24 Հունվար 2014, 13:52
1777 |

Տուն, տեղ, կենդանի

Եթե տարիներ առաջ մարդիկ բնակարանում պահում և խնամում էին միայն շուն, կատու, դեղձանիկ կամ ձուկ, ապա այսօր երևանցիների բնակարաններում տնային կենդանու կարգավիճակով կարելի է հանդիպել կարիճ, օձ, շինշիլա, ծովախոզուկ, ոզնի և հսկայական խոսող թութակ:

Մարդկանց մեծամասնությունը կարիճ տեսնելիս ձեռքը կգցեր առաջին պատահած կոշտ առարկային՝ նրան սատկացնելու համար, իսկ Կարեն Ավետիսյանը ոչ թե կսատկացներ, այլ կբռներ նրան և կխնամեր: Շուրջ տասը ամիս Կարենը պահել է վտանգավոր այս կենդանուն, որի թույնը կարող է մարդու կյանք խլել: «Կարիճին գտա աշխատանքի վայրում, բոլորը վախեցան, իսկ ես նրան բռնեցի, տեղափոխեցի ապակյա տարայի մեջ ու սկսեցի պահել: Ճիշտն ասած, կարիճս անուն չուներ, շատ էր սիրում ուտել տարբեր մանր-մունր միջատներ' ճանճ, խավարասեր, մրջյուն և այլն: Ընդհանրապես' կարիճներն ունեն մեծ համբերության խորհուրդ: Շատ քիչ բան է հարկավոր նրանց պահելու համար: Կարող են օրերով ոչինչ չուտել և դիմանալ», — պատմում է Կարենը և հավելում, որ տասը ամիս պահելուց հետո, այնուամենայնիվ, որոշել է կարիճին բնության գրկում բաց թողնել. «Ապակյա տարան նրա տեղը չէր»:

Զիզի անունով խոսող՝ Կարմիր գրքում գրանցված ժակո ցեղատեսակին պատկանող թութակը դեռ նորածին էր, երբ Աֆրիկայից եկավ-հասավ Երևան և միացավ Անահիտ Եսայանի ընտանիքին: Այսօր նա հասուն «մարդ» է, տասը տարեկան է և խոսել գիտի. «Կարող եմ վստահորեն ասել, որ եթե իմ թութակի հետ միասին մենակ մնաս, ապա հաստատ չես ձանձրանա», — ասում է Անահիտն ու ընդգծում, որ իր թութակի մյուս յուրահատկությունը մեծ բառապաշարն է. նա շատ հաճախ պատասխանում է իրեն ուղղված հարցերին. «Զիզին բավականին բծախնդիր կենդանի է թե´ ուտելիքի առումով, թե´ այն մարդկանց, ում հետ նա ապրում է: Նրան կարող ենք կերակրել բազմաթիվ մթերքներով, իհարկե, բնական ծագում ունեցող, որոնք օգտագործում են նաև մարդիկ: Բայց ամենից շատ սիրում է ընկույզ, լոլիկ, մրգեր: Դրանից բացի ունի նաև իրեն հատուկ կերակրացանկ, որը նախատեսված է խոշոր թութակների համար»: Զիզիին պահելու հետ կապված առանձնապես խնդիրներ չեն առաջանում:

Կարևորագույն պայմանը մաքրության ապահովումն է: Ժամանակ առ ժամանակ էլ անհրաժեշտ է նրան լողացնել, ինչպես նաև շատ հաճախ մաքրել վանդակը:
Անահիտի խոսքով' Զիզին շատ ընդունակ է, հարկավոր չէ նրան ինչ-որ բան սովորեցնել, քանի որ նրան ինչ հաճելի է, նա լսում է և արտաբերում. «Մենք իրեն գրեթե ոչինչ չենք սովորեցրել, բոլոր երաժշտական կատարումներն ու խոսքերն ինքն իր նախաձեռնությամբ է սովորել' Բարև անուշ ախպեր... Գնացեք քնեք... Գևորիկը ի՞նչ ա ստացել»:

Զիզին իր ընտանիքի անդամների հետ շատ կապված է, սակայն անծանոթներին այնքան էլ չի վստահում. «Մի օր, երբ մեր տուն էր եկել կենսաթոշակ բաժանող մարդը, հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկն իրեն դիմելով ասում է' «բարև իմ անուշ ախպեր»: Զարմացած նայեց այս ու այն կողմ, մինչև ասեցինք, որ թութակն է: Այդ օրվանից հետո ամեն ամիս տատիկիս թոշակի համար նոր աշխատակից է գալիս, որպեսզի տեսնի մեր թութակին և խոսի նրա հետ»:

Փափուկ մորթիով ծովախոզուկը, որը ոչ մի կապ չունի ոչ ծովի, ոչ էլ խոզի հետ, դեռ երկու ամիս էլ չկա, ինչ բնակվում է Դիանա Մելքումյանի ընտանիքում: Նրա անունը Բուբու է, նա հինգ ամսական է. «Մեր Բուբուն անգորական ցեղատեսակի է, որը հայտնի է իր յուրահատուկ մազածածկույթով՝ սովորական ծովախոզուկների մորթին շատ ավելի կարճ է և հավասարաչափ տեղաբաշխված: Ընդհանրապես ծովախոզուկները ծովային կենդանիներ չեն: Ասեմ ավելին, նրանք առհասարակ աշխատում են հեռու մնալ ջրից: Այդուամենայնիվ, կարծում եմ, որ խոզերի նույնպես այդքան էլ նման չեն: Իրենց անվանման «խոզուկ» մասն իրենք ստացել են իրենց արձակած յուրահատուկ ձայների պատճառով, իսկ ծովային կոչվել են, քանի որ մեր տարածաշրջան բերվել են օվկիանոսից այն կողմ գտնվող երկրներից: Հաշվի առնելով ծովախոզուկների կյանքի միջին տևողությունը (5-7 տարի)' մեր Բուբուն արդեն բավականաչափ հասուն աղջնակ է», — ասում է Դիանան:

Բուբուն ունի հատուկ իր համար նախատեսված տարբեր մանր հատիկներից կազմված չոր ուտեստ, որից նախընտրում է գարու հատիկները. «Բայց նույնիսկ դրանք չեն համեմատվի հազարաթերթիկի հետ, որը տեսնելիս Բուբուի աչքերում տարօրինակ խանդավառություն է առաջանում: Բացի այդ, շատ է սիրում կրծոտել ձմերուկի կեղև, խնձոր, չոր խոտ, վարունգ, ինչպես նաև փայտի կեղև, գորգից կախված թելիկներ, թուղթ, պատի պաստառներ, էլեկտրական լարեր և կրծոտելու ենթակա այլ իրեր, որոնք հանդիպում է իր ճանապարհին: Ուտելուց հետո էլ կանգնում է հետևի ոտքերի վրա և թաթիկներով մաքրում երեսը և մարմինը», — մանրամասնում է Դիանան:

Ծովախոզուկներին պահելը համեմատաբար հեշտ է: Նրանց հետ պետք չէ զբոսնել այգում, լողացնել, ճանկերը կտրել պետք է ընդամենը տարեկան մեկ-երկու անգամ, բայց. «Հավաստիացնում եմ, Բուբուն կեղտոտելու իր կարողությամբ կարող է մրցել բազմաթիվ կենդանիների հետ: Ամեն առավոտ վանդակը մաքրելիս գտնում ենք 70-80 կեղտի հատիկներ: Բարեբախտաբար, դրանք հեչ էլ զզվելի չեն: Թեև ծովախոզուկներին ջուր տալը հակացուցված է, երբեմն զարմանում ենք, թե այդ փոքրիկ մարմնում որտեղից է տեղ գտնվել այդքան մեծ ստամոքսի և միզապարկի համար», — պատմում է ծովախոզուկի տերը:

Բուբուն սիրում է հանգիստ, մութ անկյուններ, վախկոտ է, ինչպես մյուս ծովախոզուկները: Նրանք հարձակվում և կծում են շատ հազվադեպ և միայն այն դեպքում, երբ զուրկ են լինում փախչելու և որևէ մութ տեղում թաքնվելու հնարավորությունից: Անհրաժեշտության դեպքում տեղից ցատկում են շատ մեծ բարձրության վրա. «Մի անգամ Բուբուն այնպես վախեցավ ավելից, որ դուրս ցատկեց 40 սմ բարձրություն ունեցող վանդակից: Եվ դա այն դեպքում, երբ նրա հասակը գետնից անգամ 10 սմ չի կազմում, իսկ մարմնի երկարությունն ընդամենը 20 սմ է»:

Ծովախոզուկներին լողացնում են տարին մեկ-երկու անգամ, քանի որ նրանք շատ մաքրասեր են և ինքնուրույն շատ մանրակրկտորեն հետևում են իրենց հիգիենային: Նրանք շատ արագաշարժ են, և եթե չցանկանան հայտնվել ձեր ձեռքերում, պատրաստ եղեք ժամերով վազվզել սենյակով իրենց հետևից: Ժամանակի հետ սովորում են նաև իրենց անունը և յուրահատուկ շվշվոցով դիմավորում են տիրոջը: Երբ սոված են լինում, յուրահատուկ շվշվացնող ձայն են հանում և հիշեցնում իրենց գոյության մասին: Դիանան աշխատում է ավելի զգույշ և քնքուշ լինել նրա նկատմամբ. «Բայց լինում է, որ չենք դիմանում իր հմայքին ու չենք կարողանում զսպել նրան գզգզելու ցանկությունը: Ախր շա՜տ փամփլիկն է...»:

***

Դուք երբևէ մտածե՞լ եք, որ տանը կարելի է շինշիլաներ պահել: Իսկ Լիլիթ Փարադյանը ոչ միայն մտածել է, այլև պահում է, այն էլ շինշիլաների մի ամբողջ ընտանիք՝ արդեն երեք տարի: «Կերակրում եմ հատուկ իրենց համար նախատեսված կերով, վարսակով, խնձորով, գազարով, հազարաթերթիկով և այլն: Նրանք մաքուր կենդանիներ են, հոտ չունեն, միայն սեզոնին կարող են մազ թողնել»: Շինշիլաներից ամեն մեկն ունի իր անունը' Միկա, Լիլի, Մստո. «Եթե նրանց հետ հաճախ խոսում ես և անունները հնչեցնում, ապա հասկանում են, որ իրենց հետ ես խոսում»:

Իգուանա կոչվող էկզոտիկ կենդանին հիմնականում բնակվում է Կոլումբիայի և Բրազիլիայի անտառներում, թեպետ որոշ նմուշներ ժամանում են նաև Երևան: Շերվինը երեք իգուանա է պահել: Վերջինը՝ Դրակոնը սիրում էր ուտել հազարաթերթիկ, միս, ոլոռ, գազար և վիտամիններ: Բնակվում էր ակվարիումում կամ բարձրանում էր վարագույրի վրայով՝ դա նրա ամենասիրելի տեղն էր: Պարոն Դրակոնը սիրում էր լողանալ, ինչպես նաև զմայլվել ակվարիումային ձկնիկներով:

Շերվինի կարծիքով' որձ իգուանաներն ավելի բարի և հանգիստ են, քան էգերը: Նրա փորձը ցույց է տվել, որ էգ իգուանաները մարդու ձեռքին ավելի ուշ են սովորում, քան որձերը. «Եթե մարդու մոտ են մեծանում, վտանգավոր չեն, իսկ եթե անտառում' փոքր-ինչ վտանգավոր են: Իգուանայի թույնը գրեթե անվնաս է, միայն կարող է կծած տեղը մի փոքր մրմռալ: Իգուանաները ճանաչում են իրենց տիրոջը և ոչ մի վնաս չեն հասցնում, իսկ եթե ուրիշը նրան դիպչի, հնարավոր է կծեն», — ասում է Շերվինը:

Իգուանաներն ունեն երեք աչք, չնայած մենք տեսնում են միայն երկուսը. «Եթե ուշադիր նայենք, գլխավերևում թեփուկներ կան. դա նրա երրորդ աչքն է: Դրանով նա տեսնում է միայն վերևի հատվածը, տարբերում է լույսն ու ստվերը: Այդ աչքն առաջացել է անտառներում ապրելու ժամանակ, երբ ցանկանում էին թռչուններից պաշտպանվել»:

Գնային
Բոլոր այս կենդանիներին կարելի է ձեռք բերել Երևանի կենդանիներ վաճառող խանութներից հետևյալ գներով. կարիճ' 4000-5000 դրամ, խոսող թութակ, կախված ցեղատեսակից, 1000-5000 ԱՄՆ դոլար (ամենաթանկը կակադուն է), ծովախոզուկ' 3000-5000 դրամ, շինշիլա' 30 000-70 000 դրամ և իգուանա' ձագերը 60-70 հազար դրամ, մեծերը' 2-3 հազար ԱՄՆ դոլար:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N5, 2013

 

Այս թեմայով