23 Հունվար 2014, 17:11
2943 |

Ծուխն առանց կրակի չի լինում

Ճարտարապետների Միության նախագահ Մկրտիչ Մինասյանը հույս ունի, որ կառավարությունը զգոն կգտնվի ու սովետական ճարտարապետության մոդեռնիստական նմուշը գետնին հավասարեցնելու որոշում չի կայացնի, Զվարթնոցից Երիտասարդական պալատի, Սևան հյուրանոցի նման հուշ չի թողնի:

Ճարտարապետական կարևոր նշանակության հերթական կառույցի գլխին սև ու մութ ամպեր են կուտակվել: Զվարթնոց օդանավակայանի հին շենքի ճակատագիրը կառավարության ձեռքերում է: Էդուարդո Էռնեկյանը պատճառաբանում է, թե զգալի գումար է անհրաժեշտ Զվարթնոցն ամրացնելու ու պահպանելու համար: Բանն այն է, որ ոչ միայն օդանավակայանն Էռնեկյանին վարձակալությամբ հանձնելուց՝ 2002-ից հետո, այլև դրանից առաջ էլ Զվարթնոցի շենքը լքված ու անտեսված է եղել: Փաստորեն 20 տարուց ավելի կառույցը չի օգտագործվել, չի խնամվել, արդյունքում սկսել է քայքայվել:

Ճարտարապետների Միության նախագահ Մկրտիչ Մինասյանը հավաստիացնում է՝ այն լուրերը, թե Զվարթնոցը սեյսմիկ տեսանկյունից անվտանգ չէ, չի համապատասխանում իրականությանն ու պատճառաբանել, թե դրա համար են ուզում քանդել կառույցը, ծիծաղելի է: Զվարթնոցն ամուր ու պինդ կանգնած է իր ոտքերի վրա, իսկ եթե որոշ հատվածներ մաշվել են, ապա զուտ անուշադրությունից: Կառավարությունն այն քանդելու մասին որոշում չի ընդունել: Վարչապետն ասել է, որ պետք է այլ տարբերակներ մտածել՝ Զվարթնոցը պահպանելու և օգտագործելու համար, սական Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հայտարարել է, թե որոշումն արդեն կա, ու Զվարթնոցը քանդվելու է: Երկկողմանի աբսուրդ է. պետն իր ցանկությո՞ւնն է հայտնում, թե անկրակ ծուխ չի լինում: Մկրտիչ Մինասյանը հույս ունի, որ կառավարությունը զգոն կգտնվի ու սովետական ճարտարապետության մոդեռնիստական նմուշը գետնին հավասարեցնելու որոշում չի կայացնի, Զվարթնոցից Երիտասարդական պալատի, Սևան հյուրանոցի նման հուշ չի թողնի: Ճարտարապետը հույս ունի, որ խնդիրը կդրվի հանրային խորհրդի քննարկմանը, մասնագիտական դաշտ կբերվի, կառաջարկվեն այլ տեսակետեր ու Զվարթնոցը պահպանելու այլընտրանքային նախագծեր:

Գաֆէսճեանը քարուքանդ եղած Կասկադից հուշարձան սարքեց. Զվարթնոցն իր պատմական ու ճարտարապետական նշանակությամբ չի զիջում Կասկադին: Ընդհանրապես եվրոպացի ճարտարապետները մեծապես հետաքրքրված են երբեմնի սովետական երկրների մոդեռնիստական կառույցներով: «Պատկերացնո՞ւմ եք՝ ոնց կծիծաղեն մեզ վրա, ոնց կապշեն եվրոպացի մասնագետները, երբ իմանան, որ Հայաստանը գետնին է հավասարեցնում իր մշակութային արժեքները միայն այն պատճառով, որ ամրացնելու համար մեծ ծախս է պահանջվում: Մինչդեռ Եվրոպայում ուղղակի դողում են անգամ իրենց կեսդարյա շենք-շինությունների վրա»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Ի դեպ, հարևան Վրաստանում նույն Զվարթնոցի տարեկից մի շենք հսկայական գումարով ամրացվել և հասարակական նշանակության կենտրոն է դարձել:

Այս թեմայով