Երևանը Ռուդոլֆին փոխանցում է տան զգացողություն ու ջերմություն: Ազգությամբ ռուս լինելը չի խանգարում նվիրվել Հայաստանին, թեև իր ապագան որևէ այլ երկրում կառուցելու բազմաթիվ հնարավորություններ է ունեցել, մինչ օրս շարունակում է այստեղ ապրել:
Ռուդոլֆի՝ ազգութամբ ռուս ծնողները դեռևս երեխա ժամանակ են իրենց ընտանիքներով տեղափոխվել Հայաստան: Արդեն երիտասարդ տարիքում հանդիպել են, ամուսնացել, երկու տղա ունեցել: Ռուդոլֆի հայրական տունը Աբովյան քաղաքում էր, hիշում է, որ ընտանիքում իրեն փորձում էին դաստիարակել որպես ռուս. ծանոթացնում էին ռուսական պատմությանը, գրականությանը' այդ կերպ նրա մեջ ձևավորելով ռուս հերոսի կերպարը: Միաժամանակ, ընտանիքում հայրը նախընտրում էր հայերեն խոսել, մյուս կողմից՝ բակում, դպրոցում և ամենուր տարեցտարի ընդլայնում էր հայ ընկերների շրջանակը:
Մանկական արկածախնդրությունը մի անգամ ընկերներին տարավ-հասցրեց Բալահովիտ՝ ոչ ավելի, ոչ պակաս փամփուշտ հավաքելու: Ճակատագրական պահ էր, երբ փամփուշտը հենց նրա ձեռքում պայթեց: Մեկ տարուց ավելի պահանջվեց՝ ապաքինվելու, վերքերը սպիացնելու համար: Առջևում այլ դժվարություններ կային. «Փորձեցի վերադառնալ դպրոց՝ կրթությունս շարունակելու, բայց նոր կերպարս խոչընդոտեց. ուսումս ոչ մի կերպ չէր ստացվում»:
Հաջորդող տարիների ընթացքում իրեն վերագտնելու փորձեր էր անում. որոշ ժամանակ որպես դպիր հաճախեց ռուսական եկեղեցի, մի քանի անգամ եղավ Ուկրաինայում, մեծ ընդմիջումից հետո ի վերջո հաջողվեց ավարտին հասցնել միջնակարգ կրթությունը: Այդ ընթացքում քայլ առ քայլ հարթվեց նրա ճանապարհը փոքր քաղաք Աբովյանից դեպի ավելի մեծ քաղաք՝ Երևան: Ընդգրկվեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության կազմում ու մինչև օրս Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների նախաձեռնողներից ու մասնակիցներից է: Մեկ տարի անցկացրեց Վիլնյուսում, որտեղ կամավոր սկզբունքներով աշխատում էր մանկատանը: Թելադրված պարտականություններ չկային, պարզապես աջակցել ինչով հնարավոր էր՝ օգնել երեխաներին տնային առաջադրանքները պատրաստելիս, ուղեկցել զբոսանքների ժամանակ, խաղալ, ընկերանալ, ապրել նրանց հետ: Լիտվայից վերադառնալուց հետո էլ կարևորեց երեխաների հետ շփումը. մասնակցեց հաշմանդամություն ունեցող երեխաների ամառային ճամբարին:
Բարձրագույն կրթություն ստանալու հարցը մնում էր առաջնային. Հյուսիսային համալսարանում հոգեբանության բակալավրի աստիճան ստանալուց հետո այժմ ուսումը շարունակում է ԵՊՀ սոցիալական հոգեբանության մագիստրատուրայի բաժնում:
Ռուդոլֆի համար Հայաստանում լրջագույն խնդիր է ֆինանսական և մասնագիտական աճի սահմանափակ հնարավորությունը, ու թեև իր ապագան որևէ այլ երկրում կառուցելու բազմաթիվ հնարավորություններ է ունեցել, մինչ օրս շարունակում է այստեղ ապրել: Ասում է. «Հայաստանում ինձ համար անփոխարինելի բաներ կան»: