13 Դեկտեմբեր 2013, 12:25
8800 |

Աստվածատուր լաբիրինթոս

Երևանամերձ Առինջ գյուղի 5-րդ փողոցը տեղաբնակների շրջանում հայտնի է Լևոն Առաքելյանի ստեղծած ստորգետնյա ձեռակերտ ապարանքով: Դա, թերևս, Հայաստանի նորագույն ժամանակների ամենայուրահատուկ տեսարժան վայրերից է: Արդեն բավական հայտնի այս վայրը ամեն անգամ զարմացնում է բազմաթիվ այցելուներին (նույնիսկ զբոսաշրջիկների ամբողջ խմբեր են գալիս), որոնց դիմավորում ու ամուսնու հրաշագործության մասին է պատմում տիկին Տոսյան:

Արդեն չորս տարի է, ինչ Լևոն Առաքելյանի տան տակից այլևս չեն լսվում մուրճի թակոցներ, ստորգետնյա քարակերտ լաբիրինթոսին չեն միանում նոր միջանցքներ, չեն տաշվում աստիճաններ ու չեն ստեղծվում որմնաքանդակներ: Վարպետն այլևս անձամբ չի ընդունում հյուրերին իր ձեռակերտ թանգարանում, սակայն տարվա բոլոր եղանակներին 10 աստիճան ջերմություն պահպանող պատերից մինչ օրս առկայծում է նրա հավատքով ու աշխատասիրությամբ լցված սրտի ջերմությունը: Այսօր հրաշք թանգարանի լիիրավ տիրուհին Լևոնի այրին է՝ տիկին Տոսյան: Նա է այստեղի էսքկուրսավարը, քարտուղարն ու նաև անվտանգության աշխատողը: Հաճույքով հիշում ու բոլոր հյուրերին պատմում է լաբիրինթոսի կերտման պատմությունը:

Լևոնը համագյուղացիներից ոչնչով չէր տարբերվում' կին, երեխաներ, միահարկ տուն, փոքրիկ այգի: Առօրյան փոխեց իր բնականոն ընթացքը, երբ Լևոնը կնոջ խնդրանքով մառանում սկսեց կարտոֆիլի հոր փորել: Երկու մետր խորություն պահանջող հորը 80-րդ սանտիմետրի վրա տուֆի ապառաժի հանդիպեց, Լևոնն էլ որոշեց փոխել ուղղությունը, սակայն դարձյալ դեմ առավ քարին. տուֆը չէր զիջում: Քարից պատրաստած մի քանի աստիճանը տանտիրոջ առաջին հաղթանակն էր: Դրանից էլ ոգևորվեց ու որոշեց ոչ թե կարտոֆիլի հոր, այլ մի ընդարձակ գինետուն փորել, ուր ամառային տապին կարելի էր հաճելի ժամանակ անցկացնել ընկերների հետ: Այսպես սկսվեց ամենօրյա քրտնաջան աշխատանքը:

Ինքն էլ չնկատեց, թե ինչպես մի սրահը վերածվեց միջանցքի, միջանցքը' աստիճանների, աստիճաններն էլ տարան դեպի մեկ այլ սրահ: Տուֆը օրեցօր նահանջում էր, վարպետն էլ ոգևորվում ու շարունակում փորել:

Տիկին Տոսյան ամուսնուն նվիրված փոքրիկ թանգարանում
Տիկին Տոսյան ամուսնուն նվիրված փոքրիկ թանգարանում

«Սկզբում համոզում էի վերջ տալ էս անիմաստ գործին, խուճապի մեջ էի: Հարևաններին թվում էր, թե ամուսինս կամաց-կամաց ցնդում ա: Ես էլ ասում էի' ախր էտ մարդը իմ մարդն ա, ես չգիտե՞մ՝ գժվել ա, թե չէ», — կատակում է տիկին Տոսյան: Սակայն Լևոնի կամքն ու համառությունը անկոտրում էին. տան տակ օրեցօր խորանում էր քարակերտ լաբիրինթոսը: Որոշ ժամանակ անց ամուսինը պատմում է կնոջն իր տարօրինակ երազների մասին, իրեն ուղղորդող գերբնական ուժի մասին, իր աշխատանքի աստվածատուր մղման մասին: Մտաբերում է անցյալի մի տարօրինակ դեպք: «Պատմում էր, որ երբ ընկերների հետ գնացել էին Ռուսաստան աշխատելու, կանգնել են ճանապարհին' գետի ափին հովանալու: Ինքը էդտեղ կաթնագույն մշուշ ա տեսել հեռվում, ու ինչ-որ մի ձայն իրան ասել ա, որ չվախենա, ուշադիր լինի, որ ինչ գործ էլ բռնի հաջողություն ա ունենալու ու որ էդ ամբողջ ընթացքում չի հիվանդանալու», — ոգևորությամբ հիշում է տիկին Տոսյան ու լապտերով լուսավորում մեր ճանապարհի առաջին աստիճանները դեպի վարպետ Լևոնի ձեռակերտ ապարանքը: Վարպետը հավաստիացնում էր կնոջը, որ իր աշխատանքը պիտի 50 տարի տևի, ինչի արդյունքում իրենց տան տակ' անառիկ քարի մեջ պիտի 80 սենյակ ստեղծի: Կինը, տեսնելով, որ ամուսնու որոշումը վերջնական է ու անխախտ, փորձում է մասնակից դառնալ:

Վրա են հասնում մութ ու ցուրտ տարիները: Գործը էլ ավելի է բարդանում, սակայն լաբիրինթոսի միջանցքները շատանում ու երկարում են' միացնելով փոքր և մեծ, տուֆից ու բազալտից սրահները միմյանց: «Աշխատանքից գալիս էի ու սկսում նրան օգնել, — հիշում է տիկին Տոսյան, — դույլերով հողն ու քարերը բարձրացնում էինք վերև: Հարևաններն էլ, երբ եկան տեսան, թե ինչ ա ստեղծում ամուսինս, ով ինչով կարար, սկսեց օգնել: Մեկը ճախարակ տվեց'դույլերը ավելի հեշտությամբ բարձրացնելու համար, մյուսը շինարարական գլխարկ' անվտանգության համար, էն մյուսն էլ' տաք հագուստ: Բայց Լևոնն ամենաշատը ուրախանում էր, երբ իրան աշխատանքային գործիքներ էին նվիրում. քանի-քանի մուրճեր ու հատիչներ են մաշել էս պատերը, — հիշում է Լևոնի կինն ու խնամքով շոյում քարանձավի պատերը, որոնց վրա պարզ երևում են հատիչի հետքերը: — Էրեխեքն էլ էին օգնում' մոմ էին պատրաստում հալված մոմերի մնացորդներից: Նավթով վառվող լամպերն իհարկե ավելի շատ էին լույս տալիս, բայց դե դրանց կյանքը երկար չէր. քանդելու ու տաշելու ժամանակ քարերի մանր կտորներ էին թռնում դես ու դեն, լամպի ապակին կոտրում էին: Դե արի ու նորը գտի, իսկ էդ տարիներին էդքան էլ հեշտ չէր երկու օրը մեկ նոր ապակի առնելը», — շարունակում է տիկին Տոսյան՝ ուղղորդելով մեզ լաբիրինթոսի միջանցքների խաչմերուկներում:

 

Միջանցքների ու աստիճանների միօրինակ պատերը Լևոնը զարդարում էր որմնասյուներով ու զարդաքանդակներով: Սրահներից մեկի պատի մեջ վարպետը մի օր նաև իսկական բուխարի փորեց, կնոջն էլ կարգադրեց շտապ կրակ վառել, քանի որ ուզում էր շուտափույթ ստուգել ծխնելույզի գործունակությունը: Մոտ 15 մետր խորության վրա գտնվող բուխարին քարակերտ ուղղահայաց ծխնելույզ ուներ, որը նաև բնական օդափոխություն էր ապահովում: Եվ այդ հրաշքները ստեղծվում էին առանց որևէ գծագրերի, հաշվարկների, առանց լեռնային ապարների ուսումնասիրության, ստեղծվում էին միայն հավատքով, համառությամբ ու աշխատասիրությամբ: Մի օր էլ միջանցքների հատման հանգույցում վարպետ Լևոնը մի սենյակ փորեց, որի պատերից մեկում յուրօրինակ կամարաձև որմնախորշ ստեղծեց: «Այ էս տեղում եթե մոմ վառես ու երազանք պահես, անպայման կկատարվի», — հավաստիացնում է տիկին Տոսյան ու ցույց տալիս ծիսա-կան խորան հիշեցնող որմնախորշը: Ասում են, որ հենց այդ հատվածում ուժեղ մագնիսական դաշտ է առաջանում: Անգամ մի շարք հետազոտողներ ու գիտնա-կաններ են փաստել այդ վայրի արտասովոր լինելը: «Էստեղ էր հասել, երբ լուրջ սկսեցի անհանգստանալ, թե մի օր ինքն էլ կխճճվի իրա սարքած լաբիրինթոսում, — հիշում է տիկին Տոսյան բիոէներգետիկ որմնախորշի մոտ, — երբ ասեցի իրան մտավախությանս մասին, նե՜նց բարկացավ: Ասեց, եթե չես հավատում, հենց էս պատի վրա նշան արա կավիճով, իսկ ես վերևից փորելով կիջնեմ ու հենց քո նշած տեղն էլ դուրս կգամ: Ես էլ այ հենց էստեղ նշանը դրեցի: Օրերով ընդամենը երեք կամ չորս ժամ էր քնում, մուրճն ու հատիչը ձեռքից չէր դնում, փորում էր ու քանդում: Ասեց ու արեց: Մի օր էլ հենց նշածս տեղում նոր կամարաձև մուտք սարքեց»:

 

Քարը միշտ չէ, որ ենթարկվում էր վարպետին: Չենթարկվող բազալտի մի հուժկու կտոր օրեր շարունակ տանջում էր Լևոնին, մինչև որ գիշերային տեսիլքների խորհրդով վարպետն այդ ապառաժի վրա մի խաչ քանդակեց, ինչից հետո ժայռը նահանջեց, ու Լևոնը կրկին առաջ գնաց: Հարևաններն ու ծանոթները այլևս թերահավատորեն չէին վերաբերվում Լևոնի ձեռնարկած, տարիներ տևած ու դեռ վերջին չհասած գործին: Մարդիկ միմյանց պատմում էին անհավանական գետնափոր լաբիրինթոսի ստեղծման մասին: Այսպես Երևանում, իսկ հետո էլ արդեն նրա սահմաններից դուրս, տարածվեց վարպետ Լևոնի պատմությունը: Ու սկսվեց հյուրերի ու այցելուների տարափը: Համբերատար տանտերը բոլոր հետաքրքրասերներին ընդունում էր գրկաբաց, պատմում էր քարանձավի ստեղծման հրաշք պատմությունը, ցույց էր տալիս բոլոր տուֆակերտ միջանցքներն ու բազալտից սրահները:

Այժմ, Լևոնի մահից հետո, տիկին Տոսյան է ստանձնել այդ պարտականությունը. մեծ նվիրումով պատմում է ամուսնու տարիների չարչարանքի ու շնորհալիության մասին, բոլոր այցելուներին ուղեկցում լաբիրինթոսի ոլորաններով, ամեն անկյունում սիրով հիշում է ամուսնու երկարատև աշխատանքի հետ կապված միջադեպերը, հպարտանում այդ պատերի ներքո նկարահանած հաղորդումների, ֆիլմերի ու սերիալների քանակով: Տան սենյակներից մեկում տիկին Տոսյան անգամ փոքրիկ թանգարան է ստեղծել, ուր ցուցադրված են վարպետ Լևոնի անձնական իրերը, աշխատանքային գործիքները, այցելուների նվերները, ինչպես նաև տարբեր անվանի հյուրերի լուսանկարները, հայրենական ու արտասահմանյան բազմազան պարբերականներում զետեղված հոդվածները:

Զարմանալի տան զարմանալի բակը
Զարմանալի տան զարմանալի բակը

«Հյուրերից մեկը արտասահմանյան մուրճեր էր բերել, մեկն էլ անգամ էլեկտրական գործիք էր նվիրել, բայց Լևոնը տենց էլ չաշխատեց դրանցով, ինքը իրա հին ու ավանդական մուրճերին ու հատիչներին էր սովոր»,— պատմում է տիկին Տոսյան ու ցույց տալիս ամենօրյա աշխատանքից ծռված մուրճերը, հալված ու կարճացած բրիչները, վարպետի ձեռքերում մաշված փայտյա կոթերը: «Մոտ 500 բեռնատար մեքենայով հող ու քար ենք հանել: Մեքենայի վարորդներին գումար էր տալիս հողը տանելու համար, ես էլ ջղայնանում էի, թե՝ ա՜յ Լևոն ջան, փոխանակ իրանք քեզ գումար տան, դու ես վճարում, ախր էս քո հանած տուֆի ու բազալտի մանր քարերը տանում ծախում են, իսկ քեզ դրանից ոչ մի եկամուտ չի լինում: Ինքն էլ զայրանում էր վրես, որ տենց բաներ էի ասում: Շատ բարի էր ու միամիտ»:

Վարպետ Լևոնի աշխատանքային կոշիկները
Վարպետ Լևոնի աշխատանքային կոշիկները

Այդպիսի քարի մանր բեկորներից Լևոնը իրենց տան բակն էլ է ձևավորել, ուր պատերի վրա կարելի է տեսնել իր և տիկին Տոսյայի մարդահասակ քարակերտ նկարները: Այդ բակը էքսկուրսիայի վերջին կետն է, որտեղ այցելուն տիկին Տոսյայի նախաձեռնությամբ ստեղծված արտասովոր թանգարանի հաստլիկ հուշամատյանում կիսվում է տպավորություններով ու վայելում տանտիրուհու պատրաստած համեղ սուրճը:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N12, 2013

Այս թեմայով