06 Դեկտեմբեր 2013, 18:23
1872 |

Լրագրողների տեսած երկրաշարժը

«Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսը լավագույն կերպով բացահայտում է՝ ինչպես այդ աղետին արձագանքեցին հայ և արտասահմանյան լրատվամիջոցները:

25 տարի առաջ Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժը ցնցեց աշխարհը: Եթե այսօր ցանկացած աղետի մասին տեղեկանում ենք վայրկյաններ անց, ապա 1988-ին երկրաշարժի լուրը հայտնի դարձավ ժամեր, եթե ոչ օրեր անց: Խնկո Ապոր գրադարանում դեկտեմբերի 6-ին բացված «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսը լավագույն կերպով բացահայտում է՝ ինչպես այդ աղետին արձագանքեցին հայ և արտասահմանյան լրատվամիջոցները: Մեդիա ցուցահանդեսում ներկայացված տեսանյութերը, լրագրողների ու լուսանկարիչների հարցազրույցները հանգամանորեն ցույց են տալիս բոլոր այն ապրումները, որոնց միջով նրանք անցել են՝ կատարելով իրենց մասնագիտական պարտքը, հաղթահարելով կորուստներ կրածների ու զոհերի վրդովմունքն ու զայրույթը՝ օգնելու փոխարեն վավերագրելու եկածների նկատմամբ:

Շուրջ 70-80 պարբերականների հոդվածներ, գաղտնի և նախկինում չհրապարակված փաստաթղթեր ներկայացնում են երկրաշարժին նախորդող իրադարձությունները, արհավիրքի մասշտաբներն ու ցուցաբերված օգնությունը: Հատկապես ակնհայտ է երկրաշարժի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին, ԽՍՀՄ գլխավոր թերթի՝ «Պրավդա»-ի անտարբերությունն աղետի հանդեպ: Դա պայմանավորված է Հայաստանում ծավալված արցախյան շարժման հետ: Մյուս կողմից՝ հատուկ ուշադրությունը ամերիկյան The Washington Post հանրահայտ պարբերականի կողմից, որտեղ տպագրվեցին հոդվածներ ու հայ լուսանկարիչների եզակի լուսանկարներ: Դրանցից մեկը աշխարհով մեկ հայտնի դարձած, այսպես կոչված «Սպիտակի Մադոննան» է՝ Գյումրեցի Մարինե Նորոյանի լուսանկարն իր երեք երեխաների հետ՝ 37 ժամ փլատակների մեջ մնալուց հետո: Արմեն Մուրադխանյան, Մխիթար Խաչատրյան, Միքայել Քալանթար, Հակոբ Բերբերյան (Հակբեր), Ռուբեն Մանգասարյան, Վահան Քոչար՝ 1988-ի արհավիրքը անմահացրած և մեզ հասցրած լուսանկարիչների ամբողջական ցանկը չէ սա, բայց հենց նրանց ենք պարտական րոպեներ անց ֆիքսված իրարանցման ու շատ այլ, սուր զգացական լուսանկարների համար: Դրանցից մոտ 100-ը ներկայացված են ցուցահանդեսում,  ի դեպ, տպագրվելով արտասահմանյան մամուլում, դրանք զգալի ֆինանսական միջոցների ներհոսք ապահովեցին տուժածների համար:

Կադրեր, պատմություններ, որոնք անտարբեր չեն կարող թողնել և ոչ մեկին, որոնց միջոցով երկրաշարժի ժամանակակիցները կվերապրեն այդ ողբերգությունը՝ փորձելով վերագնահատել այն, իսկ նոր սերունդն ավելի մոտիկից կկարողանա ծանոթանալ իր երկրի վերջին 25 տարվա ամենադժվար էջերից մեկին: 

Ցուցահանդեսը կազմակերպել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Լրատուն մեդիա թանգարան» նախագծի շրջանակներում: Շրջիկ ցուցահանդեսն այս տարի բացվեց Գյումրիում, ապա ներկայացվեց Վանաձորում, Կապանում և Մարտունիում: Երևանում մեդիա ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև դեկտեմբերի 13-ը:

Այս թեմայով