Երկրի տնտեսության կարևոր շարժիչը փոքր ու միջին ձեռնարկատերերն են: Հենց ՓՄՁ-ի միջոցով են իրագործվում յուրօրինակ ու երազանք թվացող գաղափարները: Բայց սկսնակ ձեռնակատերերի մեծ երազանքներն իրական են դառնում միայն տքնաջան աշխատանքի շնորհիվ:
Ոչ միշտ է փայլուն գաղափարներով լի մարդկանց հաջողվում ձեռնարկատեր դառնալ կամ հաջողությունների հասնել: Բիզնեսի աշխարհը, ինչպես հայտնի է, հսկայական օվկիանոս է, որտեղ վխտում են «շնաձկները»: Տնտեսական դաշտում անհետ չկորչելու ու հետաքրքիր գաղափարները կյանքի կոչելու համար աշխարհով մեկ հիմնադրվ սկսնակ ձեռնարկատերերի կամ StartUp-ների աջակցման՝ World StartUp Cup առաջնությունը, որը 2014-ի մարտին կկայանա նաև Երևանում: Նախքան միջազգային առաջնությունը նոյեմբերի 18-ին «Այբ» ավագ դպրոցում տեղի ունեցավ տեղական առաջնության եզրափակիչը:
Բիզնես մոդելների համաշխարհային ցանցի մասը կազմող մրցույթը Հայաստանում անցկացվեց արդեն երկրորդ անգամ: Այն տրամադրում է երկարաժամկետ աջակցություն զարգացման սկբնական փուլում գտնվող ձեռներեցներին:
Այս տարի մրցույթին դիմել էին 48 սկսնակ թիմեր ու կազմակերպություններ, որոնք հուլիս-նոյեմբեր ամիսների ընթացքում փորձառու ձեռներեցների ու մասնագետ-մարզիչների օգնությամբ սովորեցին մշակել բիզնես մոդելներ, կառավարել ֆինանսներն ու իրականացնել վաճառք: Քառամսյա մրցույթի արդյունքում 48 թիմերից եզրափակիչ անցան 7-ը, որոնցից յուրաքանչյուրը ստացավ հավաստագիր, իսկ հաղթողները ստացան դրամական պարգևներ ու այլ մրցանակներ:
Մասնակցության հայտ էին ներկայացրել ինչպես երևանյան, այնպես էլ մարզերից ժամանած թիմեր, որոնցից Talin Dolls թիմն անցավ եզրափակիչ: Նրանք ներկայացել էին Թալինում տիկնիկագործությունը խթանող նախագծով, որը ոչ միայն աշխատանքով կապահովի թալինցի կանանց, այլև կխթանի հայկական տարազի ու տիկնիկագործության ճանաչումը:
Երրորդ մրցանակին արժանացավ Green Bike Delivery թիմը, որոնց գաղափարն էր հեծանվային սուրհանդակ ծառայությունը, որն իրականացնում է առաքման ծառայություններն էկոլոգիապես մաքուր տրանսպորտով:
Երկրորդ մրցանակին արժանացած Brainy Beans թիմի անդամներն առաջարկում են ստեղծել անգլերենի ցերեկային դպրոց, ու համոզված են, որ ստեղծելով այլընտրանքային կրթական միջավայր, երկրի համար կարևորագույն կրթական ներդրում են կատարում:
Իսկ առաջին մրցանակին արժանացած նախագիծն իր ճկուն կառուցվածքի շնորհիվ միգուցե շուտով գրավի միջազգային շուկան: Betchili թիմը ներկայացրել էր օնլայն խաղային համակարգի նախագիծ, որը հնարավորություն է տալիս խաղադրույքներ կատարել զանազան սպորտային միջոցառումների վրա՝ առանց գումար ներդնելու: Բազմաթիվ երկրներում բուքմեյքերական օնլայն խաղադրույքներն ապօրինի են, արգելված օրենքով: Betchili պլատֆորմը հնարավորություն է ընձեռում այդ երկրների«խաղամոլներին» խաղադրուքներ կատարել առանց որևէ գումար ներդնելու՝ ուղղակի հաճույքի համար:
World StartUp Cup-ի եզրափակչի Գրան Պրին հասավ Forkize թիմին՝ տվյալների բազայի վերլուծական գործիքի նախագծի համար:
Բոլոր մրցանակակիր թիմերը մրցույթի հովանավորների ու հայաստանյան գործարար միջավայրում արդեն կայացած կազմակերպությունների կողմից ստացան նվերներ ու համագործակցության ու խորհրդատվության հնարավորություն:
Նախորդ տարվա առաջնության արդյունքում առաջացած 20 աշխատատեղերն ու հաջողակ բիզնես նախագծերը թույլ են տալիս ակնկալել, որ այս տարվա հաղթողներն էլ ավելի հետաքրքիր կդարձնեն հայկական բիզնես-միջավայրը միջազգային ներդրողների ու գործընկերների համար: