14 Դեկտեմբեր 2013, 09:47
2264 |

Երրորդ օկտավայի գագաթը

2004-ին Գոհար Գասպարյանը դարձավ 80 տարեկան: Հոբելյանի օրը երգչուհին կրկին բարձրացավ բեմ… Երևանում առաջին անգամ էր նշում ծննդյան օրն առանց ամուսնու՝ Տիգրանի Լևոնյանի, ում հետ ապրել էր 47 երջանիկ ու սիրով լի տարիներ՝ թեպետ ոմանք կարծում էին, որ նրանց «անհավասար» ամուսնությունը երկար չէր գոյատևի. ամուսինը Գոհարից տարիքով փոքր էր ու, բացի այդ, նաև նրա աշակերտն էր: Առեղծվա՞ծ էր, թե զուգադիպությում՝ ծնվել էին նույն օրը՝ դեկտեմբերի 14-ին:

Գոհարի աստղը
Տանը բարեհամբույր էր ու բարի. նրա ներկայությունից բոլորին համակում էր ջերմության զգացողություն: Սակայն բեմ դուրս գալով՝ Գոհարը կերպարանափոխվում էր. արդեն թագուհի էր՝ հանգիստ, արժանապատիվ ու վեհ կեցվածքով: Խիտ, ձութի պես սևաթույր մազերը, մեծ աչքերը, ճիշտ դիմագծերն ու ձայնը, ձա՜յնը… այն յուրահատուկ էր, ապշեցնող արտասովոր հնչերանգով ու անհավատալի դիապազոնով:

Ամեն ինչ սկսվեց Եգիպտոսում՝ եկեղեցական երգչախմբում: Հենց այնտեղ էլ՝ Կահիրեում, առաջին անգամ ձայնագրեցին ռադիոյում, ուսում առավ կոնսերվատորիայում Էլիզ Ֆելդմանից ու Վինչենցո Կառոյից, աշխատեց որպես Եգիպտոսի ազգային ռադիոյի մեներգչուհի: Կահիրեի կոնսերվատորիայում օպերային արվեստ սովորեցնում էին իտալացի պրոֆեսորները, որոնք բացեցին Գոհարի համար բարձր բելկանտոյի գաղտնիքներն ու նրբությունները, հայկական ազգային երաժշտության խորը ըմբռնումն էլ երևի նրա արյան մեջ էր: Օրինակ՝ Սայաթ-Նովային սիրում են ամբողջ Մերձավոր Արևելքում, կատարում նրա գործերը, կան դրանց անթիվ մեկնաբանություններ երաժշտական բոլոր հնարավոր տարբերակներով ու զանազան լեզուներով, սակայն միայն Գոհար Գասպարյանը կարողացավ բարձրացնել նրա երաժշտությունը մինչև դասական արվեստ՝ հասցնելով կատարելության աստիճանի:

Հետո հայրենադարձությունն էր, Ֆիլհարմոնիայի ամառային դահլիճի շքեղ փայտե շենքը, որտեղ կայացավ համերգավար Սուրեն Չարեկյանի ղեկավարությամբ Սիմֆոնիկ նվագախմբի հայտնի համերգը. այստեղ մենակատարում էր դեռ բոլորին անհայտ եգիպտահայուհին: Բանասեր Սվետլանա Ավագյանը հիշում է, որ Գոհարն իրեն մի անգամ պատմել էր Կահիրեի իր հեռավոր մանկությունից մի դրվագ. «Դպրոցից գալիս եմ տուն, մեկ էլ տեսնեմ՝ հետևիցս գալիս է մի հնդիկ՝ մատին շատ մեծ մատանի: Վախենում եմ, սկսում վազել ու որոշում պատսպարվել մոտակայքում գտնվող մորաքրոջս տանը: Սակայն հնդիկը հասնում է ինձ ու ասում, «Մի՛ վախեցիր, աղջ՛իկ: Գլխավերևդ տեսնում եմ աստղ. երկար ու երջանիկ ես ապրելու»: Այսքանից հետո էլ ինչպե՞ս չհավատալ կանխագուշակումներին: 1996-ին Աստղերի միջազգային ռեգիստրը երկնային լուսատուներից մեկն անվանեց Գոհար Գասպարյանի պատվին: Այդ պահից ի վեր աստղը, ընդմիշտ կորցնելով աստղագետների տված ձանձրալի շարքային համարը, նոր լույսով շողաց երկնակամարում Արամ Խաչատուրյանի ու Կոմիտասի կողքին:

Տեսարան «Անուշ» օպերայից. Անուշ՝ Գոհար Գասպարյան, Սարո՝ Ավագ Պետրոսյան
Տեսարան «Անուշ» օպերայից. Անուշ՝ Գոհար Գասպարյան, Սարո՝ Ավագ Պետրոսյան

Դիապազոնը
Վալերիա Բարսովայի ձայնը համարում էին ոչ միայն Խորհրդային միության, այլև աշխարհի լավագույն կոլորատուրային ձայներից մեկը: Երգչուհին երեսուն տարի մեծ էր Գոհարից, երգել էր նույնիսկ Ֆյոդոր Շալյապինի հետ «Սևիլյան սափրիչում», ու նրանց ծանոթանալու ժամանակ դասավանդում էր Մոսկվայի կոնսերվատորիայում. Մեծ թատրոնում կարիերան արդեն ավարտվել էր:
1951-ին լսելով Գոհարին ՝ Բարսովան համակվեց այնպիսի հիացմունքով, որ կազմակերպեց նրա համար համերգ Մոսկվայի Արվեստի աշխատողների կենտրոնական տանը: Սկսվեց երեկոյան տասնմեկին ու տևեց մինչև… գիշերվա երեքը: Բարսովայի աշակերտները նույնիսկ հուսալքվեցին. «Ինչպե՞ս կարելի է երգել Գոհարի նման»: Այս արձագանքը զարմացրեց Բարսովային. «Ես ձեզ համերգի կանչեցի ոչ թե երգելուց հրաժարվելու, այլ ճի՛շտ հակառակ արդյունքի համար»:

Միանգամից հայտնվեցին նախանձներ. Մոսկվայում Մեծ թատրոնի 175-ամյակին նվիրված համերգին Գոհար Գասպարյանը երգեց Ալյաբևի «Սոխակն» առանց ֆլեյտիստի նվագակցության. ինչ-որ մեկը փախցրել էր ֆլեյտան: Մեծ թատրոնի որոշ արվեստագետներ խուճապահար էին. «Չե՛նք կարողանա երգել մի թատրոնում, որտեղ երգում է Գոհարը»: Վախենում էին, որ հանդիսատեսը, լսելով երրորդ օկտավայի այդքան հեշտ վերցված սոլ դիեզը, էլ չի ընդունի այլ երգիչ ների ավելի համեստ ունակություները: Բա ո՛նց՝ երեք օկտավայի դիապազոն՝ փոքր օկտավայի սոլից մինչև երրորդ օկտավայի սոլ, մինչդեռ սովորական մարդկանց հնարավորությունները չեն անցնում 2-2,5 օկտավան: Օրինակ՝ Մարիա Կալասն այդքան չէր կարողանում: Ընդ որում՝ ամբողջ դիապազոնի ընթացքում Գոհարի ձայնի հնչողության հնչերանգը չէր փոխվում, ինչն արդեն հրաշք էր: Սակայն բնատուր ունակությունները ոչինչ են, թե չղեկավարվեն միայն Գոհարին բնորոշ վարպետությամբ: Ի տարբերություն շատերի՝ նա հասկանում էր՝ ինչի մասին է երգում, քանի որ հոյակապ տիրապետում էր համաշխարհային վոկալի երգացանկի լեզուներին՝ իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն՝ չհաշված արաբերենն ու անգլերենը: Սակայն զավեշտալի հանգամանքների պատճառով Եգիպտոսից պատմական հայրենիք վերադառնալուց հետո ստիպված էր փոխարինել բոլոր այդ լեզուները ռուսերենով, քանի որ խորհրդային Հայաստանում հայկականներից բացի բոլոր օպերաները կատարում էին ռուսերեն:

Տեսարան «Ռիգոլետո» օպերայից. Ջիլդա՝ Գոհար Գասպարյան, Ռիգոլետո՝ Միհրան Երկաթ
Տեսարան «Ռիգոլետո» օպերայից. Ջիլդա՝ Գոհար Գասպարյան, Ռիգոլետո՝ Միհրան Երկաթ

Կյանքի ուղին
Ֆրանց Շուբերտն ունի հոյակապ ձևակերպում. «Լավ երաժիշտը, ով միայն լավ երաժիշտ է, չի կարող լինել լավ երաժիշտ»: Գոհար Գասպարյանը խորն ու բազմակողմանի անձնավորություն էր, ինչն էլ արտացոլվեց թե՛ արվեստում, թե՛ անձնական կյանքի բարդ զարգացումներում: Ո՛չ նախանձները, որոնք, բնականաբար, շատ էին, ո՛չ էլ թշնամիները, որոնք, հավանաբար, կային, չգտան Գասպարյանի կյանքում որևէ բիծ, վարկաբեկող որևէ փաստ, այլապես անհապաղ կհայտարարեին ի լուր աշխարհի: Նա եկավ Հայաստան ամուսնացած (օրիորդական ազգանունը Խաչատրյան էր): Առաջին ամուսինը Հայկ Գասպարյանն էր՝ հոյակապ լեզվաբան էր՝ հարուստ հայկական ընտանիքից Սուդանի մայրաքաղաք Խարթում ապրող: Գոհարի հայրն աշխատում էր Կահիրեի դատական համակարգում: Գոհարն արդեն Երևանում էր, երբ պարզվեց, որ հայրենիք տեղափոխվելու համար ծառայությունը թողած ու տունն արդեն վաճառած հոր առջև ծառացել էին մեծ դժվարություններ. հայրենադարձությունն արդեն ավարտվել էր: Երգչուհին ո՞ւմ դիմի, որ լավ լինի՝ անձամբ Ստալինին, ու նա, որքան էլ անհավանական է, օգնեց:

Հայաստան գալուց շատ չանցած՝ Գոհարը սիրահարվեց Երևանի Օպերայի խմբերգիչ Տիգրան Լևոնյանին, ով իրենից 12 տարի փոքր էր: Իհարկե, շրջապատում շատերին թվաց, թե, պրիմադոննան տարվել է բարետես պատանիով, կսկսի սիրավեպ ու հետո… Սակայն Գոհար Գասպարյանը մարդկանց հետ հարաբերություններում բացառում էր ցանկացած կեղծավորություն ու անպարկեշտություն: Հայկ Գասպարյանի հետ բարեկիրթ բաժանվեցին, Լևոնյանի հետ ամուսնությունը հաստատվեց իրավաբանորեն, ու Գոհարը վերցրեց նոր ամուսնու ազգանունը: Լրագրող Գրիգոր Ապոյանը հիշում է, որ որոշ ժամանակ պաստառների վրա՝ նրա դիմանկարների ներոք գրում էին Գոհար Լևոնյան (Գասպարյան): Հետո ամենայն հավանականությամբ «իմիջ մեյքերները» (այն ժամանակ, բնականաբար, լրիվ ուրիշ անուն ունեին) համոզեցին նրան, որ «Գոհար Գասպարյան» անունն արդեն աշխարհահռչակ էր, ուստի նպատակահարմար կլիներ պահել այն:

Նրանք միասին ապրեցին երկար ու երջանիկ տարիներ, ու եկավ մի պահ, երբ բոլորը սկսեցին հասկանալ, որ դա ոչ թե թեթևամիտ սիրահարություն էր, այլ միմյանցով, արվեստով ու թատրոնով հավասարապես տարված մարդկանց հոգևոր խորը կապ:

Փառքը
Գոհար Գասպարյանը համաշխարհային օպերային արվեստի մեծություն էր, և նրա փառքը թնդում էր Խորհրդային միության սահմաններից դուրս: ԽՍՀՄ-ում էլ նա միլիոնավոր մարդկանց կուռքն էր: Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ Միքայել Գրիգորյանն անմիջականորեն մասնակցում էր Թբիլիսիի Պ. Ադամյան հայկական թատրոնի 125-ամյակի տոնակատարությանը: 80-ականների սկիզբն էր: Հոբելյանը նշում էին արտասովոր ճոխությամբ. ահռելի երկրի բոլոր ծայրերից եկել էին մշակույթի ականավոր գործիչներ, այդ թվում՝ Գոհար Գասպարյանը:

Երբ վրացական հեռուստատեսությունում հարցրեցին, թե ինչն էր դրդել նրան գալ Թբիլիսի, ասաց. «Նախևառաջ՝ հայ եմ ու պետք է ներկա լինեմ նման միջոցառմանը: Երկրորդ. սիրում եմ Թբիլիսին ու թբիլիսցիներին»: Վրաստանի իշխանությունները, ինչպես միշտ, նրան հատկացրեցին հատուկ ուշադրություն: Արվեստի վաստակավոր գործիչ, կոնսերվատորիայի պրոֆեսոր ու համերգավար Վադիմ Շուբլաձեն հիշում էր. «Թբիլիսիում հեծյալ ոստիկանները շրջափակեցին համերգային դահլիճը, որտեղ պետք է ելույթ ունենար Գոհար Գասպարյանը: Ընդհանրապես անհնար էր գնալ նրա համերգին: Այն տարիների համար դա ֆենոմենալ երևույթ էր, զարմանահրաշ բան, համերգներին տեղի էր ունենում աներևակայելին»:

Հոբելյանական տասն օրն արագ անցան, ու երգչուհին պետք է գնար: Շտապում էր, քանի որ Երևանում լինելու էր ներկայացում նրա մասնակցությամբ: Այն, ինչ տեղի ունեցավ օդանավակայանում, աննկարագրելի է. գրեթե ամբողջ անձնակազմը կանգնեց երկու շարքով՝ հասնում էր բառացիորեն մինչև օդանավի սանդուղքը: Յուրաքանչյուրի ձեռքին' մեխակ: Բոլորը միասին կանչում էին «Գոհար դիդե՛բա» (կեցցե՛ Գոհարը): Իսկ Գոհարն անցնում էր նրանց կողքով ու անհանգստացած խնդրում ուղեկիցներին չշտապել, որպեսզի երկար շրջազգեստի տակից հանկարծ չնկատվեին հանուն հարմարության հագած տնային հողաթափերը:

Հավատարմությունը
«Երևանն այն նավահանգիստն է, որտեղ սկիզբն են առնում իմ բոլոր ստեղծագործական ճանապարհորդությունները, և ուր անպայման վերադառնում եմ… Ուր էլ լինեմ, միշտ ձգտում եմ դեպի իմ միակ քաղաքը, անհամբեր սպասում՝ երբ է ինքնաթիռն իջնելու Երևանի օդանավակայանում…», - ասում էր Գոհար Գասպարյանը: Նրա հայրենասիրության մասին հյուսվել են առասպելներ. ցանկացած երկրում միշտ գտնում էր ժամանակ հանդիպելու հայրենակիցների հետ, այցելելու հայկական եկեղեցիներ, մասնակցելու պատարագին, դիտելու հայկական դպրոցների աշակերտների ելույթները:

Թուրքիայում համերգները համընկան Աթաթուրքի մահվան տարեդարձի հետ. խորհրդային դեսպանատնից բերեցին ծաղիկներ ու ասացին, որ պետք է դներ դրանք նրա գերեզմանին: Գոհարը մերժեց՝ քաղաքավարի, բայց կտրուկ: Փոխարենը իրականացրեց իր վաղեմի երազանքը՝ գնաց Վանա լիճ: Նա չէր ընդունում քաղաքական արգելքներ, ստորագրում էր պետիցիաներ թե՛ ԽՍՀՄ-ում, թե հետագայում՝ Հայաստանում, քանի որ լավ գիտեր իր անվան ուժը:

Խորհրդային տարիներին կային հինգ մեծ կատարողներ, որոնք ստանում էին ամենախոշոր հոնորարը արտասահմանյան ելույթների համար՝ Դավիդ Օյստրախ, Լեոնիդ Կոգան, Սվյատոսլավ Ռիխտեր, Էմիլ Գիլելս ու Գոհար Գասպարյան: Գոհարը հետո ծիծաղելով հիշում էր, որ իրենք յուրաքանչյուր համերգի համար ստանում էին հսկայական գումար դոլարներով, սակայն դրանից իրենց բաժին էին հասնում միայն մնացորդներ. առյուծի բաժինը գնում էր պետական գանձարան: Մոսկվացիների համբերությունը մի օր հատեց, գրեցին կոլեկտիվ նամակ Պետհամերգին՝ պահանջելով բարձրացնել հոնորարը: Ի պատասխան նրանց երեք տարի արգելեցին դուրս գալ ԽՍՀՄ-ից: Իսկ Գոհարն ասում էր. «Նյութական դժվարությունները չեն ամենավատը: Երկրաշարժից հետո ես ուխտեցի բոլոր հոնորարներս ծախսել բարեգործական նպատակներով: Այդպես էլ անում եմ այդ օրից ի վեր»:
Նա կարող էր ապրել աշխարհի ցանկացած վայրում, փայլել լավագույն բեմերում, ունենալ մեքենաներ, առանձնատներ, միլիոններ, սակայն միշտ վերադառնում էր հայրենիք:
… Գոհարից հետո ոչ ոք դեռևս չի կարողացել վերցնել 3-րդ օկտավայի սոլը:

Դոսյե
Գոհար Գասպարյան (1924-2007) – անվանի հայ երգչուհի (սոպրանո):
Ծնվել էր Կահիրեում 1924-ին, այնտեղ ավարտել կոնսերվատորիան ու հաջողությամբ հանդես եկել մենահամերգներով:
1948-ին տեղափոխվել է Երևան:
1949-2007թթ. երգեց 23 օպերայի գլխավոր դերերգ Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում: Նրա համերգային խաղացանկում կար ռուս, ֆրանսիացի, գերմանացի ու իտալացի երգահանների շուրջ 500 գործ:
1964-ին արժանացավ Հայկական ՍՍՀ պետական մրցանակի:
ԽՍՀՄ 7-րդ և 8-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր էր:
Դառնալով Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր՝ Գոհար Գասպարյանը դաստիարակեց հիանալի երգիչների ու երգչուհիների մի ամբողջ բույլ:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ստալինյան մրցանակի դափնեկիր, սոցիալիստական աշխատանքի հերոս, Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ էր:

Տիգրան Լևոնյանը (1936-2004) ծնվել էր Բեյրութում: Երգիչ (տենոր), ռեժիսոր, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ: 1958-ին ավարտել էր Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Վոկալ սովորել էր Գոհար Գասպարյանից, ստաժավորվել LaScala-յում: Երևանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչ, 1991-1999 թթ. այդ թատրոնի տնօրեն:

«Ереван» ամսագիր, N11, 2009

Այս թեմայով