Փերֆորմանսի արտիստ Միշա Բադասյանը կնոջ մարմնի և լուսնի կապի առանձնահատկություններին, ինչպես նաև լուսինը միայն կնոջ հետ ասոցացնելուն է նվիրել իր փերֆորմանսների Moon («Լուսին») շարքը:
Wormhole արտ-ակումբում կայացած «Արգելված պտուղ» խորագիրը կրող փերֆորմանսը համապատասխանում է լուսնային ցիկլի Պառավ ջադուի փուլին: Դա այն կարճ ժամանակահատվածն է, երբ լուսնի մահիկը հակառակ կողմ է շրջվում: Դա կնոջ ցիկլի վերջն ու հաջորդի սկիզբն է, որի ընթացքում կինն ազատվում է անցյալից, հագենում նոր սերմերով և պատրաստ է նոր կյանք արարել: Այս փոխակերպումը Միշա Բադասյանը փորձում է ներկայացնել իր փերֆորմանսի միջոցով՝ օգտագործելով իր մարմինը, տարածությունը, ժամանակն ու հանդիսատեսին:
Արևածաղկի ճռթոցը յուրօրինակ երաժշտության էր վերածվել, որով մասնակիցները հաղորդակցվում էին միմյանց և փերֆորմանսյեի հետ, կամայականորեն տեղաշարժվում սրահում, կանգնում, նստում և անգամ պառկում, ինչը նախատեսված չէր, բայց միանգամայն ենթադրելի միջոցառման ձևաչափի մեջ:
Արևածաղիկը՝ որպես ուտելիք ընտրելը ևս պատահական չէր: Բանն այն է, որ կանայք ցիկլի աշխատանքը բարելավելու, հոգևոր և ֆիզիկական ներդաշնակության հասնելու համար յուրաքանչյուր փուլում կարող են որոշակի սերմեր ընդունել՝ դդմի սերմեր, քունջութ, կտավատի սերմեր, իսկ վերջին փուլում՝ արևածաղկի: Եվ փերֆորմանսն անող ու դրան մասնակցող տղամարդկանց համար այն ինչ-որ առումով «արգելված պտուղ» է դառնում:
Երբ մուգ կարմիր գորգն ամբողջովին «նախշազարդվեց» արևածաղկի կեղևներով, Միշան, որը սկզբում սև հագուստով էր, հակառակ դեղին կողմով հագավ շորերը՝ խորհրդանշելով այն կյանքը, որին, իր համոզմամբ, սկիզբ տվեց: