Ընթացիկ տարում գիրքը և գրականությունը լավագույնս ներկայացնելու համար imyerevan.com կայքն /ի թիվս որոշ ԶԼՄ-ների/ «Անտարես» հրատարակչության, «Գրանիշի» և «Գրքի ինստիտուտ» ՀԿ-ի կողմից արժանացավ «Գրքի ընկեր» խորագրով պատվոգրի:
Ամփոփվեց գրական 2013-ը. գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ուրախությամբ փաստում է, որ այս տարի, անկախացումից ի վեր, առաջին անգամ հաջողվեց գրախանութներում գոյացնել գրքի հերթ՝ «մեղավորը» ժամանակակից գրող Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձն» էր, որը երկու ժամում վաճառվեց 225 օրինակով:
Նիկողոսյանի հավաստմամբ, այս տարի կյանքի կոչվեցին մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ գրքի վաճառքի ցուցանիշը 2013-ին ավելի բարձր եղավ, քան նախորդ տարիներին: Գրքի վաճառքն ավելացել է նաև գրքի՝ տեսականու ավելացման շնորհիվ:
Այս տարի, ըստ գրականագետի, առավել ակտիվ էին «Անտարես», «Զանգակ 97», «Սարգիս Խաչենց», «Էդիթ պրինտ» հրատարակչությունները:
«Անտարեսը» տարվա ընթացքում ոչ միայն հրատարակեց ժամանակակից գրողների գրքերը, այլև կազմակերպեց շնորհանդեսներ, իրականացրեց դրանց գովազդը, խթանեց թարգմանչական, գրականագիտական գրքերի հրապարակմանը: Մենք նաև «Գիրք կարդալը նորաձև է» գովազդային արշավը նախաձեռնեցինք»,-ասաց Նիկողոսյանը՝ հավելելով, որ ուրախալի էր նաև այն փաստը, որ ԶԼՄ-ները ակտիվ լուսաբանել են գրական կյանքի անցուդարձը:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կարծում էր, որ տարվա լավագույն «նվերը» հրատարակիչների համար կառավարության նոր որոշումն էր, ըստ որի՝ բոլոր տնտեսվարող սուբյեկտները պարտավորվում են գնել նոր՝ 369 600 դրամանոց ՀԴՄ սարքերը: Մարտիրոսյանը ցավով նշեց, որ որոշման արդյունքում մարզերի մի շարք փոքր գրախանութներ հաջորդ տարի կփակվեն:
Մարտիրոսյանի հավաստմամբ, թեև գրեթե բոլոր հայաստանցիները կարողանում են ընկալել բանավոր հայերենը, այնուամենայնիվ, Հայաստանում ընթերցման հիմնական լեզուն ռուսերենն է. «Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մենք Հ1-ի հետ համատեղ ձեռնարկել ենք տպագրել աուդիոգրքեր: Հույս ունենք, որ դրանք ընթերցողին կբերեն հայերենի դաշտ»:
Բանաստեղծ Կարեն Անտաշյանի կարծիքով, 2013-ը նաև մեծ կորուստների տարի էր. այս տարի մի շարք գրողներ հեռացան կյանքից՝ Հովհաննես Գրիգորյանը, Վրեժ Իսրայելյանը, Վաչե Եփրեմյանը, Վահան Վարդանյանը, Լևոն Անանյանը, Հրաչյա Բեյլերյանը: Ընթացիկ տարում բազմաթիվ քննարկումների տեղիք տվեցին նաև ՀԳՄ՝ երկու նախագահական ընտրությունները, ինչպես նաև ՀՀ նախագահի մրցանակը. «Մի շարք գրողներ հետ վերադարձրին ՀԳՄ իրենց անդամատոմսերը՝ այդպիսով կոտրելով կարծրատիպը, ըստ որի՝ գրականությունն ու գրողն ասոցացվում էր ՀԳՄ-ի հետ»:
Գրականագետ Հասմիկ Հակոբյանն ուրախությամբ նշեց, որ տարվա լավագույն ծրագրերից մեկը կյանքի է կոչվել երկու-երեք օր առաջ. «Գրանիշ» ակումբն այսուհետև կունենա նոր առցանց նախագիծ՝ Granish.com-ը: Կայքում անգլերենով պարբերաբար կհրապարակվեն հայ ժամանակակից և դասական գրականության նմուշներ, օտարագիր հայ գրողների գործերը և գրականագիտական վերլուծություններ: