Չարենցի տուն-թանգարանը համալրվեց նոր հավաքածուով։ Պոետի «Երկիր Նաիրի» վեպի գլխավոր հերոս՝ Կարսի նահանգապետ Մազութի Համոյի ծոռնուհիները թանգարանին նվիրեցին իրենց պապից մնացած մասունքները։ Դրանք բերվել են Կարսից ու Մազութի Համոյի ընտանիքում 76 տարի պահվելուց հետո 2013-ի նոյեմբերի 27-ին՝ Չարենցի մահվան տարելիցի օրը, հանձնվեցին թանգարանին։
Եղիշե Չարենցի տանն արժեքավոր շատ իրեր կան։ Նրանց մեջ առանձնանում է մի հնամաշ դուռ, այն հիվանդասենյակի դուռը, որի հետևում 1937-ի նոյեմբերի 27-ին վախճանվել է մեծ պոետը։ Խորին ակնածանք տածելով Չարենցի նկատմամբ՝ հիվանդասենյակի հսկիչ-պահակը որպես հիշատակ դուռը տարել է իր տուն, տասնամյակների ընթացքում այն այսուայնտեղ պահ տվել ու վերջապես Չարենցի մահից 70 տարի անց հանձնել թանգարանին։
Եղիշե Չարենցի կյանքի վերջին օրերի միակ վկան այդ դուռն է։ Ո՞ւր են տարել պոետի անշունչ մարմինն այդ դռնից հանելուց հետո. ոչ ոք չգիտե։ Ավելի ճիշտ՝ կան որոշ պատմություններ, սակայն դրանց հավաստիությունն ապացուցված չէ, ինչպես ապացուցված չէ, թե որտեղ են հուղարկավորել Չարենցին։ 20-րդ դարի հայ մեծագույն պոետն անշիրիմ է։
Չարենցն աներևույթ ու ակնհայտ թշնամիներ շատ է ունեցել, վստահել է միայն նկարչուհի Ռեգինա Ղազարյանին, որի կուռքն է եղել պոետը։ Նրան ենք պարտական Չարենցի զավակների խնամատարության ու նրա ձեռագրերի պահպանման համար։
Չարենցի թանգարանի սենյակներից մեկում կա մի անշուք պահարան։ Պոետի կինը՝ Իզաբելլան, դրա մեջ կահ-կարասի է պահել։ Երբ Չարենցին ձերբակալել են, Իզաբելլան ու Ռեգիան Ղազարյանը նրա ձեռագրերը հապճեպ խցկել են պահարանի հատակի 2 տախտակների արանքը։ 1937-ի աշնանը ձերբակալվել է նաև Իզաբելլան։ Դստրերը՝ Արփենիկն ու Անահիտը, մնացել են Ռեգինայի խնամակալության տակ։ Երիտասարդ աղջիկը Չարենցի բնակարանը խուզարկող ու տակնուվրա անողներից խնդրել է միայն այդ գորշ պահարանը։ Խոր շունչ է քաշել, երբ ներքին գործերի բարձրաստիճան պատասխանատուն չի մերժել խնդրանքը։ Չարենցի ձեռագրերը փրկված էին։ Դրանք Ռեգինան թաղել է հողի տակ։
Չարենցի մահից հետո նրա ձեռագրերի ոդիսականը շարունակվել է, սկզբում՝ թաքուն, հետո՝ բացահայտ։ Ռեգինան պատմում է. «Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Աստծուն միայն մի բան էի խնդրում, որ ողջ-առողջ վերադառնամ ռազմի դաշտից։ Կյանքիս համար չէի ափսոսում, այլ Չարենցի ձեռագրերի։ Եթե ինձ մի բան պատահեր, նրա անտիպ գործերն այդպես էլ կմնային հողի տակ թաղված։ Չէ՞ որ ինձնից բացի, ուրիշ ոչ ոք չգիտեր դրանց տեղը»։
Ու միայն անձի պաշտամունքի կործանումից՝ Ստալինի մահից հետո, երբ բարձրաստիճան պաշտոնյաները համարձակվեցին արտասանել Չարենցի անունը, Ռեգինա Ղազարյանը հողի տակից հանեց Չարենցի խունացած, քայքայված ձեռագրերն, ու գաղտնիքը բացահատվեց։ Նա փրկված մասունքները ցույց տվեց Պարույր Սևակին, որն էլ վերծանեց քիչ թե շատ ընթեռնելի պատառիկները։
Պոետից մեզ հասած ձեռագիր մասունքները նույնպես թանգարանում են, Ռեգինա Ղազարյանը դրանք հանձնեց 1969-ին։