25 Նոյեմբեր 2013, 15:38
4432 |

Մոնթեապատում

«Արցախն իմ առաջին պայքարը չէ, և վստահ եմ, վերջինը չի ըլլա». Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային հերոս Մոնթե Մելքոնյան։

Փայլուն գիտնականը, որը 7 լեզու գիտեր, ֆիզիկոս, մաթեմատիկոս, ուրարտագետ Մոնթե Մելքոնյանը հեղինակավոր համալսարանների խոստացած մեծ ապագայի վրա խաչ քաշեց ու վերցրեց արցախյան պայքարի խաչը։ Ազատամարտի առաջին իսկ օրերին Մոնթեն արդեն առաջամարտիկների շարքերում էր, իսկ ժամեր անց՝ զենքը ձեռքին՝ Արցախի մատույցներում։

Նրան Ավո էին ասում։ Նրա ընկերներն ամաչում են խոսել իրենց մասին, որովհետև բախտ են ունեցել ճանաչելու մի մարդու, որն իր անձը երբեք չի կարևորել։ «Նա հիմա էլ ամաչում է, hիմա՝ իր մահից 20 տարի անց։ Ամաչում է, որ տարին երկու անգամ՝ ծննդյան ու մահվան օրերին՝ նոյեմբերի 25-ին ու հունիսի 12-ին, այցելում ենք իր գերեզմանին»,- հաստատում են ընկերները։

Մոնթեն մի հատիկ պայուսակով է եղել ամբողջ կյանքում, ինչ տեղավորվել է դրա մեջ, այդքանն էլ բավական է եղել։ Նյութական արժեքները նրա կյանքում ոչ թե տասներորդական, այլ ընդհանրապես տեղ չեն ունեցել։ Ավոն մագնիսի պես դեպի իրեն էր ձգում բոլորին։ Ընդամենը երկու նախադասություն, և նրան լսողը պատրաստ էր նույն րոպեին թողնել ամեն ինչ ու զինվորագրվել արցախյան պայքարին։ Մոնթեն ֆիզիկամաթեմատիկական գիտելիքների շնորհիվ ռազմի դաշտում մարտերը վարել է անվրեպ, նվազագույն կորուստներով։ Կարգապահությունը նրա սկբունքներից էր։ Ամեն օր նրա գլխավորությամբ կազմակերպվել են հրամանատարական կազմի ժողովներ։ Ավոյի պայմանն էր՝ ով ուշանա ժողովից,աշխատավարձից տուգանք է վճարելու։

1992-Ին, երբ Մարտունու շրջանը ռմբակոծվում էր, խաղաղ բնակիչներին, հատկապես երեխաներին տարհանել ու տեղավորել են համեմատաբար անվտանգ Գիշի գյուղում։ Մանուկների համար Նոր տարվա տոնահանդես է կազմակերպվել։ Վերջում նախատեսված էր նաև Ձմեռ պապիկի հանդիսավոր մուտքը դահլիճ։ Եվ այն հարցին, թե. «Ո՞վ եք ուզում , որ գա ձեզ հյուր, երեխաներ», մանուկները միաբերան բղավել են. «Մոնթե՜ն, Ավո՜ն»։

Քաղաքացիական հասարակության զինվորների շրջանում Մոնթեի նկատմամբ սերը պաշտամունքի է հասել։ Որքան էլ կատաղի ու ինքնամոռաց հակամարտությունների ժամանակ, նույնքան գթասիրտ է եղել թշնամու խաղաղ բնակչության նկատմամբ։ Արգելել է զենք բարձրացնել անզենի վրա։

Զինվորական հոսպիտալի բժիշկը պատմում է՝ Մոնթեի զինվորները գերի էին վերցրել մի վիրավոր թշնամու։ Արնաքամ զինվորին տարան հոսպիտալ։ Տեսնելով, որ վիրավորի վիճակը ծանրանում է՝ Մոնթեն դիմեց իր տղաներին. «Արյուն է անհրաժեշտ նրան, արյուն տվեք»։ Ոչ ոք չէր համաձայնում ադրբեջացուն արյուն տալ։ Մոնթեն տվեց՝ հայի արյունը խառնելով թշնամու արյանը։

1992-ին՝ Շուշիի ազատագրումից հետո, երբ հայկական կողմը գլխապտույտ հաջողությունից կորցրել էր զգոնությունը, թշնամին մեծ առաջընթաց արձանագրեց։ Վտանգված էին նաև ազատագրված տարածքները, անգամ Շուշին։ Կորցրինք Շահումյանը, Մարտակերտի մեծ մասը։ Հուսալքություն էր տիրել ոչ միայն պատերազմի դաշտում, այլև թիկունքում։ Իսկ Մոնթեն, ավելի մարտական տրամադրությամբ, ավելի ոգեղենացած ու հավատով լցված, գծում էր ազատագրված Արցախի քարտեզը՝ հետ բերված տարածքներով։ Դա այն նույն քարտեզն է, որն ունենք հիմա՝ սրբագրված Մոնթեի ու մոնթեների արյամբ։

Այս թեմայով