28 Դեկտեմբեր 2013, 17:55
4917 |

3 կրթական նախագիծ, որոնք կփոխեն Հայաստանի ապագան

Հայաստանի պես փոքր, բնական պաշարներով աղքատ պետության համար կրթությունը ռազմավարական նշանակություն ունի: ImYerevan-ը անդրադարձավ հայկական կրթական երեք կարևորագույն նախագծերին, որոնք լավագույնս ապացուցում են՝ ապագան միայն մեր ձեռքերում է։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն տեխնոլոգիական առաջընթացի բովում
2011-ի օգոստոսին Երևանում բացված կենտրոնն արտադպրոցական միջավայր է 12-ից 18 տարեկան պատանիների ու աղջիկների համար, որոնք ցանկանում են հմտանալ 4 ուղղություններով՝ ամինացիա, թվային մեդիա, խաղերի նախագծում և կայքերի պատրաստում: Կենտրոնի յուրահատկությունն այն է, որ ուսումնական պլանը կառուցում են հենց կենտրոնի անդամները: Նախադեպը չունեցող ուսումնական պլանը կենդանի oրգանիզմի պես անընդհատ կատարելագործվում է ու փոխվում: Թումոն իր սաներին լայն հնարավորություններ է ընձեռում. թվանշային աշխարհի յուրաքանչյուր նորարարություն հաշված oրերում հասնում է այստեղ, ինչի շնորհիվ կենտրոնի սաները տեխնոլոգիական առաջընթացի անմիջական մասնակիցն են դառնում:
Կենտրոնի ծրագիրն ընդգրկում է նաև  նկարչություն, երաժշտություն, ցանցային գրագիտություն,  հաղորդակցություն և այլն: Չլինելով հանրակրթական հաստատություն՝ Թումոն յուրաքանչյուր աշակերտին հիմնական դասերից հետո այլ հմտություններ զարգացնելու, ինքնակրթությամբ զբաղվելու գործիքներ է տալիս:

Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Սեմ և Սիլվա Սիմոնյանների երևակայության արդյունքն է: «Սիմոնյան» կրթական հիմնադրամն ամբողջությամբ հոգում է կենտրոնի կարիքները, միջոցներ տրամադրում ծրագրերի զարգացման, և նաև Թումանյանի այգու բարեկարգման համար: Սիմոնյանները սերտորեն ներգրավված են Թումոյի գործունեության մեջ. Սեմն իր փորձն է ներդնում տեխնոլոգիաների ու տնտեսական զարգացման ուղղությամբ, իսկ Սիլվան՝ կենտրոնի շրջակա միջավայրի բարեկարգման և Թումո ծրագրի զարգացման գործում: Յուրահատուկ ուսումնական ծրագիրը կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի և Թումո խորհրդի անդամ Բեկոր Փափազյանի հետ համագործակցության արդյունք է: Ինչպես բազմիցս նշել են Սիմոնյանները, ստեղծարարությունը հաջողության հասնելու բանալին է ցանկացած աշխատանքում, և Թումո հաճախող երեխաներն ապագայում կաշխատեն այնպիսի ոլորտներում, որոնք այսօր դեռ գոյություն չունեն: «Թումոյում ձեռք բերած հմտություններն ու ստեղծարար մտածողությունը պատանիները կօգտագործեն աշխարհում իրենց ներդրումն ունենալու համար», - վստահ են Սիմոնյանները:

Կենտրոնի խորհրդատու Վիոլետ Գրիգորյանը ժամանակին նշել է, որ Թումոն փոփոխություններ կբերի, բայց ոչ՝ միանգամից․ «Ի հայտ կգա նոր սերունդ՝  նոր մտածողությամբ ու ժամանակակից հմտություններով»։ Կարևոր է այն հանգամանքը, որ կենտրոնում նոր տեխնոլոգիաների հայալեզու ուսուցում է կազմակերպվում: Այս կրթական հաստատության համապետական նշանակությանն անդրադարձել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ նման կենտրոնի կայացումը Հայաստանի Հանրապետության համար ունի ռազմավարական մեծ նշանակություն․ «Մեր երիտասարդության մտավոր ունակությունների բացահայտումը,   միջազգային աշխատաշուկայում նրանց մրցունակ լինելը մեզ համար այսօր կարևորագույն խնդիրներից է: Հենց այսպիսի ծրագրեր են այսօր Հայաստանին անհրաժեշտ, որոնք մեր երկիրն ավելի ժամանակակից և մրցունակ կդարձնեն:


«Այբ» ավագ դպրոց. ապագայի վարժարան
Համաձուլելով հայկական ավանդական կրթությունն ու միջազգային դպրոցների փորձը՝ այս դպրոցը, թերևս, առաջինն էր, որտեղ ազգային հենքի վրա մշակվեցին եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվեցին ժամանակակից կրթության ձեռքբերումները: Կրելով Սուրբ Թարգմանչաց դպրոցի գաղափարախոսությունը՝ դպրոցն իր առջև նպատակ է դրել 21-րդ դարում դառնալ կրթական oրինակելի միջավայր թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում:
2011-ին բացված դպրոցը 2006-ից գործող «Այբ» կրթական հիմնադրամի տրամաբանական շարունակությունն է: 6.5 հեկտարի վրա տեղաբաշխված կրթական հանգույցը, բացի ավանդական հանրակրթությունից, իր աշակերտներին հնարավորություն է տալիս հմտանալ նաև մասնագիտական այլ ուղղություններում՝ սպորտ, լուսանկարչություն, բիզնես մոդելավորում, ճարտարապետություն, համակարգչային գրագիտություն և այլն:
Գոյության առաջին իսկ տարում դպրոցն իր մրցունակությունն ապացուցեց ամբողջ աշխարհում՝ մասնակցելով միջազգային տարբեր մրցույթների, oլիմպիադաների, գիտաժողովների և այլն: Համաշխարհային կրթական ռիթմից հետ չմնալու նպատակով դպրոցը Հայաստան բերեց միջազգային լավագույն հրատարակչությունների դասագրքերն ու զարկ տվեց դրանց հայերեն թարգմանությանը:
Լինելով մասնավոր ու վճարովի դպրոց՝ «Այբ»-ն իր աշակերտների մեջ սերմանեց որակյալ կրթության համար պայքարելու գաղափարը, քանի որ իրենց առաջադիմությամբ աչքի ընկնող աշակերտների համար ուսման վարձը նվազում, իսկ հաճախ նաև զրոյացվում է: Նման մոտեցումը մարդկային նոր որակներ է կոփում նոր-նոր ձևավորվող քաղաքացու մեջ։  Բացի այդ  կրթահամալիրում խրախուսվող էկոլոգիական, հասարակական նախաձեռնությունների շնոհիվ յուրաքանչյուր աշակերտ իր ձայնն արդեն լսելի է դարձնում հասարակության մեջ:
«Այբ» դպրոցը իրականություն դարձավ շնորհիվ Երևանի ֆիզմաթ դպրոցի և ՄՖՏԻ ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ հայր Մեսրոպ Արամյանի, «Այբ» հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանի, ՄՖՏԻ-ի շրջանավարտ Աշոտ Ասլանյանի, Դավիթ և Արամ Փախչանյան եղբայրների և «Այբ» հիմնադրամի թիմի ևս 15 անդամների մեծ ցանկության ու նաև նյութական միջոցների: Դպրոցի բացմանն աջակցել են նաև տասնյակ հովանավորներ տարբեր երկրներից: «Այբ» ակումբի հիմնադիրներից մեկի՝ ABBYY ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանի խոսքով՝ դեռևս 2006-ին դպրոցը ծրագրվում էր որպես «ապագայի վարժարան»: Ընդ որում, ավագ դպրոցը «Այբ կրթական հանգույց» դպրոցական ավանի ընդամենն առաջին բաղադրիչն է, որին, հիմնադիրների համոզմամբ, հաջորդելու են նոր ու ավելի հավակնոտ ծրագրեր: Հաջորդաբար կկառուցվեն միջին և կրտսեր դպրոցները, մանկապարտեզը, եկեղեցին և համայնքային կենտրոնը, մեդիա արվեստների կենտրոնը, հանրային այգիներ և այլն:


Դիլիջանի միջազգային դպրոց. կանաչ նախագիծ
Cambridge IGCSE և IB Diploma ակադեմիական ծրագրերի վրա հիմնված նախագիծը աշխարհի կրթական քարտեզի վրա Հայաստանը ներկայացնելու հրաշալի հնարավորություն է։  UWC Դիլիջան քոլեջն այս տարվանից հնարավորություն կտա տարեկան պատանիներին ստանալ միջազգային նորմերին համապատասխան կրթություն, իսկ 2017-ից կընդունի նաև կրտսեր տարիքի երեխաներին: Այն միանշանակ նոր շունչ է ոչ միայն հայկական, այլև միջազգային կրթական համակարգում: UWC Դիլիջան քոլեջի հոգաբարձուների խորհրդի անդամներ են կրթության ոլորտի և բիզնեսի ականավոր ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից:
Դպրոցն 2014-ի սեպտեմբերին կընդունի իր առաջին աշակերտներին, սկզբում նրանց թիվը կլինի 90, բայց մինչև 2023-ը  կհասնի 650-ի՝ 50 երկրներից: Դպրոցի աշակերտների 90%-ը և գրեթե բոլոր՝ դպրոց ընդունված ՀՀ քաղաքացիները հնարավորություն կստանան սովորել անվճար` բարերարների հատկացված կրթաթոշակների շնորհիվ: «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը դարձել է Միացյալ hամաշխարհային քոլեջների (United World Colleges) ցանցի լիիրավ անդամ, ինչը թույլ կտա սաներ ներգրավել աշխարհի ավելի քան 50 երկրներից: Միացյալ hամաշխարհային քոլեջների համակարգը ներկայումս ներառում է աշխարհի 14 ուսումնական հաստատություններ (ներառյալ UWC Դիլիջան քոլեջը), որոնք ամեն տարի հյուրընկալում են տարբեր ազգության երիտասարդների: Նրանց ընտրությամբ զբաղվում է ազգային հանձնաժողովների ցանցը 140 երկրներում:
UWC Դիլիջան քոլեջը ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հիմնադրած Հայաստանի զարգացման նախաձեռնություններ «IDeA» հիմնադրամի լայնածավալ ծրագրերից է: «Ձեռնարկելով նմանատիպ երկարաժամկետ ծրագիր` փորձում ենք անձնական օրինակով ցույց տալ, որ երկրի ապագան հնարավոր չէ կառուցել 2-3 տարվա ընթացքում: Դա քրտնաջան աշխատանք է՝ տասնամյակների ներգրավվածություն պահանջող», - շեշտում է Ռուբեն Վարդանյանը։ Ու հավելում, որ այդ դպրոցի ստեղծման արդյունքում Հայաստանը կհամալրի գերժամանակակից կրթական չափանիշներին համապատասխանող միջազգային դպրոցներ ունեցող երկրների ցանկը, ինչը կնպաստի երկրի իմիջի ամրապնդմանը: Դիլիջանում սովորած երեխաները հետագայում կկարողանան կրթություն ստանալ աշխարհի լավագույն բուհերում, իսկ Հայաստանում անցկացրած տարիների շնորհիվ էլ այդ երիտասարդները կդառնան մեր երկրի յուրօրինակ «պատվիրակներն» ամբողջ աշխարհում: Բացի այդ, նման ծավալուն ծրագրի իրականացումը կնպաստի Դիլիջանում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը:

Այս թեմայով