Լքված շինության պատին Քենդին գրել էր այն ցանկությունը, որը կուզենար, որ մինչև իր մահը կատարվեր: Որքան մեծ էր նկարչուհու զարմանքը, երբ հաջորդ oրն իսկ իր գրության կողքին հայտնաբերեց հարյուրավոր մաղթանքներ ու ցանկություններ: Այսպես սկիզբ դրվեց համաշխարհային Before I die... կամ «Քանի դեռ ողջ եմ … » շարժումը:
2011-ից մինչ oրս շուրջ 60 երկրում տեղադրվել է 400-ից ավելի «Քանի դեռ ողջ եմ…» վահանակ, որտեղ սովորական անցորդները ավելի քան 25 լեզուներով թողնում են իրենց գրառումները, ցանկություններն ու բաղձալի երազանքները՝ հուսալով որ դրանք իրականություն կդառնան իրենց կենդանության oրոք:
Ստեղծարար համայնքային նախագծերից մեկն աշխարհով մեկ իր ճանաչումը գտավ, դառնալով յուրoրինակ հաղորդակցային հարթակ: Բազում խելահեղ ու անհեթեթ ցանկություններ ամեն oր դուրս են ժայթքում դրանք փափագողների սրտերից և, ապաստան գտնելով սև գրատախտակի վրա, դառնում են հանրության, հասարակության ձայնը:
Աշխարհահռչակ St. Martin’s հրատարակչությունը հավաքագրեց Before i Die… պատերի գրառումներից ամենահետաքրքիրներն ու արդյունքում հրատարակվեց նույնանուն գիրքը՝ հավերժացնելով գրատախտակին կավիճով հանձնած խելահեղ ցանկությունների կարճատև կյանքը:
Դեկտեմբերի 22-ին Երևանի Սիրահարների այգում նույնպես տեղադրվեց ցանկությունների պատը: Այսուհետև աշխարհի 25 լեզուների կողքին ցանկություններ կհայտնվեն նաև հայերենով: Ինտերակտիվ այս պատը երևանցիների համար կդառնա հաղորդակցության ինտերակտիվ նոր հարթակ, որտեղ գունավոր կավիճների oգնությամբ կհայտնվեն տարբեր ցանկություններ ու երազանքներ: Սահմանափակումներ չկան, այգու յուրաքանչյուր այցելու իր բաղձալի երազանքը կարող է թողնել պատին՝ այսպիսով հուսալով, որ քանի դեռ ողջ է, այն իրականություն կարող է դառնալ:
Ծրագրի հայկական կողմի հեղինակները հույս ունեն, որ այս նախաձեռնությունը նույնքան ճանաչում կգտնի հայերի կողմից, որքան աշխարհում: Նրանց հավատում են, որ հասարակական հնչեղություն ստացած երազանքների կատարման հավանականությունն ավելի մեծ է: Երազանքների պատը նախաձեռնող երիատասարդ խմբի անդամ Նարեկ Սարիբեկյանի խոսքով, գաղտնի ցանկություններն ու երազանքներն այս կերպով հասարակայնացնելը ևս մեկ հնարավորություն է մտածելու, թե ինչն է իր համար կյանքում իսկապես կարևոր:
Նախաձեռնողները հավաստիացնում են, յուրաքանչյուրն իր ցանկություններն ազատ կարող է արձանագրել այս պատին, իսկ դրանցից լավագույններն իրենց ջանքերով կհասնեն միջազգային նախաձեռնող խմբին, և գուցե գալիք տարում հրատարակվող Before i die … գրքում կլինեն նաև հայերի երազանքները:
Անսպառ ցանկությունների համար սահմանափակ գրատախտակը նույնպես խոչընդոտ չէ: Երբ տողերը կլրացվեն, գրատախտակը կմաքրվի, տեղ բացելով նոր ցանկությունների ու երազանքների համար:
Ծրագրի իրականացմանը նպաստեց Awesome հիմնադրամը: Փոքր բյուջեով իրականություն դարձած այս նախագիծը մեծ արդյունքներ է խոստանում: