20 Դեկտեմբեր 2013, 12:31
4832 |

Մեր Օպերան

Մի քանի ամիս առաջ Armenia Tours ընկերությունը առաջարկեց երևանցիներին էքսկուրսիոն ծրագիր դեպի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքի ընդերքը, ուր սովորաբար լինում են միայն պրոֆեսիոնալները: ԵՐԵՎԱՆը որոշեց օգտվել «Օպերա տուրից» և սեփական աչքերով տեսնել «հայկական մշակութային տաճարը» ներսից:

Մենք մերոնցով
Սկսում ենք զանգից (հեռախոսահամարը կարելի է գտնել Օպերայի մոտ փակցված մեծ պաստառի վրա): Ասում են, որ տուրերն անցկացվում են ամեն օր ժամը հինգին, բայց այս պահին խումբ չկա, և եթե ուզում եմ էքսկուրսիային մասնակցել հնարավորինս շուտ, ապա պետք է ինքս գոնե հինգ հոգանոց խումբ հավաքեմ: Ինչու ոչ, մենք մերոնցով կլինենք: Ես կարողացա հավաքել միայն չորսին, բայց կազմակերպության աշխատակիցները դեմ չեղան նաև այդ «գլխաքանակին»: Եվ այսպես, հինգ ուսանողով (լավ, մեկը ուսանող չէր) որոշում ենք տեսնել Օպերան այնպիսին, ինչպիսին չեն տեսնում երևանցիների մեծ մասը:

Նախապես պայմանավորված ժամին դրամարկղի մոտ մեզ դիմավորում է Անի անունով բարեհամբույր մի աղջիկ: Սկսում ենք ուղևորությունը Ազատության հրապարակից («մայրաքաղաքի երկու գլխավոր հրապարակներից մեկն է», չի մոռանում նշել Անին): Մինչ ներս մտնելը նաև տեղեկանում ենք, որ հրապարակում բազմած երկու բրոնզե արձանները՝ Ալեքսանդր Սպենդիարյանինը և Հովհաննես Թումանյանինը, պատահական չեն այստեղ հայտնվել: Առաջին օպերան, որը բեմադրվել և ցուցադրվել է այս շենքում 1933 թվականին, եղել է «Ալմաստը», որի երաժշտության հեղինակը Սպենդիարյանն է, խոսքերինը՝ Թումանյանը:

Տարբեր դիմակներն ու բանալիների տիրակալը
Օպերայի շենքը ներառում է հայկական մշակույթին հատուկ բոլոր տարրերը: «Նրա պատերը զարդարում են հայկական խորհրդանիշ հանդիսացող նռներն ու խաղողները, ինչպես նաև թատրոնի խորհրդանիշ դիմակները: Իմիջիայլոց, քչերն են նկատում, որ դիմակներից ոչ մեկը չի կրկնվում», — հայտնում է Անին, իսկ մենք ինքնաբերաբար սկսում ենք ստուգել այդ վերջին փաստը: Իսկապես, բոլորը տարբեր են:

Համերգասրահի շքամուտքի մոտ մեզ դիմավորում է «Օպերայի պահապան», «Օպերայի ամենագետ», ինչպես նաև՝ «բանալիների տիրակալ» Միշա պապիկը: Բարի կապույտ աչքերով, սև մաշված ֆրակով և ձեռնափայտով այս մարդը իր ամբողջ կյանքն անցկացրել է այս շենքում: Նա գիտի շենքի բոլոր գաղտնի ծակուծուկերը, նրա մոտ են գտնվում հսկայական շինության բոլոր դռների բանալիները: Յուրահատուկ հումորի զգացումով այս բարի ծերուկը մեզ ուղեկցեց ամբողջ 40 րոպեների ընթացքում՝ համեմելով Անիի խոսքը:

Չկայացած 7D դահլիճը
Առաջին հարկի ճեմասրահում համակարգչի օգնությամբ ծանոթանում ենք շենքի նախնական պլանին, որն էապես տարբերվում է մեր այսօրվա ունեցածից: Ըստ Թամանյանի նախագծի՝ համերգասրահը պետք է բաղկացած լիներ երկու դահլիճից՝ Ամառային և Ձմեռային, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է միացվեին իրար: Ձմեռային դահլիճի տարածքն ընդգրկելու էր այժմյան Օպերայի և բալետի դահլիճը, որը պետք է լիներ փակ, իսկ ամառայինը՝ ֆիլհարմոնիայինը, պետք է լիներ բացօթյա: Թամանյանը նախատեսել էր բացօթյա դահլիճի շուրջը կանաչապատ տարածք, որտեղ օպերայի այցելուները կկարողանային անցկացնել երևանյան ամառային զով երեկոները: Այգու նախագիծը չիրականացավ, և որոշվեց կառուցել միայն ձմեռային փակ հատվածը, որը տարիներ անց համալրվեց Արամ Խաչատրյանի անունը կրող ֆիլհարմոնիայի դահլիճով, որի ճարտարապետն է Թամանյանի որդին՝ Գևորգ Թամանյանը:

Մեր էքսկուրսավարը շարունակում է. «Օպերայի շենքը, ըստ սկզբնական նախագծի, բացի սյուներից ու զարդանախշերից պետք է պարունակեր նաև արձաններ:

Իսկ ներսում Թամանյանը նախատեսել էր, որ հանդիսատեսը պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն շարժել ու կառավարել նստատեղերը ներկայացման ընթացքում տեսարանին հարմարվելու համար»: Փաստորեն, Երևանում կարող էր բացվել աշխարհում առաջին 7D դահլիճը...

Օպերայի կուլիսներում
Օպերայի կուլիսներում

Ի հիշատակ Գեթսեմանի
Այսքանով մեր բացահայտումները չեն ավարտվում: Անին պատմում է, որ Թամանյանն իր նախագծած բոլոր շինությունների հիմքում մասունքներ է թողել: Օպերայի շենքի հիմքում նա դրել է մի թուղթ, որի վրա հավաքված են նախագծման աշխատանքներին ներկա եղած բոլոր մասնակիցների ստորագրությունները:

Առաջին հարկի ճեմասրահի երկու կողմերում տեղակայված են օպերայի դահլիճի երկու կարևոր խորհրդանիշներ, որոնք հաճախ վրիպում են այցելուների աչքից: Ձախ կողմում Գեթսեմանի մատուռին նվիրված խաչքարն է: Մատուռը գտնվել է Օպերայի շենքի տեղում: Անին պատմում է, որ Թամանյանն այս վայրն ընտրել է, որովհետև այս տեղում ժամանակին հեթանոսական տաճար է եղել և խորհրդավոր երաժշտություն է լսվել: Մատուռը քանդել են ապագայում մեկ ուրիշ տեղ վերակառուցելու նպատակով, բայց, ըստ հայկական ավադույթի, այն այդպես էլ չի վերակառուցվել: Մյուս կողմում տեղեկայված խորհրդանիշը Օպերայի և բալետի թատրոնի առաջին և, ինչպես նշեց Միշա պապիկը՝ առաջին դիրիժորի՝ Միքայել Թավրիզյանի կիսանդրին է:

Միշա պապիկը մեր ուշադրությունը հրավիրեց նաև այն փաստի վրա, որ առաջին հարկի ճեմասրահի զարդանախշերից յուրաքանչյուրը յուրօրինակ է և անկրկնելի: Չես վիճի՝ իսկապես այդպես է:

Արքայավայել
Այնուհետև Անին մեզ ուղեկցում է դահլիճ: Անսովոր է տեսնել այն լրիվ դատարկ ու բացված հատուկ մի քանի հոգու համար, այլ ոչ թե հերթական մեծ համերգի համար եկած հանդիսատեսով լցված: Չնայած որ թամանյանական շարժական աթոռների ծրագիրը չի իրականացել, այնուամենայնիվ, դահլիճը կառուցված է այնպես, որ յուրաքանչյուր անկյունից հնարավոր է լիարժեք դիտել ներկայացումը: Դահլիճի լուսավորությունն ապահովում են հսկայական բյուրեղապակյա ջահերը, որոնք պատվիրվել են հայ արհեստավորներին հատուկ այս դահլիճի համար ու մինչ այսօր չեն փոխվել, միայն պարբերաբար իջեցվում են ու մաքրվում: Դահլիճի վերևի օթյակները հաճախ օգտագործվում են ներկայացումների ժամանակ: «Օրինակ՝ «Անուշ» օպերայի նախերգանքը կատարվում է հենց այդ օթյակներից, — ցույց տալով ասում է էքսկուրսավարը: — Միայն դրանցից մեկը, որը գտնվում է դահլիճի հենց կենտրոնում, կոչվում է «կառավարական»: Հենց այստեղ է իր վերջին այցի ժամանակ ներկայացում վայելել արքայազն Չարլզը»:

Նուռ ու խաղող
Դահլիճից դուրս ենք գալիս անմիջապես երկրորդ հարկի ճեմասրահ: Այստեղ ուշագրավ են սափորների տեսքով կառուցված բազրիքները, որոնք հայկական մարմարից են, որը նաև օգտագործվել է Մայր տաճարի շինության մեջ: Ինչպես նաև պատերի զարդանախշերը՝ կրկին նռան ու խաղողի խորհրդանիշներով: Ընդհանրապես, ճեմասրահում ամեն ինչ հայկական է: Այստեղից, ի դեպ, լավ երևում են երկու կողմի պատերին արված որմնանկարները, որոնք կարող են գնահատվել որպես արվեստի հոյակապ նմուշներ, որոնց հեղինակը գեղանկարիչ Հրաչյա Հակոբյանն է:

Օպերային մոտ գտնվող սիրտը
Այստեղից հետո մեզ սպասում էր էքսկուրսիայի ամենասպասված ու դեռ ամենասկզբից խոստացված պահը՝ պատշգամբը: Սովորական մահկանացուներին այդ հնարավորությունն ընձեռելու միտքը պատկանում է հենց «Օպերա տուրի» կազմակերպիչներին: Եվ ահա, հայտնվում ենք դեմ առ դեմ երևանյան աշնանային մայրամուտի հետ: Բայց միայն գեղեցկությունը չէր այստեղ կարևոր: Օպերայի շենքի մի քանի գաղտնիք մեզ բացվեց հենց պատշգամբում: Դրանցից մեկը հայ ճարտարապետությանը յուրահատուկ սյուներն են, որոնք ներքևից ըստ արժանվույն չեն երևում: Բացի այդ, մեր խմբից բոլորը միայն պատշգամբ բարձրանալով նկատեցին, որ Ազատության հրապարակում է տեղակայված Սպենդիարյանի գերեզմանը: Չնայած բոլորս գրեթե ամեն օր անցնում ենք նրա կողքով, քչերս ենք այն նկատում: Անին պատմեց, որ Թամա-նյանն ու Սպենդիարյանը մտերիմ ընկերներ են եղել ու հենց Թամանյանն է որոշել, թե որտեղ պետք է թաղվի իր ընկերը: Նա ցանկացել է, որ Սպենդիարյանի սիրտը մոտ լինի Օպերայի շենքին, որպեսզի լսի իր իսկ գրած ստեղծագործությունների հնչյունները:

Փողոցից՝ բեմ
Պատշգամբից ոլոր-մոլոր ճանապարհներով Անին ու Միշա պապիկը մեզ ուղեկցում են դեպի պարային փորձասենյակ: Հենց այստեղ է Վանուշ Խանամիրյանն անցկացրել իր փորձերը: Սենյակի ոգին ավելի լավ զգալու համար Միշա պապիկը մի քանի ակորդ է նվագում մեզ համար հինավուրց՝ ինչեր ասես չտեսած ռոյալի վրա: Դուրս ենք գալիս: Մոտակա նպատակակետը «մշակութային տաճարի» կարևորագույն բաղադրիչն է՝ բեմը:

Բայց դեռ մինչ բեմ հասնելը՝ աստիճանների վրա, Անին մեզ առաջարկեց նայել վերև, ապա՝ ներքև: Հենց այստեղ էր, երբ մեզ համար բացվեց ևս մի գաղտնիք: Արտաքինից ոչ այնքան բարձրահարկ այս շենքն իրականում ունի 14 հարկ, որոնց մեծ մասը' գետնի տակ:

Մի քանի րոպե անց մենք արդեն կուլիսներում էինք: Աննկարագրելի զգացողություն է: Հավանաբար՝ նկատած կլինեք Օպերայի շենքի հետնամասում տեղակայված հարթակը, որը տանում է դեպի կարմիր դարպասներ: Երբևէ մտածե՞լ եք' ուր են բացվում դրանք: Դրանք մուտք են դեպի բեմ: Այդ հարթակն օգտագործվել է, օրինակ, «Արշակ Երկրորդ» օպերայի ժամանակ. «Ձիակառքը միանգամից մտել է բեմ՝ զարմացնելով հանդիսատեսին: Սա էլ է Թամանյանի հանճարեղ միտքը, — բացահայտում է Անին՝ նկատելով մեր ապշած դեմքերը, ապա շարունակում: — Բեմը նույնպես ունի իր գաղտնիքը՝ այն ամբողջովին բաղկացած է քառակուսիներից, որոնք ունեն բարձրանալու և իջնելու հնարավորություն ներկայացման ընթացքում»: Իսկ բալետներից առաջ կուլիսներում լռության մեջ սրտի ուժեղ տրոփյուն է լսվում՝ պարողների հուզմունքի արտահայտումը: Մեր այցելության ժամանակ պարողներ չկային, դրա համար ստուգել չկարողացանք, բայց Անին շատ վստահ էր խոսում: Չհավատալու պատճառ չունենք:

Մինչ նոր վերադարձ
Բեմի անմիջապես ներքևում գտնվում է նվագախմբի համար նախատեսված փոսը: Հենց այստեղից են լսվում համաշխարհային նշանակություն ունեցող ստեղծագործությունները: Նվագախմբային փոսը ևս շարժական է: Ըստ ներկայացման՝ այն լինում է որոշակի բարձրության վրա, իսկ ներկայացման վերջում նվագախումբը բարձրանում է մինչև բեմի մակարդակը՝ այսպիսով հնարավորություն ընձեռելով հանդիսատեսին լիարժեք ողջունելու կատարողներին:

Բեմում որոշ ժամանակ անցկացնելուց ու իհարկե լուսանկարվելուց հետո մենք կրկին վերադառնում ենք առաջին հարկի ճեմասրահ, որտեղ կարելի է մոտիկից ուսումնասիրել հայ օպերային երգչուհիների՝ Գոհար Գասպարյանի, Տաթևիկ Սազանդարյանի և ուրիշների բեմական զգեստները: Եվ այստեղ արդեն ճամփորդությունն ավարտվում է: «Օպերա տուրը» տվեց մեզ այն ամենը, ինչ խոստացել էր:

Օպերայի ներաշխարհը մի լավ ուսումնասիրելուց հետո հրաժեշտ ենք տալիս էքսկուրսավար Անիին ու «բանալիների տիրակալ» Միշա պապիկին: Վերջինս, ի դեպ, դժգոհեց, որ բոլոր այցելուները տուրերի ընթացքում նկարվում են իր հետ, հետո խոստանում իրեն էլ տալ արված լուսանկարները, բայց այդպես էլ չեն բերում' վատ ավանդույթ է դարձել: Մենք նույնպես խոստացանք անպայման նրան փոխանցել լուսանկարները, բայց, ի տարբերություն մյուսների, կկատարենք մեր խոստումը:

Համ էլ՝ մի առիթ էլ կլինի մտնել Օպերայի շենք:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N12, 2013

Այս թեմայով