Սիրահարների այգում Երևանի այլընտրանքային լոգոն պատկերող թագով լուսանկարվելուց բացի կարելի էր շահել լոգոն կրող գրիչներ, կրծքանշաններ, մագնիսներ ու շապիկներ:
Դեռևս գարնանը Երևանի զբոսաշրջային տարբերանշանի մրցույթում Արարատ Մկրտչյանի Ye լոգոն աչքի ընկավ: Հոկտեմբերին Էրեբունի-Երևանի տոնակատարությունների ժամանակ այն պաշտոնական և, մեղմ ասած, ոչ ստեղծարար տարբերանշանի դեմ սկսված «քարոզարշավին» դիզայներական «զենքը» դարձավ: Ֆեյսբուքյան օգտատերերն իրենց ավատարները զարդանախշեցին այդ լոգոյով, իսկ Էրեբունի-Երևանի 2795-ամյակը անմահացնելու համար տոնական օրվան հաջորդած կիրակի բոլոր ցանկացողները «թագադրվեցին» Ye-թագով՝ իրենց հռչակելով Էրեբունի-Երևանի տիրակալներ:
Մինչև Երևանի բրենդն իր հունով շարունակում է մշակվել, ձևափոխվել, սահմանվել ու ուրվագծեր ստանալ, երևանյան փաբերը մեկը մյուսի հետևից համալրվում են Ye-լոգոյի տպագրություններով: Իսկ երևանյան առաջին ձյան հետ միասին Ye-լոգոն այցելեց նաև Սիրահարների այգի, որտեղ լոգոն պատկերող թագով լուսանկարվելուց բացի կարելի էր մասնակցել նաև վիճակահանությանը՝ շահելով լոգոն կրող գրիչներ, կրծքանշաններ, մագնիսներ ու շապիկներ: Օրվա երաժշտությունն ապահովում էր Տիգրան Նյումանը՝ պարային ռիթմերով խրախուսելով շարժվել, տաքանալ և ուրախանալ կիրակնօրյա այդ փոքրիկ տոնին: Ձյունառատ օրվա ընթացքում լոգոյով հետաքրքրվածների պակաս չեղավ, բոլոր ցանկացողները ծանոթացան լոգոյի կոնցեպտին, մի քանի րոպեով «թագադրվեցին» և շահած նվերներով ուրախ-ուրախ հեռացան ձմեռային ցուրտը տաք շոկոլադով մեղմելու:
Թվում է՝ եղածը մի բան չէ, սառնարանին կպցնելու կամ բաժակի վրա պատկերելու լոգո: Մինչդեռ այսօր ինքն իրեն ընկալելու, նույնանալու, ինքնասահմանվելու և օտարին դյուրամարս դառնալու խնդիր ունեցող Երևանի համար այս լոգոն իր մեջ ուղերձ է պարունակում: Երևանի զինանշանում առյուծի կրած թագի յուրօրինակ վերարտադրությունը մի կողմից օտար չէ երևանցուն, իսկ մյուս կողմից՝ մատչելի Երևանը չճանաչողի համար: Ye լոգոն նման ընկերական ու բարի միջոցառումների շնորհիվ կամաց-կամաց ներմուծվում է մեր առօրյայի մեջ՝ ևս մեկ գույն ավելացնելով երբեմնի վարդագույն, իսկ այսօր փոքր-ինչ գունատված քաղաքին: