«Զգուշացեք, դռները փակվում են...» ծանոթ նախադասությունից բացի մետրոյում հաճախ կլսես նաև «տարբեր տեսակի խաչբառեր, անձեռոցիկներ», «երեք գրիչը՝ 100 դրամ» ու նման այլ արտահայտություններ: Մետրոյում առևտուր անողների աշխատանքային օրն անցնում է արագ տեղափոխվելով մի վագոնից մյուսը՝ ապրանքների անուններն ամեն անգամ բարձաձայն կրկնելով, վագոնի մի ծայրից մյուսը քայլելով ու ձեռքի եղածը վաճառելով: Ուղևորների հետ հազվադեպ են տարաձայնություններ լինում, ինչը չես ասի մետրոպոլիտենում աշխատող ոստիկանների մասին: Ամեն անգամ նրանց հանդիպելով՝ անմիջապես դադարեցնում են առևտուրն ու փորձում թաքնվել: Մետրոյաբնակներն իրար նկատմամբ լավ են տրամադրված, փորձում են չխանգարել իրար, աշխատում չհայտնվել նույն վագոնում, բայց միևնույն է՝ նրանց միջև մրցակցությունն ակնհայտ է:
Տարբե՜ր տեսակի խաչբառեր
Ալվարդն արդեն 17 տարի՝ ամեն առավոտ մետրո է գալիս: Մինչև այդ «Հայէլեկտրո» գործարանում է աշխատել, 26 տարվա ստաժ ունի: Նրան հազվադեպ միայնակ կտեսնես, տղայի՝ Վիլիկի հետ է աշխատում: Տղան դեռ 4 տարեկանից սկսել է մորն օգնել: «Քայլելուց երբեք չեմ հոգնում, ապրանքներն էլ ստիպելով չեմ վաճառում: Ավելի լավ է սոված մնամ, քան մարդկանց ստիպեմ կամ համոզեմ ապրանքս գնել», - ասում է Ալվարդը: Լինում են օրեր, երբ ոչինչ չի վաճառում: Շատ են լինում: Բայց Ալվարդը չի հուսատվում, ամեն առավոտ այստեղ է:
Այս տարվա օրացույցնե՜րը
Վիլիկը միայն օրացույցներ է վաճառում: Այս գործից բացի, ունի նաև ուրիշ աշխատանք. մուլտհերոս Մաշայի հագուստով լունապարկում փուչիկներ է վաճառում: Իրեն դերասան է համարում ու չի վշտանում, որ աղջկա կերպարով է հանդես գալիս, ավելին՝ նույնիսկ կարողանում է աղջկա ձայնով խոսել: Մետրո գնում է երեկոյան, որ մայրը մենակ չմնա:
Որոշ մի բանով օգնե՜ք ...
Խռպոտ ձայնով պապիկն արդեն 2 տարի է՝ մետրոյում է՝ իր մեծ ու մաշված տոպրակով, որի մեջ կան միայն անձեռոցիկներ ու գրիչներ: Նրան այնքան էլ շատ չեն սիրում այստեղ. ասում են, որ նրա վաճառած գրիչները լավ չեն գրում: Կոլեգաներին բարկացնում է նաև այն, որ նա մարդկանց «համոզելով» է փորձում վաճառել:
Որակյա՜լ գրիչներ, 3 հատը՝ 200 դրամ
Առնոլդ պապին մետրոյի նորաբնակներից է: Մի քանի օր է, ինչ այստեղ է որոշել աշխատել: Նա միայն գրիչներ է վաճառում՝ ոսկեգույն «որակյալ» գրիչներ: Ասում է՝ 3 համալսարան է ավարտել՝ Ագրարային, Ճարտարագիտական, ԵՊՏՀ: Կատակում էր՝ մնաց Մանկավարժական համալարանը: Թոշակի անցնելուց առաջ ինժեներ է աշխատել: Մետրոյի կյանքը սրտովը չի՝ հնարավոր է ձմռանից հետո էլ չաշխատի այստեղ:
Անձեռոցիկնե՜ր, ասեղնե՜ր, գրիչներ՝ 3 հատը՝ 100 դրամ
Բախշի պապիկին այստեղ ամենաշատն են սիրում: Նա միշտ լավ գրիչներ է վաճառում ու մետրոյի աշխատողներին էլ որպես նվեր «բաշխում»: Արդեն 5 տարի է, ինչ մետրոյում է, ընդ որում՝ միշտ առաջինն է գալիս «գործի»: Տուն չի գնում, քանի դեռ ամբողջությամբ չի վաճառում ձեռքի եղածը՝ հիմանականում գրիչներ, խոնավ ու չոր անձեռոցիկներ, ասեղներ և այլն: 36 տարի ոստիկանությունում է աշխատել, հետո՝ շինարարությունում: Այժմ միայն այս գործով է զբաղվում, և այն էլ՝ բավականին հաջող: