Հեռավոր 1998-ին հայկական ռադիոեթերը ողողեց իր բնույթով նոր մի ռադիոալիք՝ Ռադիո Վանը: Սովետական «պատի» ռադիոյին սովոր ազգաբնակչության համար նոր ռադիոեթերը երկաթե վարագույրի անկմանը հավասարազոր էֆեկտ ունեցավ: 24-ժամյա նորարարական ռադիոալիքն իր հետ նոր շունչ բերեց ոչ միայն հայկական ժամանցային, այլև երաժշտական շուկա: Իսկ ամեն ինչ սկսվեց երիտասարդ մի կնոջ երազանքից:
Շուշանիկ Արևշատյանի երազանքը, հիմնվելով մոտ 6000 դոլարի ու 6 էնտուզիաստների վրա, այսoր արդեն ավելի քան 30 հոգանոց աշխատակազմ ունեցող հզոր ռադիոկայան է:
15 տարի է արդեն, ինչ հայկական եթերը լցված է Ռադիո Վանի հնչյուններով:
103.0 fm հաճախականությունն արդեն 15 տարի թափուր չի մնում: Իսկ հեռարձակվող հաղորդումներն ու երաժշտությունն արդեն գտել են իրենց ունկնդրին:
Ռադիո Վանն այն հազավադեպ ալիքներից էր, որ ոչ միայն չդավաճանեց իր սկզբունքներին, այլև դրանք տարածեց Հայաստանում ու դրա սահմաններից դուրս: Այս մասին են վկայում բազմաթիվ միջազգային մրցույթներում ունեցած հաղթանակները:
Ռադիո Վանը միայն ռադիոկայան չէ, այն ապրելակերպ է: Այս ալիքն առաջիններից էր, որ սկսեց երաժշտական ճաշակ ձևավորել երիտասարդ սերնդի մոտ: Տարիներ շարունակ հայկական ու արտասահմանյան երաժշտական շուկայի ամենաթարմ արտադրանքն առաջինը մատուցեց Ռադիո Վանը: Ռադիոալիքի կազմակերպած ամենամյա երաժշտական մրցանակաբաշխություններն էլ ոչ միայն նոր ճանապարհ են բացել սկսնած ու տաղանդավոր երգիչների համար, այլև արդեն կայացած երգիչներին ստիպել են կատարելագործվել:
Ռադիո Վանն արդեն վաղուց ապացուցել է, որ կարելի է լինել անկախ մեդիա, ու հասարակական կյանքի ակտիվ ու լիարժեք մասնիկ: Ռադիոկայանը միշտ իր ունկնդրի կողքին է, ու, ինչպես խոստանում են ռադիովանցիները, այդ ավանդույթը շարունակական կլինի: