիներ. շատ մեծ իրադարձություն էր ինձ համար:
Վեցերորդ դասարանում էի, երբ ընտանիքով Կիև տեղափոխվեցինք: Մութ ու ցուրտ տարիներն էին, շատերը մեկնեցին այդ շրջանում: Այն, որ վերադառնալու էինք՝ պարզ էր: Բայց հենց Ուկրաինայում եմ կայացել որպես անձ:
Շատ սիրելի կատու ունեինք: Ինչպես գիտեք, կատուները կապվում են տան և ոչ թե մարդկանց հետ: Կատվին մեզ հետ տարանք Կիև. մի քանի օր մլավելուց, տառապելուց հետո փախավ: Նրա տունը այստեղ էր:
Տնտեսագիտական կրթություն ունեմ, բայց ինձ համար միշտ պարզ էր, որ նորաձևության ոլորտում եմ աշխատելու: Հիշում եմ առաջին ցուցադրությունը, որից ցնցվել եմ, Vogue ամսագիրը, որ դժվարությամբ գտնում ու կարդում էի, եզակի կայքերի միջոցով նայում էի համաշխարհային նորաձևության ցուցադրությունները:
Երևանը ինձ համար մարդկանց ամբողջություն է: Երբ արտասահմանում եմ, ամենից շատ կարոտում եմ երևանյան փողոցներով զբոսանքը, միմյանց բարևելու ավանդույթն ու ջերմությունը:
Որքան էլ որ ցավալի է՝ կարծում եմ, քաղաքը չունի դեմք, որը կարելի է կոտրել կամ հակառակը՝ գեղեցկացնել: Այն արդեն կոտրված է:
Ճիշտ են ասում, որ Երևանը վարդագույն է, բայց իմ Երևանը անձրևից հետո մուգ մոխրագույն փողոցներն են, որոնցով սիրում եմ զբոսնել, երաժշտություն լսել, խոր-հել: Ափսոս, որ կորցնում ենք անձրևանոցով քայլելու կուլտուրան:
Գիշերային ժամերին Երևանով զբոսնելիս մտածում եմ ստեղծագործական պլաններիս մասին: Այդ առումով Երևանը ոգեշնչում է ինձ:
Սիրում եմ քաղաքային կուլտուրան. դրա նշույլները գտնում եմ Կասկադում, Սիրահարների այգում, կենտրոնական փողոցներում: Այստեղ ինձ քաղաքի բնակիչ եմ զգում ու կողքիս էլ քաղաքի բնակիչներ եմ տեսնում:
Մի կողմից' քաղաքը սահմանափակում է ազատությունս, մյուս կողմից՝ հաճախ ենք խախտում Հայաստանում չընկալվող կանոնները: Վերջերս հանդիպեցի ԱՄՆ-ից ժամանած ընկերներիս հետ, այդ օրը առավել ոճային էի հագնվել՝ շորտեր, դասական կոշիկներ ու բաճկոն: Ընկերներիցս մեկը ասաց, որ նման տեսքը Երևանում անհեթեթ է նայվում: Բայց կարծում եմ, անկախ նրանից, թե որտեղ ես, պետք է անես այն, ինչ դուր է գալիս քեզ, եթե դա, իհարկե, վնաս չի պաճառում որևէ մեկին:
Հենց մեզնից է կախված Երևանի այսպիսին կամ այնպիսին լինելը: Եթե բողոքում ենք, որ այսօրվա Երևանը «թույն» չի, ուրեմն հենց մենք ենք մեղավոր. ամեն օր մենք կարող ենք գեղեցիկ հագնվել, հավես երեկույթներ, ցուցահանդեսներ կազմակերպել, լսել լավ երաժշտություն, դիտել լավ ֆիլմեր, պահպանել քաղաքավարության տարրական կանոններն ու մեր մայրաքաղաքը դարձնել ավելի քաղաքակիրթ, քան այն կա:
Երևանին բնորոշ սթրիթ-սթայլ գոյություն չունի: Շատ են արտասավոր ու ոճային հագնվող մարդիկ, բայց նրանք ոգեշնչվում են այլ մշակույթներից: Օրինակ՝ Թիֆլիսում կա թիֆլիսյան ոճ, թիֆլիսեցի աղջիկը տարբերվում է, երևանցին՝ ոչ, որովհետև նրա ոճի նման շատ այլ ազգություններում էլ կտեսնենք:
Ֆեշնի առումով Երևանը դեռ չունի իր դեմքը: Նորաձևությունը քաղաքային մշակույթ է, և քանի որ Երևանի քաղաքային մշակույթը այնքան էլ հին չէ, ապա մենք դեռ ձևավորման փուլում ենք: Պետք է մարդիկ որոշ ժամանակ ապրեն ավելի բարեկեցիկ կյանքով՝ ձգտելով լինել ավելի մտածող, քաղաքակիրթ: Ամեն ինչ սկսվում է տարրական բաներից՝ աղբը գետնին չնետել, թատրոն հաճախել, թատրոնի համար հատուկ նախատեսված հագուստ կրել և այլն: Այդ ամենը արտացոլվում է արտաքինի վրա:
Կարծում եմ՝ երևանցիները չեն գնահատում Կասկադն ու այնտեղ գտնվող ժամանակակից արվեստի բարձր մշակութային արժեք ունեցող նմուշները: Սա հպարտանալու և անվերջ ուսումնասիրություններ կատարելու աննախադեպ առիթ է:
Բացօթյա սրճարանում նստած երևանցին, քարի շենքի վրա բարձրացող խաղողի վազը, պատշգամբին կանգնած մարդը՝ սրանք են մեր քաղաքի այցեքարտերը:
Երևանում, ինձ անհայտ պաճառով, տաբու են շորտերով մարդիկ: Այս տարի մի քանի անգամ առնչվել եմ այս խնդրի հետ: Մի շարք վայրերում, մասնավորապես՝ սրճարաններում, չեն սպասարկվում շորտեր կրող տղամարդիկ՝ պատճառաբանելով, որ դա սպորտային հագուստ է: Նախ՝ եկեք սկսենք տարբերել սպորտային և ոչ սպորտային շորտերը: Եթե մենք տուրիստական ոլորտը զարգացնել ցանկացող քաղաք ենք, ուրեմն շորտերով մարդիկ պետք է ազատ լինեն ամենուրեք ու ցանկացած եղանակի:
Երևանում գարնան գալու օրը առանձնանում է մնացած բոլոր օրերից՝ մարդիկ հագնվում են, գեղեցկանում, պայծառանում ու դուրս են գալիս տներից: Ինձ համար սա ամենագեղեցիկ օրն է:
Ինչո՞ւ է պետք խուսափել սև գույն կրելուց: Սևը հարուստ ու ճոխ գույն է, իսկ գու-նավոր հագուստ կրելը քչերի մոտ է լավ ստացվում: Եկեք չխուսափենք սևից, նամանավանդ, որ այն մեզ ինչ-որ չափով բնորոշ է: Պետք չէ մտածել, որ սևը քյարթու է, սևը կարող է նաև շքեղ լինել:
Ատում եմ օդանավակայանից քաղաք մտնելու պահը՝ նամանավանդ գիշերը, երբ խաղատների լույսերը այդքան ակնհայտ են:
Երևանին ուժ է տալիս արևը, երբ այն հայտնվում է երկնքում, մտածում ես՝ «Իսկ ինչո՞ւ ոչ»:
Չնայած ամեն ինչին, ես սիրում եմ Երևանը ու մեր սերը փոխադարձ է: