Տարվա մեջ մեկ օր` դեկտեմբերի 3-ին, մեր կարևոր գործերի արանքում հանկարծ հիշում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին. դեկտեմբերի 3-ը միջազգային օր է` նվիրված նրանց։
Հաշմանդամ բառը` որպես նորամուծություն, մեր բառապաշար մտավ անկախության առաջին տարիներից։ Երկրաշարժն ու արցախյան ազատամարտը խլեցին ոչ միայն հազարավոր կյանքեր, այլև անդամալույծ դարձրին շատերին։ Այդ տարիներին էլ հենց ստեղծվեց հաշմանդամություն ունեցող մարդկանց «Փյունիկ» միությունը, որի նպատակը ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարդկանց հոգեբանական վերականգնումն էրլ։ Հետո ծրագրերն ավելի ծավալվեցին ու բազմաբովանդակ դարձան։ «Փյունիկի» արվեստի ու սպորտի խմբակներ են հաճախում տասնյակ երեխաներ ու երիտասարդներ։
Հայկ (28 տարեկան)- Մարդիկ նայում են դիմացինի աչքերին, ուսումնասիրում նրա արտաքինը. ես ուշադրությունս սևեռում եմ նրա շուրթերին։ Ինձ համար ամենակարևորը մարդու շուրթերն են։ Ձայն` առավել ևս մարդու շուրթերից հնչող, չեմ լսում։ Իմ աշխարհում միայն միմիկաներ, շարժումներ ու տրամադրություններ կան, որ դրոշմված են մարդկանց աչքերում։ Լսողական սարքը քիչ թե շատ հասանելի է դարձնում հնչյունները, բայց դրանք էլ են խուլ, անլիարժեք։
Իմ աշխարհում գույներ կան։ Նկարիչ եմ։ Ավարտել եմ Երևանի Գեղարվեստի ակադեմիան։ Շնորհակալ եմ ծնողներիս. մայրս ամեն ինչ արել է, որ ես լիարժեք կյանքով ապրեմ, առաջ գնամ, ստեղծագործեմ։ Երազանքիս մասին ամաչում եմ խոսել, բայց որ շատ եք համառում, կասեմ. ուզում եմ անունս թնդա աշխարհով մեկ` որպես հայտնի նկարիչ։ Ինչու եմ ամաչում իմ երազանքից, ինքս էլ չգիտեմ։
Գոհար (28 տարեկան)- Չեմ էլ հասկանում` օրս ինչպես է անցնում։ Որտեղ մի հետաքրքիր միջոցառում կա, ես այնտեղ եմ։ Վերջերս էլ ֆոտոսեսիայի մասնակցեցի։ Պետք է ստուդիայում անցկացվեր, բայց թեքահարթակ չունեին։ Ինձ չկորցրի. «Ի՞նչ վատ է որ, հենց փողոցում` թամանյանական շենքի ֆոնին էլ լուսանկարեք։ Հայկական տարազները հագա ու նկարվեցի»։ Եղեգնաձորում եմ ծնվել. Հաշմանդամություն ձեռք բերելուց հետո ընտանիքով տեղափոխվեցինք Երևան։ Տարօրինակ բան եմ ասելու. չզարմանաք։ Եթե ինձ հաշմանդամ դարձրած մինինգիտը չլիներ, մենք Երևան տեղափոխվողը չէինք։ Հիմա Եղեգնաձորում ամուսնացել ու մի քանի երեխայի մայր էի դարձել. ընդամենը այդքան։
Էդպիսի տեղ չկա, որ ես ուզեմ գնալ ու չգնամ. թեկուզ թեքահարթակ չլինի։ Անգամ մարզահամերգային համալիրի աստիճաններն եմ անվասայլակով բարձրացել մորաքրոջս տղայի օգնությամբ։ «Մոսկվա» կինոթատրոնում նոր ֆիլմ էլ եմ նայելու. ի՞նչ են էդ մի քանի աստիճանները, որ չբարձրանամ։ Լավ, ես գնամ, պարիս դասը սկսվեց. վալս եմ պարելու, կնայեք։
Գևորգ (23 տարեկան)- Մասնագիտությամբ մենեջեր եմ։ Ռեստորանում խոհարար եմ աշխատել, որոշ ժամանակ` մատուցող։ Ու ոչ ոք չի իմացել, որ աջ ոտքս անդամահատված է։ Ինչո՞ւ իմանային. նախ գուցեև աշխատանքս կորցնեի, բացի այդ էլ` կխղճային։ Իմ շրջապատում շատերը նույնիսկ չգիտեն էլ, որ հաշմանդամություն ունեմ։ Միայն «Փյունիկում» գիտեն։ Անգամ քրոջս ամուսինը չգիտե. ես եմ ասել քրոջս, որ չասի։ Ինձ այնպես եմ պահում, որ եթե խաբար չտան, ոչ ոք չի էլ կասկածի։ Պարում եմ պրոֆեսիոնալների հետ` նույն խմբում ու պարային նույն համարում։ Շուտով համերգս է. հանդիսատեսն ինչի՞ց պիտի գլխի ընկնի, որ աջ ոտքս` ծնկից ներքև, պրոթեզ է. ոչ մի բանից։
Նարինե (28 տարեկան)- Շրշյուն, դռռոց, շխկոց. ինձ համար ամենակարևորը ձայնն է։ Ինձ ծանոթ տարածքներն այնպես եմ անցնում, որ միայն շատ ուշադիր լինելու դեպքում գլխի կընկնեն, որ կույր եմ։ Մուգ ակնոցը քողարկում է աչքերս։ Բայց երբ հորդ անձրև կամ խոշոր փաթիլներով ձյուն է գալիս, արևային ակնոցս հեչ չի նայվում։ Երբ ինձ են մոտենում նվնվան, խղճահարված ձայնով մարդիկ ու առաջարկում օգնել, որ անցնեմ փողոցը, անմիջապես մերժում եմ։ Փոխանակ ես նվնվամ, իրենք են նվնվում։ Զզզվում եմ, երբ խղճում են ինձ։ Լողի ու նկարչության եմ գնում, թատրոն ու համերգ բաց չեմ թողնում, էս հալիս ամբողջ Ռուսաստանը ոտքի տակ եմ տվել, մեն-մենակ ինքնաթիռ նստել։ Դե դուք հա էդպես նվնվացեք։
Բայց մի դեպք եղավ. անծանոթ մայթ էր, դանդաղ էի անցնում։ Մի պահ կանգնեցի, որ կողմնորոշվեմ, մեկը սառը մետաղադրամը խոթեց բուռս, թե` վերցրեք։ Անմիջապես ձեռքը բռնեցի. «Ես փող չեմ մուրում, այլ կողմնորոշվում եմ, թե ուր գնալ, հասկացա՞ք»,- ասացի։ Տղամարդը թե`կներեք, սխալ հասկացա Ձեզ։ Էդպես ծանոթացանք ու մինչև հիմա էլ շփվում ենք։
Նրանց ներկայությամբ շատերը միգուցե իրենց անլիարժեք ու սահմանափակ զգան։ Նրանց մեջ բույն դրած կյանքը ծալել, մի կողմ է շպրտել «դժվարություն» կոչված խեղկատակին։ Նրանք գոհանում են կյանքի ամեն վայրկյանով, հումորով վերաբերվում սեփական անհաջողություններին, օրինակ, երբ անվասայլակից վայր են ընկնում կամ կուրության պատճառով մատը կտրում, երբ շուրթերի շարժումը սխալ են հասկանում ու «Քանի՞ տարեկան ես» հարցին պատասխանում` շատ լավ եմ։ Կարևորն աննկուն կամքն է, կյանքը սիրելն ու ապրելու անհագուրդ ցանկությունը, որը նրանց ձեռքից ոչինչ երբեք չի խլի: