Սուրբ Ծննդյանը գիշերը հովիվներն առաջինն էին, որ հրեշտակներից ստացան ավետիսն ու Բեթղեհեմյան աստղի ուղեկցությամբ հասան քարայրը, ուր ծնվել էր Քրիստոս: Ճիշտ այսպես դարեր շարունակ Սուրբ Ծննդյան և Հարության տոներից հետո, հոգևորականներն այցելում են մարդկանց տները, փոխանցում ավետիսը, օրհնում բնակարանն ու բնակիչներին, նաև՝ տան բարիքը՝ հացը, ջուրը, աղը: Օրհնած ջրով խաչաձև ցողում են տան պատերը, խնկարկում և Տիրոջից պահպանություն խնդրում ընտանիքի համար: Տնօրհնեքներ կատարվում են նաև նոր բնակարան տեղափոխվելիս կամ եթե ընտանիքում չեն դադարում փորձություններն ու անհանգստությունները:
Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան. «Խաչից ճառագող օրհնությունները շատ են, ամբողջ տարին դրանցով ապրեք՝ խաղաղության, սիրո մեջ»:
Ժասմենա Մեժլումյան. «Մոտ 10 տարի կլինի, որ անում ենք տնօրհնեք: Առօրյայում հարցեր են լինում, որ թվում է՝ լուծում չունեն: Տնօրհնեքից հետո հարթվում է ամեն ինչ: Երբ արժանանում եմ Աստծո պարգևներին, շատ մեծ փոփոխություն եմ զգում աշխատանքային, անձնական կյանքում: Աստծուն ճանաչելուց հետո ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում, Աստված ինքն է ճանապարհ ցույց տալիս, ընտրության հարցում օգնում: Ամեն քայլափոխի մեղքերի միջով ես քայլում, տնօրհնեքով, ապաշխարությամբ, աղոթքներով մաքրվում ես»:
Տեր Կյուրեղ քահանա Տալյան. «Տնօրհնեքները երկու մեծագույն տոների շարունակությունն են: Եվ այդ տոնի ուրախությունը, տրամադրությունը հոգևորականը հասցնում է ընտանիքներին»:
Տաթևիկ Ղազարյան. «Երբ քույրս ընդունվեց Աստվածաբանության ֆակուլտետ, հոգևոր կյանքի մասին շատ բան իմացանք, հասկացանք եկեղեցական շատ իրողությունների կարևորությունը: 3 քույրերով սկսեցինք երգել Հայաստանի տարբեր եկեղեցիներում՝ Սաղմոսավանքում, Գեղարդավանքում և Էջմիածնում: Տնօրհնեք առաջին անգամ 12 տարի առաջ է եղել մեր տանը, բայց վերջին 2-3 տարում չէինք արել: Համոզված եմ, որ տնօրհնեքը շատ կարևոր է: Քահանան Աստծուց ընտանիքի համար խաղաղություն, հանգստություն է խնդրում, և ես հավատում եմ, որ աղոթքներով տան մթնոլորտը մաքրվում է: Աստված կա, կենդանի է, մեր կողքին է: Ինչքան կա Աստված, էնքան կա չարը: Ինչքան Աստծո կողքին լինենք, ինչքան մեր աղոթքներով Աստծո պահպանությունը խնդրենք, էնքան մեզ համար հեշտ կլինի ապրել էս չարի աշխարհում»:
Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան. «Օրհնի՛ր այս տունը և այն հեռու պահիր ամեն չարիքից ու փորձանքից: Քո ողորմության շնորհն առա՛տ արա այս տան վրա: Այն քո սիրո ու երկյուղի վրա հաստատիր, որովհետև ամեն տուն միայն քեզնով է շինվում և պահվում, բարգավաճում ու պայծառանում, իսկ առանց քեզ իզուր տեղը հոգնում են այն շինողները»:
Մարտին Թոփալյան. «Աշխատում ենք պահպանել եկեղեցու կողմից սահմանված ավանդույթը և տարվա ընթացքում 2 անգամ տնօրհնեք անել: Մեր ընտանիքի համար շատ կարևոր է Աստծո ներկայությունը մեր կյանքի յուրաքանչյուր երևույթի մեջ՝ լինի մկրտություն, խաչի, տան օրհնություն: Ցանկանում ենք Տիրոջ ներկայությունը, զորությունն ապահովել մեր կյանքի անգամ շոշափելի երևույթների մեջ»:
Տեր Ղևոնդ քահանա Տյոմկին. «Երկու մեծագույն տոները առիթ ենք դարձնում մարդկանց փոխանցելու բարի լուրը: Եվ որպեսզի այս ավետիսը շոշափելի դառնա, մենք օրհնում ենք մարդու և ընտանիք համար կարևորագույն 3 տարրերը՝ ջուրը, հացը և աղը»:
Սեդա Աթաբեկյան. «Մեր ընտանիքի համար տնօրհնեքը շատ կարևոր է, որովհետև հավատում ու սիրում ենք մեր առաքելական եկեղեցին: Աղոթքների, տնօրհնեքի շնորհիվ զգում եմ, որ սեր, միաբանություն, հարգանք, Աստծո խաղաղություն կա մեր ընտանիքում: Փորձությունները մարդու համար են, և դրանք հեշտությամբ հաղթահարվում են Աստծո օրհնությամբ»:
Տեր Զաքարիա քահան Ավետիսյան. «Տիրոջ աջը միշտ ձեր կամարներից ներս լինի»:
Շուշիկ Շահումյան. «Քահանայի հետ մեր տուն հաջողություն է մտնում: Ինչ գործ ձեռնարկում ենք, ստացվում է: Եթե տնօրհնեք չենք անում, միշտ խառնված, խճճված, հազիվհազ ենք հասցնում անելիքները: Ես խորհրդային տարիներին էլ էի գնում եկեղեցի: Մամաս ասում էր՝ ինչքան արգելեն, դու ոտքդ եկեղեցուց չկտրես: Եկեղեցին մեր Հոր՝ Աստծո տունն է: Հիմա ավելի ազատ եմ գնում եկեղեցի, քահանային եմ հրավիրում մեր տուն»: