27 Դեկտեմբեր 2013, 21:11
2089 |

Ճարտարապետական 8 իրադարձություն՝ ցնցած հայ հասարակությունը

Անցնող տարին հարուստ էր աղմկահարույց ճարտարապետական իրադարձություններով: Ըստ ավանդույթի` գրեթե բոլորը լայն և մասնագիտական հանրության կողմից քննադատվեցին: Բողոքի ակցիաները, ցավոք, կամ հիմնված էին ոչ կոմպետենտ տեղեկատվության վրա կամ ուղղակի ուշացած էին: 2013-ին ընթացիկ հնչեղ դիսկուսները հիմնականում եղել են հետևյալ իրադարձությունների շուրջ:

Գառնու կամրջի վերակառուցումը տարվա ընթացքում արձանագրված ամենաաղմկահարույց դեպքերից էր: Ակտիվիստները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մի քանի անգամ բախեցին մշակույթի նախարարության դռները` պահանջելով մեկնաբանել տարված աշխատանքների բնույթը, ինչի արդյունքում, ցավոք սրտի, կամրջի կորսված պատկերն ու կառուցվածքը միևնույն է՝ հնարավոր չէր հետ բերել: Գառնու կիրճով հոսող Գողտ գետի վրա գտնվող կամուրջը կառուցվել է X-XIII դարերում, ամենայն հավանականությամբ՝ սրբատաշ քարերի կանոնավոր շարքով: Այնուհանդերձ, մեզ այն հասել, սիրվել և որպես հուշարձան էր փաստագրվել անկանոն ձևի քարերի շարվածքով: Վերակառուցման արդյունքում կամուրջը վերաշարվեց կանոնավոր ձևի սրբատաշ քարերով, որոնց մակերևույթը արհեստականորեն մշակված էր պատմականին ավելի մոտիկ ֆակտուրա ստանալու նպատակով:

 
Արզումանի կամուրջի վերակառուցումը մի փոքր դուրս մնաց լայն հանրության ուշադրությունից, մինչդեռ դրա վրա տարված աշխատանքների բնույթը գրեթե ոչնչով չէր տարբերվում Գառնու կամրջի վերակառուցման աղմկահարույց փաստից: Սիսիանի մարզի Ղարաբաս կամ Դարպաս գյուղում գտնվող կամուրջը, ըստ հենց կամրջի վրա պահպանված արձանագրության, կառուցվել է 1675-ին: Վերակառուցումից հետո այն վերաշարվեց նախնական շարվածքից սկզբունքորեն տարբերվող այլ շարվածքով, որը, պետք է կարծել, կրկնում է այս տարածաշրջանում կիրառվող ավանդական քարե շարվածքի պատկերը, ավելացվեցին պարապետներ, իսկ կամրջի թաղի ներքին մակերևույթը անհասկանալի պատճառներով ներկվեց:  

 
Փակ Շուկայի վերակառուցման դեպքը անշուշտ տարվա ամենանշանակալից դեպքերից էր երկրի ոչ միայն ճարտարապետական, այլև քաղաքական կյանքում: Գործարար Սամվել Ալեքսանյանը կառավարության և պետականության խորտակման և տապալման լավագույն փորձը ցուցադրեց: Վերջինս, հակառակ բոլոր օրենքների, ընթացակարգերի, որոշումների, մասնագիտական ճշմարտությունների, քանդեց իր սեփականությունը հանդիսացող և հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքի մի մասը և, դրա կառուցվածքի մեջ կոպիտ միջամտություն ու հավելումներ անելով, փաստացի աղավաղեց հուշարձանի ամբողջականությունը, պատմական կառուցվածքն ու ճարտարապետական կերպարը:

 
Երիտասարդական մետրոյին հարակից գետնանցումի վերանորոգումը նույնպես առաջ բերեց սկեպտիկների բողոքը: Չունենալով ոչ մի տեղեկություն նոր նախագծի բնույթի վերաբերյալ` շատերը մեծ անհանգստությամբ են սպասում Հայաստանում խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետության լավագույն նմուշներից մեկի ճարտարապետական և գեղարվեստական նոր կերպարի հայտնությանը: Գետնանցումի ճարտարապետության մեջ մասնավորապես պետք է նշել սալահատակի և ներսույթի ընդհանուր դիզայնի, կիրառված նյութերի և դրանց համադրության` ազգային մոդեռնիզմի ոգով մշակված կոմպոզիցիան: Փոքր ճարտարապետական ձևերը, լայն աստիճանները, ինչպես նաև երկաթբետոնե կեսոնային հուժկու ծածկը միասին ստեղծում էին այն ուրույն ճարտարապետական կերպարն ու մթնոլորտը, որն այդքան տիպիկ էր ժամանակների ոգուն:

 
Երիտասարդական մետրոյի կայարանում կրպակների տեղադրումը անհաջող ծրագիր էր թե ճարտարապետական, թե հատկապես քաղաքականության տեսանկյունից: Ոգևորված Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման փաստից` մամուլի և մասնագիտական հանրության մի փոքր ընդվզումը անմիջապես հանգեցրեց դրանց արագ վերացմանը այնպես, որ նույնիսկ կարիք չեղավ առավել խորքային քննադատելու տեղադրման փաստը: Մինչդեռ շարժասանդուղքից դեպի գնացքները ուղղորդող նեղ միջանցքում, որի ողջ ճարտարապետական հմայքը բնական նյութերի` սպիտակ մարմարի ու մոխրագույն գրանիտի կիրառումն է, սպիտակ պլաստիկից կրպակների տեղադրումը ոչ միայն ճարտարապետական տեսանկյունից էր բարբարոսություն, այլև անվտանգության նորմերի խախտում էր:

 
Աբովյան քաղաքի սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացումը հիմնականում մասնագիտական հանրության քննադատությանն արժանացավ: Մինչ հավատացյալների և ազգայնականների համար եկեղեցին ընկալվում է որպես սիմվոլիկ կամ քաղաքական ատրիբուտ` իր բոլոր հոգևոր, ճարտարապետական և խորհրդաբանական իմաստներից դուրս` մասնագետների մեծամասնությունը գիտակցում և քննադատում է արդի եկեղեցական ճարտարապետության իմաստազրկված և բուտաֆորիկ կառուցվածքի նորահայտ տենդենցը: Իսկ ավելի լայն հասարակության մի մասը նույնիսկ նշմարում է եկեղեցական ճարտարապետության ակնհայտ աշխարհիկացումը և մարդկային տարատեսակ կրքերի գովք դառնալը: Իսկ եկեղեցական ճարտարապետության հիմքում ընկած իմաստաբանությունը մինչև այսօր էլ խորքային հետազոտված չէ, ճարտարապետական կառուցվածքի` խորհրդաբանությունից էլ անդին գտնվող առավել ակունքային մեկնաբանությունը դեռևս բացահայտված չէ:

 
Հանրապետության Հրապարակի վերակառուցման մրցույթը հանրային քննադատության տեսանկյունից թերևս ամենացավալի դեպքն էր: Նեգատիվի և քննադատության ավանդույթի ալիքի տակ ընկնելով` այս նախաձեռնության իրական հարցադրումներն ու նպատակները ոչ միայն բացարձակապես չընկալվեցին, այլև նենգափոխված կերպով տարածվեցին մամուլի, ցանցերի և լայն հանրության շրջանակներում` ապակողմնորոշելով և ստեղծելով թյուր կարծիք մրցույթի էության վերաբերյալ: Արդյունքում ոչ միայն մրցույթի էությունը մնաց մինչև օրս չհասկացված, այլև Հրապարակի քաղաքաշինական խնդիրները՝ չմեկնաբանված:
Մրցույթի մասնակից աշխատանքների ցուցահանդեսն ինքնին մի աննախադեպ իրադարձություն էր: Հրապարակը բուն մասնագիտական, քաղաքաշինական խնդիրներից բացի նախևառաջ ընկալվում է որպես ծանրակշիռ խորհրդանշական իմաստներ կրող տարածք: Եվ բնական է, որ հենց այս խնդիրն էր նախագծերից մեծամասնության թեման: Ծայրահեղ սենտիմենտալ և պրիմիտիվ խորհրդաբանությամբ հագեցած կրոնական և պաթետիկ ազգասիրական բովանդակությամբ լի նախագծերը հիրավի ցնցեցին հասարակությունը:

 
Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքի քանդումը հուշարձանային թեմաներից ևս մեկն է, որի վերաբերյալ վերջին տեղեկատվությունը ստացվեց հենց այս տողերը գրելու պահին: Խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետության այս իկոնիկ շենքը ժամանակին մեծ ձեռքբերում էր երկրի համար: Այսօր այն այլևս ոչ իր ճարտարապետությամբ, ոչ էլ առավելապես իր ֆունկցիոնալ հնարավորություններով չի բավարարում ժամանակի պահանջներին, որոշակի արդիականացումն ու ադապտացումն էլ աննպատակահարմար է: Արդյունքում կառույցի սեփականատերերը որոշեցին քանդել այն, ինչը կրկին առաջ բերեց շատերի բողոքը: Եվ մինչդեռ կառույցը պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակում ընդգրկված չէ, ըստ վերջին նորությունների պետական բարձրաստիճան պաշտոնյաները հնչեցրել են կարծիք առ այն, որ պետք է գտնվեն միջոցներ այս կամ այն կերպ պահելու համար անցած ժամանակների սիրված, իկոնիկ կառույցները, որոնք հուշարձան են եթե ոչ դե յուրո, ապա գոնե դե ֆակտո:

Այս թեմայով