04 Դեկտեմբեր 2013, 15:17
2752 |

Քարտեզանկարիչը

Ընդամենը 4 տարեկան էր, երբ նվեր ստացավ իր կյանքում որոշիչ դեր ունեցող մի նվեր՝ գլոբուս: Փոքր, գունավոր գունդն այնքան դուր եկավ Գրիշային, որ նա ժամերով ուսումնասիրում էր կապույտ ջրերը, կանաչ, դեղին, ու կարմիր տարածքները, երակի նման բարակ գետերը, հավերժական ձյունով ու երբեք ձյուն չտեսած երկրները:

Գրիգոր Բեգլարյանը քարտեզագիր է: Ավարտել է բանասիրականը, բայց հետագայում «պաշտոնապես» փոխել մասնագիտությունն ասպիրանտուրայում: Կամաց-կամաց սեփական նախաձեռնությամբ «բիզնես» է ստեղծել՝ համագործակցելով տպագրատների հետ: Դասագրքերի քարտեզներն ու ատլասները նույնպես Գրիշան է գծում:

Քարտեզներ գծելը ժամանակին դժվար էր, սակայն հիմա ամեն ինչ փոխվել է: Առաջ ամենն արվում էր ձեռքով, մանրակրկիտ ու ժամանակատար գործընթաց էր: «Անհրաժեշտ էին մաթեմատիկական գիտելիքներ համապատասխան ցանց գծելու համար, հիմա համակարգչային ծրագրեր կան, ամեն ինչ կոմպյուտերացված է: Հիմա գոյություն ունեն ռազմական քարտեզներ, ուրվագծեր, որոնցից ստանում ես քո ուզած քարտեզը: Կոպիտ ասած, կմախքի վրա հավաքում ես քո ուզած բովանդակությունը»:

Գծելու խնդիրը վերացել է, սակայն դեռ կան լուրջ խնդիրներ քարտեզի բովանդակային հատվածում: Գրիշան գտնում է, որ համատարած անգրագիտությունից այս ասպարեզն էլ զերծ չի մնացել:

Հայաստանից դուրս քարտեզագիրը չի կարողանում աշխատել: Պատճառը մեկն է. ի հակառակ ամբողջ աշխարհի՝ նա Արցախը գծում է ներկայիս՝ փաստացի «չճանաչված» սահմաններով: «Պետք է աշխարհը հասկանա, որ այդ 12 000 քկմ-ը Հայաստանի անբաժան մասն է: Այստեղից գոնե ձայնս կարող եմ տեղ հասցնել: Զանազան հաշվարկները փաստում են, որ մենք այժմ կազմում ենք պատմական Հայաստանի 1/10-րդ մասը: Արևմտյան, հյուսիսային, արևելյան տարածքները կորցրել ենք…այդ ամենը պետք է վերադարձվի, պետք է պահպանվեն այդ տարածքի թե՛ բնակավայրերի, թե՛ գետերի ու սարերի հայկական անունները»- կորցրած տարածքները քարտեզի վրա շոյելով՝ հոգոց է հանում Գրիշան:

Գրիշան աշխատում է ոչ միայն Հայաստանի քարտեզները հայերեն գծել, այլև աշխարհի: Նույնիսկ առանձին երկրների քարտեզներ է հայերենով գրում: Նա փորձում է տարածել, լցնել աշխարհը հայատառ քարտեզներով: Շուտով Լեհաստանի դեսպանատան հետ համագործակցելով գրելու է նրանց հայատառ քարտեզը: Ուզում է բոլոր երկրներիհամար հայերեն քարտեզներ գրել: «Պետրոս մեծը Ռուսաստանի համար քարտեզ հրատարակելիս ընտրել էր լավագույն քարտեզներից մեկը որպես հիմք, և դա հենց հայկական քարտեզն էր: Դրա ապացույցն է «մղոն» բառի չթարգմանած լինելը: Պետրոսի քարտեզի վրա ռուսերեն գրված է «մգոն», -ապացուցում է նա:

 20-րդ դարի քարտեզագիրներ Սուրեն Երեմյանը, Թաթիկ Հակոբյանը, Բաբկեն Հարությունյանը արժեքավոր և ֆունդամենտալ աշխատություններ են արել թե՛ Հայասատանի ատլասներ, և թե՛ աշխարհի քարտեզներ գծելու գործում: Կա և՜ պահանջարկ, և՜ կարիք հայերեն քարտեզներ ունենելու: Սովետական միության ժամանակ ռուսերեն էին բերում Մոսկվայից, հիմա դրանք հին են, աշխարհը փոխվել է:

Գրիշան քարտեզագրությունը արվեստ է համարում, նա համոզված է՝ քարտեզագիրներն էլ իրենց ոճն ունեն՝ ուրույն ձեռագիրը: Վարպետներն անմիջապես հասկանում են՝ ում գործն է իրենց առջև դրված՝ սկսած շրիֆտի ընտրությունից, վերջացրած բովանդակային տարրերի տարբերակումից: Օրինակ, Գրիշան միշտ հայատառ է գրում: Առաջ ավելի հեշտ էր ձեռագիրը ճանաչել, որովհետև քարտեզները ձեռագիր էին և ընդամենը 5-6 օրինակ, իսկ հիմա 1000-ավոր օրինակներ են տպվում, բայց ձեռագիր այսպես, թե այնպես՝ կա: Գրիշան կողմնակից է այն դիրքորոշմանը, որ հայկական լեռնաշխարհում հայ ժողովուրդը բնիկ է, ընդոծին: Ոչ մի տեղանուն, որը խորթ է հնչում հայի ականջին, սկզբնական չի կարելի համարել: Հին հայկական տեղանունների բացահայտմաննն ու վերականգնմանն է ուղղված Գրիշայի աշխատանքի հիմնական մասը: «Սկզբում դա պետք է մտնի մեր ենթագիտակցության, մեր մտածողության մեջ» –մատները ճակատին մոտեցնելով ոգևորված բացատրում է նա,- «հետո ամբողջ աշխարհի գիտակցության մեջ կմտցնենք»: Գրիշան համոզված է, որ ոչ միայն Արարատով պետք է ճանաչեն Հայաստանը, կան հազարավոր արժեքներ, բնակավայրեր, լեռներ, հուշարձաններ, որոնց մասին պետք է իմանան:

Չի եղել մի բնակավայր, որտեղ նա գնա և մտքի մեջ քարտեզ չգծի: Նրա նույնիսկ երազներն են քարտեզագրության մասին, իսկ գլխավոր հերոսները տեղանուններն են, որոնց հետ նա կռիվ է տալիս, համոզում, որ իրենք ճիշտ են հայերեն հնչողությամբ: Երևի մասնագիտական հիվանդություն է: Նրա գլխավոր երազանքը ամբողջ երկրագունդը հայերեն քարտեզագրելն է: «Հայերը շատ-շատ են բոլոր երկրներում, հաստատ հետաքրքիր կլինի քարտեզի մեջ գրել նաև այն բոլոր տեղանունները, որոնք հայերն են հիմնել կամ որևէ կերպ կապված են Հայաստանի հետ»:

Նրա կյանքի ամենահետաքրքիր քարտեզի պատմությունը դեռ գրված չէ. «2015-ին ընդառաջ գծում եմ Մեծ Հայքի, իսկ հետագայում՝ ամբողջ պատմական Հայաստանի քարտեզը: Մասշտաբը լինելու է 3 կմ-ն՝ մեկ սմ-ում, այսինքն՝ յուրաքանչյուր գյուղ, յուրաքանչյուր փոքր գետակ, բլրակ, հուշարձան պետք է գրվի այդ քարտեզի վրա»: Ֆիզիկապես դա լինելու է շատ մեծ քարտեզ՝ մոտ 3մ երկայնքով և 5 մետր լայնքով: Հաջորդ քայլը Մեծ Հայքից ավելի մեծ տարածք ընդգրկելն է, չէ որ պատմական Հայաստանը միայն Մեծ Հայքով չի սահմանափակվում: Փոքր Հայք, Կապադովկիա, Կիլիկիա, Հյուսիսային Միջագետք, Աղվանք՝ սրանք բոլորն էլ եղել են կամ Հայաստանի մի մասը, կամ Հայաստանից կախյալ երկրներ, կամ էլ եղել են Հայաստանի մշակութային ազդեցության ներքո գտնվող: Քարտեզագիրը համոզված է. «Ցայսօր էլ Իրաքի, Դաղստանի, Արևմտյան Հայաստանի, Սիրիայի տարածքում հանդիպում ենք տեղանունների, որոնք հայկական արմատներ ունեն: Այդ բնակավայրերի ժողովուրդներն օգտագործում են հայկական բառերով տեղանունները, բայց չգիտեն էլ թե որտեղ են դրանց արմատները»:

Բացի այդ, կան աշխարհագրական առեղծվածներ որոնք պետք է բացահայտել: Օրինակ՝ որտեղ է կոնկրետ գտնվել Ավարայրի դաշտը, կամ Փայտակարան քաղաքը, կարևոր նշանակության շատ վանքեր և այլն: Այդ ամենը, ինչպես ասում են աշխարհագրագետները, պետք է տեղայնացնել, լոկալացնել:

Ի դեպ, կոնկրետ Ավարայրի դեպքում գաղտնիքը բացահայտված է: Մինչև այսօր պատմաբաններն ու աշխարհագրագետները վիճում էին Ավարայրի կոնկրետ գտնվելու վայրի մասին: Գրիշան այսօր վստահությամբ ասում է. «Իմ քարտեզներում հիմա այն գտնվում է իր տեղում»: Ավարայրը գտնվում է Պարսկաստանի սբ Թադևոս կամ Թադեի վանքի հարավ-արևելյան մասում, մոտ մի 10-12 կմ հեռավորության վրա: Հիմա տեղաբնակ թյուրքերի լեզվով կոչվում է Օվաջխ, որը թարգմանաբար նշանակում է հենց «փոքր դաշտ»: Ի դեպ, այնտեղ մի բնակավայր կա, որը կոչվում է Աբարա Բաշի, այսինքն՝ վերին Ավարայր: Իսկ հենց Աբարա բառը կամ «ապարանք» բառից է, կամ հենց «Ավարայր» բառի տառադարձումը:

«Հայի ինքնագիտակցությանը միշտ էլ տեղն է եղել, բայց այսօր ես շատ դժգոհ եմ տեղանվանային գիտակցության մակարդակից: Իհարկե, այս երևույթն իր օբյեկտիվ պատճառներն ունի: 6 դարից ավելի է՝ Հայաստանի հիմնական մասը օկուպացված է Թուրքիայի կողմից, 600-ամյա այդ բլոկադան, բնականաբար, ազդել է լեզվի և մտածողության վրա: Բացի այդ, պարսկական ու ռուսական՝ բոլշևիկյան աղավաղումները իրենց սև գործն արեցին: Հիմա արդեն մենք չենք ճանաչում մեր երկիրը: Բայց շարունակում ենք սիրել այն: Մեր ինքնագիտակցության մեջ պետք է Կարին լինի, ոչ թե Էրզրում, պետք է լինի Կումայրի, ոչ թե Լենինական կամ Գյումրի, չէ որ «Գյումրի» արաբերեն նշանակում է «մաքսատուն»: Պետք է վերացնել այդ սխալները, հասկանալ, որ Մալաթիան միայն Երևանի շուկաներից մեկը չէ, այլ մեծ ու հզոր քաղաք: Ի դեպ, այնտեղ է ծնվել Հրանտ Դինքը»:

Գրիշան այժմ աշխատում է 2-3 քարտեզագրական հրատարակչությունների հետ: Առաջիկայում պատրաստվում է փնտրել Դրասխանակերտը:

Այս թեմայով